«Մտերմագույն դաշնակցի» և հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը

- in Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա եւ հանդիպելու է Վլադիմիր Պուտինին: Այցը ազդարարել էր Պուտինը մի քանի օր առաջ տեղի ունեցած իր մեծ ասուլիսի ժամանակ:

Նա ասել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որեւէ փլուզում եւ պետք է զարգացնել նախորդ սերնդի ղեկավարների ժամանակ կառուցածը, հաշվի առնելով նաեւ համաշխարհային ու ռեգիոնալ նոր իրողությունները, եւ այդ մասին խոսելու է Հայաստանի վարչապետի հետ:

Պուտինը նշել էր նաեւ, որ Հայաստանն աշխարհում ու ռեգիոնում Ռուսաստանի մտերմագույն դաշնակիցն ու բարեկամն է: Դժվար է ասել՝ ինչ է դրա տակ հասկանում Պուտինը, քանի որ Ռուսաստանը սովորաբար յուրահատուկ պատկերացումներ ունի դաշնակիցների մասին: Օրինակ, Ռուսաստանում չի դադարում հակահայկական քարոզչությունը, այդ թվում պետական հեռուստաալիքներով: Մյուս կողմից, մտերմագույն դաշնակիցների հետ գազի գնի կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով բազարներ չեն անում, այլ քննարկում են ավելի կարեւոր խնդիրներ:

Հայաստանը ներկայում փորձում է գործընկերության դաշտ բերել Ռուսաստանին, փոխելով հարաբերությունների որակն ու բնույթը, ինչը անորոշության մեջ է դրել Ռուսաստանի իշխանությանը: Պուտինի խոսքում դա լավ երեւում է՝ մի կողմից նա խոսում է նախորդ իշխանությունների ժամանակ կառուցածը պահպանելու ու զարգացնելու մասին, որը ոչ այլ ինչ էր, քան միակողմանի վասալային հարաբերություն՝ Հայաստանի հիմնական ակտիվները Ռուսաստանին հանձնելու միջոցով, մյուս կողմից Պուտինը խոսում է համաշխարհային ու ռեգիոնալ նոր իրողությունները հաշվի առնելու մասին:

Իսկ այդ իրողությունները լուրջ են եւ առնչվում են Ռուսաստանի ու Հայաստանի կենսական շահերին: Ընդ որում, մի շարք ուղղություններով արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանի համար համենայնդեպս դժվար կլինի առանց Հայաստանի: Ըստ այդմ, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների խոսակցության թեման պետք է լինի ոչ թե գազի գինը բարձրացնելու կամ չբարձրացնելու հարցը, այլ Հայաստանին ուղիղ ռազմական ու ֆինանսական օգնությունը:

Այստեղ կա մի հիմնարար խնդիր, որն անհնար է շրջանցել «համաշխարհային ու ռեգիոնալ նոր իրողությունների» համատեքստում՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարցը: Պատրաստվո՞ւմ է Ռուսաստանը վերանայել այդ պայմանագիրը եւ դրա հետեւանքները, որը հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների հիմքն է: Ի վերջո, Հայաստանում, թեեւ պաշտոնական մակարդակում լռությանը, չեն մոռացել ոչ միայն այդ պայմանագրի աղետալի հետեւանքների, այլեւ 1920-1923 թթ. արդեն խորհրդայնացված Հայաստանում ռուսական իշխանությունների ու բանակի վայրագությունների մասին, թուրքական կազմավորումների հետ համատեղ:

Այստեղ է «մտերմագույն դաշնակցի» եւ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը: