Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը լռություն են պահպանում

- in Վերլուծական

Եվ չեն մեկնաբանում Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի սկանդալային հայտարարությունները: Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները փորձում են թրոլինգի ենթարկել Հայաստանի վարչապետին՝ սադրելով կտրուկ հայտարարությունների ՀԱՊԿ եւ Ռուսաստանի դեմ:

Պուտինն ու Փաշինյանը լռում են՝ չնայած Լուկաշենկոն գործի է դրել իր ողջ պերճախոսությունը: Լուկաշենկոն հաճախ է քաղաքականության մասին խոսել որպես ուրիշներին «կռացնելու» գործընթաց, այնպես որ նրա մոտ ամեն ինչ գոտկատեղից ներքեւ է: Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած արտահայտությունները նույնպես իջեցնում է 5-րդ կետից ներքեւ:

Թրոլինգը, սակայն, չի աշխատում: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում ստիպված է լինելու արձագանքել մի շարք արտաքին քաղաքական մարտահրավերների:

Առաջին մարտահրավերն, անկասկած, Ռուսաստանի հետ է կապված: Ինչպե՞ս նորմալ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ եւ միաժամանակ վերականգնել ինքնիշխանությունը հարաբերություններում: Գյումրիում կնոջ սպանությունը, որում մեղադրվում է ռուս զինծառայողը, վկայում է, որ դեռ չի հաջողվում հարցերը հրապարակային քննարկել իրավահավասար եւ գործընկերային հարթությունում: Ոչ Հայաստանի ԱԱԾ տնօրենը, ոչ արդարադատության նախարարը, ոչ Գլխավոր դատախազությունը չեն պատասխանում հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ռուս զինվորը 102-րդ բազայում է պահվում: Նիկոլ Փաշինյանն էլ չի խոսում այդ մասին, ինչը կարող է վկայել, որ հույս կա արդյունքի հասնել բանակցությունների միջոցով: Բայց Մոսկվան պատրա՞ստ է նորմալ իրավահավասար հարաբերությունների կառուցմանը: Գյումրիում սպանված կնոջ գործը կարող է Հայաստանի եւ Ռուսաստանի ապագա հարաբերությունների ցուցիչը դառնալ:

Երկրորդ հարցը, որով հզոր թրոլինգ է սկսվել Հայաստանի դեմ, Ղարաբաղն է: Այստեղ եւս գլխավոր դերում Լուկաշենկոն է, չնայած ակնհայտ է, որ նա «ծածկում է» Իլհամ Ալիեւի դիվերսիան: Ալիեւը փորձում է երկու քայլից մատ անել՝ Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից՝ հեռացնելով ԱՄՆ-ին, իսկ հետո Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կռիվ գցել ու Երեւանին զրկել Մոսկվայի աջակցությունից:

Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը լռում են նաեւ այս հարցում: Սերգեյ Լավրովը Բաքվում չէր կարող չհասկանալ, որ Ալիեւը նորից պատրաստվում է գցել Մոսկվային: Իզուր չէ, որ նրա այցից հետո ադրբեջանական մամուլը գրել է, որ Լավրովը չի հիշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ընդ որում, Ալիեւը հատուկ հայտարարում է «վատ» Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ կապված հույսերի մասին, որ Հայաստանում ու Արցախում Փաշինյանի հանդեպ բացասական վերաբերմունք առաջանա:

Հայաստանն այսպիսի թրոլինգի պայմաններում կարող է միայն մեկ պաշտպանություն օգտագործել՝ քննարկումներ սկսել, թե որ տարբերակն է ձեռնտու՝ Արցախի անկախության ճանաչումը, թե միավորումը:

Երրորդ հարցն Ամուլսարի հարցով սպասվող թրոլինգն է: Դա միայն ընտրություն չէ բնապահպանության ու ներդրումների միջեւ, դա խնդիր է՝ մեծ հաշվով կապված Հայաստանի ու Արեւմուտքի հետագա հարաբերությունների հետ: Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ մանեւրել վճռական տրամադրված քաղաքացիական հասարակության ու արեւմտյան ներդրողների միջեւ:

Էմոցիոնալ բռնկումներով հայտնի Նիկոլ Փաշինյանի լռությունն անսպասելի քայլ էր արտաքին թրոլինգի դեմ: Դա հատկապես հետաքրքիր է Պուտինի պատասխան լռության ֆոնին, որը մի կողմից շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանին 64-ամյակի առթիվ, իսկ մյուս կողմից չի շնորհավորում Փաշինյանին ընտություններում համոզիչ հաղթանակի առթիվ: Պուտինը չի խոսում ռուս զինծառայողի ճակատագրի մասին, չի խոսում Հայաստանի համար գազի գնի մասին: Բայց նա չի էլ ասում, որ Լուկաշենկոն ճիշտ է:

Այս ֆոնին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր Թբիլիսի մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը՝ կարծես թե փորձելով պաշտպանել Հայաստանը հյուսիսային թեւից: