Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «խթանում» է հանրային որոշակի հետաքրքրություն` ապրիլյանի պատասխանատվության մասով

- in Հրապարակ

Արցախի առաջին պատերազմի հրամանատարներից, ներկայում Արցախում Միացյալ Հայաստան կուսակցության նախաձեռնության անդամ Վահան Բադասյանն ապրիլյան քառօրյայի առնչությամբ հայտարարել է, որ ադրբեջանական գրոհից չորս ժամ առաջ հետախուզությունը հայտնել է հավանական գրոհի մասին տեղեկություն, սակայն հարց է, թե հետո ինչու որոշ ուղղություններով եղել է արդյունավետ դիմագրավում, իսկ որոշ ուղղություններով՝ ոչ:

Բադասյանը դա բացատրում է նրանով, որ մի շարք ուղղությունների վրա իշխանությունը հրամանատարներ է նշանակել քաղաքական նպատակահարմարությամբ, ինչի համար էլ հետագայում չեն պատժել պատասխանատու հրամանատարներին եւ փոխարենը պատասխանատվությունը դրել են հետախուզության եւ կապի ղեկավարների վրա, պաշտոնանկ անելով նրանց: Բադասյանն ասում է, որ քաղաքական իշխանությունը ներկայում չի կարող այդ մասին բարձրաձայն խոսել, քանի որ դա է թերեւս այն գաղտնի տեղեկությունը, որին ծանոթանալու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այդ մասին հայտարարեց գեներալ Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելու առիթով: Արշակ Կարապետյանը հետախուզության պետի պաշտոնից հեռացվեց ապրիլյան պատերազմից հետո: Սերժ Սարգսյանը երկու տարի անց նրան նշանակեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ: Այժմ Նիկոլ Փաշինյանը նրան նշանակել է խորհրդական, եւ դա առաջացրեց հանրության հարցերը, ինչու ապրիլյան պատերազմի համար պատասխանատուներից մեկը նշանակվեց այդ պաշտոնում:

Վարչապետն էլ հայտարարեց, թե այս ընթացքում հարյուրավոր էջեր գաղտնի տեղեկություն է ընթերցել ապրիլյան քառօրյայի մասին եւ դրանիցից որեւէ մեկում չի եղել տեղեկություն հետախուզական տվյալի բացակայության մասին:

Հետախուզական տվյալի բացակայության խնդիրը օրերս հերքել էր նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այժմ էլ Վահան Բադասյանն է հայտարարում որ չի եղել հետախուզության խնդիր, եղել է առկա տեղեկություններին քաղաքական եւ ռազմական բարձր ղեկավարության անհամարժեք արձագանք:

Այդուհանդերձ, գեներալ Արշակ Կարապետյանի նշանակումը վարչապետի խորհրդական իսկապես հետաքրքիր է: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, նաեւ երկրորդ նախագահին բաց կամ լատենտ աջակցող շրջանակներ խոսում են այն մասին, որ Կարապետյանը ցուցմունք է տվել երկրորդ նախագահի դեմ՝ 0038 հայտնի հրամանով, ու դրա համար նշանակվել վարչապետի խորհրդական:

Եթե Արշակ Կարապետյանը լիներ անգործ, այդ դեպքում վարկածը կարող էր թվալ կուռ, բայց Արշակ Կարապետյանը եղել է ՌԴ դեսպանատանը ռազմական կցորդ, ինչը մեղմ ասած վատ կարգավիճակ չէ: Ըստ այդմ հազիվ թե կար խորհրդականի կարգավիճակով խրախուսելու անհրաժեշտություն, եթե բանը ցուցմունքն էր: Բավարար կլինեին այլ հանգամանքներ:

Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նշանակումն այդուհանդերձ ավելի շատ առնչվում է հենց ապրիլյան քառօրյային, քան 0038-ի գործին:

Դեկտեմբերի 21-ին Փաշինյանը Վանաձորում հայտարարեց, ընդ որում խորհրդանշական է, որ հայտարարեց հայ-իրանական համատեղ ձեռնարկության բացման առիթով շփվելով լրագրողների հետ, որ զբաղվում է ապրիլյան քառօրյայի պատասխանատվության հարցերով:

Ինչու՞ է այստեղ հայ-իրանականը խորհրդանշական, որովհետեւ քառօրյան էական հարցեր է առաջացրել նաեւ Իրանում: Տվյալ պարագայում խոսքը ռազմա-քաղաքական խոշոր մի գործընթացի մասին է, եւ այդ իմաստով փաստացի ստացում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «խթանում» է հանրային որոշակի հետաքրքրություն կամ ինչպես ընդունված է ասել՝ «դիսկուրս», ապրիլյանի պատասխանատվության մասով:

Հասկանալի է, որ այստեղ իհարկե հանրությանը ոչ բոլոր պատասխաններն է, որ կարող են հասանելի լինել՝ ռազմական եւ պետական գաղտնիքի բերումով, ու թերեւս այս իրավիճակում կարեւորը դա էլ չէ: Պարզապես, ապրիլյան քառօրյայի պատասխանատվության խնդրի շեշտադրումը «ավանսով» պատասխանատվության տակ է դնում նոր իշխանությանը, եւ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայում փաստորեն ինքն իրեն դնում է այդպիսի պատասխանատվության տակ՝ ապագայի համար:

Ու դա հետաքրքիր է հատկապես հետընտրական գործընթացում արցախյան խնդրի առնչությամբ որոշակի աշխուժացման ֆոնին, որ դրսեւորվել է նաեւ Բաքվից ու Մոսկվայից հնչող հայտարարությունների տեսքով: Փաստացի, ապրիլյան քառօրյայի առնչությամբ պատասխանատվության հարցի շեշտադրումը հավակնում է լինել հայկական կողմի ռազմա-քաղաքական դիրքային ամրության եւս մի շերտ, թե հանրային, թե նաեւ միջազգային ռազմա-քաղաքական դիվանագիտական մակարդակում, որտեղ սկսվելու է դիրքային պայքարի մի նոր եւ բարդ շրջան: