Նիկոլ Փաշինյանը հայկական հրաշքի առաջնորդն է, Արմեն Սարգսյանը` համաշխարհային կյանքում հայաստանյան հաջողության որոշակի կրողը

- in Ով ով է ...

Թե ժողովուրդը, թե աշխարհը 2019-ին Հայաստանից սպասելու են նոր, թեկուզ փոքր հրաշքներ, Բաղրամյան 26-ում պետական կառավարման համակարգի ամանորյա ընդունելությանն իր ելույթում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով, որ թավշյա հեղափոխությունն արտերկրում շատերը գնահատում են որպես հայկական հրաշք:

Նա հայտարարել է, որ նոր տարին սկսում է ոչ միայն նոր խորհրդարանով ու կառավարությամբ, այլ նաեւ նոր մոտեցումներով, եւ դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանը առաջին անգամ ներկայացուցչական պատվիրակությամբ մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, որտեղ կներկայացնեն Հայաստանի փոփոխությունները:

Դավոսի տնտեսական համաժողովին Հայաստանը մասնակցել է նաեւ նախկինում: Այդ մասնակցությունը սկսվել էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից, թեեւ հենց այդ շրջանում էլ ընդհատվել: Այդ ժամանակ դա բացատրվում էր նրանով, որ Հայաստանն ըստ էության ակնկալիք չունի այդ համաժողովից:

Սա նաեւ հասկանալի էր: Ռոբերտ Քոչարյանն ապահովել էր որոշակի կապիտալի հոսք Ռուսաստանից, նաեւ օֆշորային գոտիներից, որի միջոցով կապիտալ շինարարության բում էր սկսում: Դավոսը ավելորդ պատասխանատվություն էր, որի ժամանակն ու տրամադրությունը համակարգը չուներ: Հետո արդեն, Սերժ Սարգսյանի շրջանում, շրջանառության մեջ դրվեց հայկական Դավոս հասկացությունը, գործարար համաժողովներ էին լինում Ծաղկաձորում, Հայաստանի այլ քաղաքներում: Սերժ Սարգսյանի խնդիրներն իհարկե արդեն այլ էին: Նա չուներ կապիտալի այն չափը, որ կապահովեր տնտեսական բարձր աճի տեմպ, միաժամանակ հարաբերություններ էին պարզվում Քոչարյանի հետ, որը հանձնել էր իշխանությունը, բայց ոչ կապիտալի գերակայությունը:

Սարգսյանի Դավոսը «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր, որը տապալվեց, այդուհանդերձ նրա համար որոշակի արդյունքով, բայց քաղաքական: Դավոսի հանդեպ «բարձր» հետաքրքրությունը վերականգնեց Կարեն Կարապետյանը, որը միլիարդատեր Սամվել Կարապետյանի օդանավով մեկնեց Դավոս, մասնակցեց համաժողովին, սակայն հասկանալիորեն չստացավ բավարար էֆեկտ:

Որովհետեւ Դավոսի համաժողովը պարզապես գործարարների կամ մենեջերների համար չէ: Այն համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտայի հավաքն է, տնտեսա-քաղաքական խորքային ասպեկտներով: Ըստ այդմ, այնտեղ պետք է մեկնել տնտեսա-քաղաքական, եւ առաջին հերթին հենց քաղաքական կալիբրով: Մի բան, որ Կարեն Կարապետյանը չուներ, չցանկացավ կամ էլ չկարողացավ ունենալ նաեւ վարչապետի պաշտոնում:

Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու ներկայացուցչական կազմով: Նախագահի մակարդակով Հայաստանը մասնակցել է, վարչապետի մակարդակով էլ նախկինում մասնակցել է: Արդյոք 2019-ի Դավոսի համաժողովին Հայաստանը մասնակցելու է նախագահի եւ վարչապետի մակարդակով միաժամանակ: Այսինքն, արդյոք Դավոս կմեկնեն թե Արմեն Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը:

Սա կլինի իրապես հետաքրքիր ֆորմատ, փոխլրացման յուրահատուկ սկզբունքով, որքան էլ շատ շրջանակներ փորձում են Սարգսանին ու Փաշինյանին դիտարկել մրցակիցներ: Ֆորմատի հետաքրքրությունն իհարկե զուտ այն չէ, որ Հայաստանը կներկայացնի երկու գործիչ՝ պետության գլուխն ըստ Սահմանադրության եւ դե ֆակտո առաջին դեմքը:

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության, այսինքն հայկական հրաշքի առաջին մասի առաջնորդն է, կրողը, Արմեն Սարգսյանը ըստ էության համաշխարհային կյանքում հայաստանյան հաջողության որոշակի կրող, իր փորձով, կապերով, հաջողության պատմությամբ: Վերջին հաշվով, հայկական թավշյա հեղափոխության հրաշքի ամբողջացման բանաձեւն այդտեղ է՝ ներքին հաջողությունն ուղեկցել Հայաստանի, հայկական պետականության համաշխարհային դերակատարման արդյունավետությամբ:

Իսկ դա պահանջում է գաղափարներ, առաջարկներ աշխարհին: Եվ այդ իմաստով, անշուշտ, անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆորմատ է ենթադրում Արմեն Սարգսյանի մատնանշած առաջին անգամ ներկայացուցչական կազմով մասնակցությունը, այդ մասնակցության գլխավորը բովանդակությունն է, թե ինչ կոնկրետ առաջարկներ կտանի Հայաստանը Դավոս, որոնք կներառեն փոխված Հայաստանն ու դրա դերը համաշխարհային կյանքում: