Որտե՞ղ են Երևանի և Մոսկվայի փոխզիջման սահմանները

- in Վերլուծական

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Հայաստանի հետ հարաբերության մասին հարցին, ասել է, թե այդ հարաբերության մեջ ոչինչ էլ չի փլուզվել, որ պետք լինի վերականգնել:

Նա ասել է, որ Հայաստանը Կովկասում և աշխարհում ՌԴ ռազմավարական գործընկերն է, հայ ժողովուրդը մերձավորագույն դաշնակիցն է և այդ տեսանկյունից պետք է եղածը զարգացնել, խորացնել, հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում նոր իրողությունները: Պուտինի այդ հայտարարությունը պետք է դիտարկել, թերևս, երկու կողմից, կամ երկու ծայրից: Նախ այն, որ ՌԴ նախագահը փաստորեն հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերության որևէ խնդիր էլ չկա: Մի բան, որի հակառակն են փորձում պնդել Հայաստանի նոր իշխանության ընդդիմախոսները, այսպես ասած՝ մտահոգ շրջանակները, որ հիմնականում ներկայացնում կամ սերում են նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներից:

Այդ խնդիրների մասին բարձրաձայնումների մեծ առիթ էր նաև այն, որ Պուտինը խորհրդարանի ընտրությունից հետո առ այսօր շնորհավորական ուղերձ չի հղել Նիկոլ Փաշինյանին: Ռուսաստանի դեսպանը դա բացատրել է արարողակարգով, թեև, իհարկե, ոչինչ չէր արգելում Պուտինին շնորհավորել դրանից դուրս, ինչպես արել էր Սերժ Սարգսյանի դեպքում: Մյուս կողմից, հայկական կողմի, նոր Հայաստանի համար թերևս պետք է խնդիրը լինի հենց այն, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին և ընդհանրապես Հայաստանին չնայի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին, չվերաբերի այնպես, ինչպես վերաբերել է Սարգսյանին և, այսպես ասած, հին Հայաստանին: Ահա այս տեսանկյունից էլ ՌԴ նախագահի հայտարարությունը, թե խնդիր չկա և պետք է զարգացնել եղածը, ըստ էության կարող է վկայել, որ խնդիր, այդուհանդերձ, կա, և ՌԴ-ն չի ցանկանում փոխել եղածը, իսկ Երևանը դնում է հենց հակառակ խնդիր, որ չի կարող շարունակվել՝ ինչպես նախկինում: Հավանաբար, հենց դա էր արտացոլված ՌԴ նախագահի այն հայտարարության տողատակում, թե պետք է զարգացնել եղածը և խորացնել, հաշվի առնելով նոր իրողություններ և ինքն այդ հարցերը կքննարկի պարոն Փաշինյանի հետ, որն առաջիկա շաբաթ կայցելի Ռուսաստան: Մյուս կողմից, խոսելով նոր իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին, ՌԴ նախագահն ըստ երևույթին փորձում է ակնարկել, որ Մոսկվան ամենևին կանգնած չէ, այսպես ասած, կոշտ դիրքերի վրա և պատրաստ է հաշվի առնել նոր իրողությունները, այլ կերպ ասած՝ նաև Հայաստանի նոր իշխանության փաստարկները:

Ամբողջ հարցն ըստ երևույթին այն է, թե որտեղ են Երևանի և Մոսկվայի փոխզիջման սահմանները այդ հարցում: Մյուս կողմից, անկասկած է մի բան, որ հարաբերության վերափոխումը այլընտրանք չունի և դա ընդունում է նաև ՌԴ նախագահը, խոսելով նոր իրողությունների մասին: Հարցն այն է, թե որ կողմը ինչ պատկերացում ունի այդ վերափոխման մասին: Միաժամանակ նաև հասկանալի է, որ պատկերացումները ամենևին չեն կարող նույնը լինել և դրանք մերձեցնելու ու ներդաշնակելու գործընթացը պահանջելու է տևական աշխատանք:

Այդ իմաստով գուցե հաջորդ շաբաթ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը հնարավոր է դիտարկել այդ աշխատանքի պայմանական մեկնակետ, որից կսկսի, թերևս, վերափոխումների կամ փոխզիջումների սահմանի հարցի քննարկումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...