Պարիր Ռոբ, այս կյանքը բումերանգ է

Մաս 2-րդ, <Պուտինի շնորհավորանքին սպասելիս>

Կյանքը բումերանգ է, խոսքը նրա խոսուն վկան: Մի առիթով ասել էս.

–Плохому танцору яйцы мешают…

Հիմա պարի’ր Ռոբ, քեզ այլևս ոչ-ոք և ոչինչ չի խանգարում, մեր ժողովուրդը քեզ ընձեռել է այդ հնարավորությունը, քեզանից պոկելով այն ամենը, ինչը կարող է խանգարել վատ պարողին: Պարի՛ր Ռոբ, դու վաղուց <<միակ տղամարդը>> չէս, ինչպես մի անգամ հանդնգնեցիր ասել և եթե ուզում Էս ճիշտն իմանալ չէս էլ եղել, դա քեզ ներշնչել էն քո հավաքած թիմի անսեռ պնակալեզները, իսկ թիմն ինչպես գիտես, լավ եղած դեպքում կայացնում է թագավորին, վատ եղած, այսինքն քո դեպքում՝ ոչնչացնում: Ինչ որ եղել է, էլ չէս վերադարձնի և մեղավորը խեղճ Ժյուլ Վեռնն է, բայց նա կարգին ֆենտեզի ժանրի գրող էր, իսկ դու չստացված հեքիաթասաց, այ եթե մի քիչ էլ նրա փոխարեն Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>>-ն կարդացած լինեիր, մեր վերքին աղ չէիր ցանի, կհիշեիր նրա խոսքը.

– …Էդ ում վրա եք սուր բարձրացրել, հայոց մեծ ազգին չեք ճանաչում…

Պարի՛ր Ռոբ , պարի՛ր և ցնծա մինչև թևերդ հոգնեն, քո և քո պաշտպանների աղերսները հասան Հյուսիս և Վլ. Պուտինը Ն. Փաշինյանի հետ հանդիպումն ավարտլուց հետո և Ամանորից մեկ շաբաթ առաջ, (ինչ կարիք կար շտապելու), քեզ շնորհավորեց Նոր տարվա առիթով և կատարեց իր ընկերական, գուցե վերջին պարտականությունը և այդպիսով ձեռքերը լվաց քեզանից, իսկ դու էլ պարտավոր ես ցմահ բանտարկությունից առաջ, հանուն քո մերձավորների, ովքեր թաթախված չէն քո կատարած մեղքերի մեջ, կատարել քո պարտականությունը Լևոն Հայրապետյանի հստակ ձևակերպմամբ, հիշեցնում եմ նրա խոսքը.
<Ռոբերտ, երբ դու եկար Երևան, աղքատ տղա էիր, Հայաստանն էլ հնարավորությունների երկիր էր: Անցավ 10 տարի, դու հարստացար, Հայաստանը դարձավ աղքատ… քո ունեցվածքը ճիշտ այնքան է, որքան Հայաստանի պարտքը ,արի լսիր ինձ, վճարիր այդ պարտքը և դու կմաքրվես քո մեղքերից, իսկ ես քեզ ամսական 5.000 դոլար թոշակ կուղարկեմ> … Անցան ժամանակներ, Լևոնին կանչեցին Մոսկվա, չար լեզուներն ասում են, որ դու ես կանչել և հենց օդանավակայանում, կաշառքի միջնորդության պատրվակով փող վերցնելու կեղծ ցուցմունքով բանտ նստեցրին ու տանջամահ արեցին մեծ բարերարին: Թե ով է եղել Արցախի համար Լևոն Հայրապետյանը, ամբողջ հայությունը գիտի, բայց որ դու և Սերժ Սարգսյանը մատը մատին չտվեցիք ու Արցախն էլ բերանը ջուր էր առել ու մինչև նրա մահը լուռումունջ մնաց, էդ դեռ ընկալել, հետո նոր հետևություն անել է պետք… Լևոն Հայրապետյանի դեպքում Արցախը նորահարսի պես խոնարհ էր, սուսուփուս ու վախից էլ ռուսերենը մոռացած, քո դեպքում՝ լաչառ ու հիստերիկ զոքանչի պես էր, քանզի գտնվեցին մարդիկ, որոնք քո թասիբը պահելու համար, կոմունիստական, կամ հյուսիս-կորեական ոճի մեջ,էժան պարահանդես կազմակերպեցին… միտինգ, էին անում…- Мы требуем одного, освободить Роберта Седраковича Кочаряна, немедленно… ամոթ է ու ծիծաղելի, մի հարցնող լինի, ումից եք պաշտպանում, ում եք հաթաթա տալիս… Չփորձեք խառնել մեր սուրբ Արցախի ու մայր Հայաստանի հարաբերությունները…

Իսկ մինչ այդ պարիր Ռոբ, մինչև գլուխդ պտտվի, ու գիրքդ նորից գրի՛ր և գրիր ուրիշ թիմի հետ, այդ թիմը քեզ երկրորդ անգամ է դավաճանում, փրկելով իր կաշին ու քեզ դարձնելով ամենվերջին ստահակը, միթե քո բառապաշարում չկա ՆԵՐՈՂՈՒՐՅՈՒՆ բառը, միթե իրավացի էր այն ամերիկացի քաղաքագետ հոգեբանը, ով մարտի 1-ի դեպքերից հետո ասել էր, որ ՌՔ-ն ամեն ինչ ունի բացի խիղճն ու խղճմտանքը…

Գիրքդ նորից գրիր Ռոբ, այն ինչ հրապարակվել է թարգմանաբար, ներողություն, դա գիրք չէ, կամ եթե գիրք է, դրա հեղինակը, Կարաուլովի հետ զրուցող իմ և շատ հայերի ճանաչած արժանապատիվ հայորդին չէ, ով է այս մահասարսուռ անկման հեղինակն ու պատճառը, միթե աթոռն ու անպատժելի թվացող անսահմանափակ իշխանությունը՝ կամ գուցե նյութն է, այսինքն շահը, հարստությունը, որ միչև քեզ իր ճանկերը գցելը այս աշխարհում միլիոնավոր մարդկանց է խորտակել… Իսկ գուցե ամեն ինչ սկսվել է առաջին սխալից, որին հաջորդել է երկրորդը, երրորդը… և այդպես շարունակ և դու դարձել էս քո իսկ ձեռքերով գործած ու քո վզին կապած շղթայի գերին ու կաամակատարը…

Նորից գրիր գիրքդ Ռոբ, մի թելադրիր, լիքը ժամանակ ունես, խաղաղվիր, հավաքվիր ու գրիր ոչ թե հոխորտալով, այլ զղջումով, չի կարող պատահել որ Homo Sapiens-ի մեջ գոնե մի պտղունց ազնվություն ու խիղճ մնացած չլինի, էն գրածդ , ազնիվ խոսք ДОНОС- մատնագիր է քո բոլոր մերձավոր շրջապատի վրա, կարճ ասաց ՆԱՐՑԻՍԻ պես քեզ բարձրացնում էս, նրանց փուռն էս տալիս, ովքեր անխնա, 10 տարի քեզ հարստացնելով ու դարձնելով Հայաստանի թիվ մեկ մեծահարուստը, քեզ կործանեցին ու դարձրին հոգով ամենաաղքատը:

Պարիր Ռոբ մինչև ծնկներդ թուլանան, նորից գրիր և ոչ թե թելադրիր, որովհետև քո ընտրած մերձավոր շրջապատը չարից է, նրանք անընդհատ արջի ծառայություն են մատւցել քեզ և զուգահեռ թալանել են երկիրը, որի նախագահն էիր կլոր 10 տարի և հիմա գողունը թաքցնելով և արդարադատությունից խուսափելու փորձեր անելով, ձեր մեջ կուտակված թույնն եք թափում համատեղ <<չար հեքիաթասասացությամբ>>, թույն եք թափում <<Ղարաբաղ>> կոմիտեի, 3-րդ Հանրապետության հիմնադիրների, ու ամենացավոտը, հոկտեմբեր 27-ի բոլոր զոհերի հիշատակի վրա, ենթատեքստում մատնվելով, որ այդ մարդկանց ներկայությամբ քո ուզած պարը չես կարողացել պարել: Ձեր թիմի գրչի տակից ժայթքած թարախը, քեզ բարձրացնելու փոխարեն իջեցնում ու մատնում է բոլորիդ: PR-չիկներդ, FAKE-երդ, , էլիտար փաստաբաններդ, գաղտնալսումները արհեստականորեն բարդացնում և ուռճացնում են գործը, գրպանիցդ մի քանի կոպեկ ավել կորզելու համար, բայց կրակը բորբոքելուց ու քո հանդեպ ատելությունն ամեն Աստծո օր հազարապատկելուց բացի,քեզ ուրիշ օգուտ չեն տալիս, որովհետև Թավշյա հեղափոխությունը ընդմիշտ ազատել է մեր պետություը ձեր ճիրաններից:

Հ.Գ. Ամեն դեպքում մտածի՛ր Լևոն Հայրապետյանի ասածների մասին, այն քեզ պետք կգա ձանձրալի մենությունից առաջ, մտածի՛ր և ապաշխարի՛ր…քո խոնավ խցում, պատը դեմդ, սպիտակ թուղթն առաջիդ ու նորից գրի՛ր, … հիշի՛ր Աֆրիկյան անապատը, հիշի՛ր վազող առյուծին, հիշի՛ր անապատի կուրացնող ավազախառն քամին, հիշի՛ր Արթուր Մկրտչյանին, Վազգենին, Պապիին, 27-ի փառահեղ տղերքին, հիշի՛ր ընկերոջդ՝ Պողոսին … Մարտի 1-ի 10 զոհերին չմոռանաս… Հիշի՛ր, հիշի՛ր, հիշի՛ր և նորից հիշի՛ր Սաֆարիի անապատի առյուծին և քո կրակոցից հետո նրա վերջին մռնչոցը… նա քո կրակոցից առաջ թագավոր էր իր պրայդում … միթե քո բառապաշառոմ չկա՞ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ բառը…

Վանուշ Շերմազանյան, արձակագիր, հրապարակախոս