Պետք է պատժել նախկինում հանցագործություն կատարած բոլոր մարդկանց

- in Կարծիք
eshelon ishxanutyun

Հետհեղափոխական Հայաստանում ամենաարդիական բանավեճերից մեկը վերաբերում է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, դրանց հետևանքների վերացմանը։

Անշուշտ, այս վեճը բնորոշ է ոչ միայն Հայաստանին․ դրանով անցել են տասնյակ երկրներ, որոնք ավտորիտար կառավարումից տրանսֆորմացվել են ժողովրդավարական հասարակությունների։

Անցումային արդարադատության մարմինները նախկինում կատարված հանցագործությունները քննելու կարևոր ինստիտուտներ են, որոնք, սակայն՝ իրենց բնույթով, ոչ թե ռեպրեսիվ մարմիններ են, կամ էլ՝ արտակարգ դատարանններ, այլ մարմիններ, որոնց նպատակը՝ ճշմարտության վերհանումն է ու հասարակական համերաշխության մեխանիզմների ստեղծումը։

Անցումային արդարադատության մարմիների համար, սակայն, չկա ստանդարտ բանաձև․ ի վերջո՝ ամեն բան հանգում է նրան, թե հետհեղափոխական իրավիճակներում ինչպիսի որոշումներ են կայացնում քաղաքական իշխանություններն ու հասարակությունը։

Հեղափոխական ամենապոպուլյար մոտեցումն այն է, որ պետք է պատժել նախկինում հանցագործություն կատարած բոլոր մարդկանց, ընդհուպ՝ բանը հասցնելով նրանց ունեզրկմանը կամ երկարատև բանտարկությանը։ Այս մոտեցումը Հայաստանում կարող էր պոպուլյար լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հասարակության թշվառության ու նվաստացման պատճառները եղել են երկու տասնամյակ տևած ավտորիտար կառավարումն ու կոռուպցիան։ Սակայն, պայմանականորեն ասած՝ կառափնարանի ճանապարհը Հայաստանում այնքան էլ պոպուլյար չէ, ինչի վկայությունը թերևս այն է, որ նման կարգախոսներով, պոպուլիստական թեզերով հանդես եկեող «Սասնա ծռեր» կուսակցությունը խորհրդարանական վերջին ընտրություններում ստացավ երկու տոկոսից պակաս քվե։ Սա, իհարկե, լավ է ու խոսում է մեր հասարակության հասունության մասին։

Մյուս կողմից՝ սկզբունքորեն պետք է մերժվի մյուս ծայրահեղ մոտեցումը, թե Հայաստանում կարելի է փողով գնել կամ հատուցել ցանկացած հանցագործություն։ Սա էլ կարող է հանգեցնել ոչ թե հասարակական համերաշխության, այլ անպատժելիության ու բեսպրեդելի խրախուսմանը։

Մեր կարծիքով՝ օպտիմալը, այսպես ասած, միջին տարբերակն է, որի կրողը, որոշ վերապահումներով, Հայաստանի գործող իշխանություններն են։

Տնտեսական հանցագործությունների պարագայում մարդկանց կառափնարան տանելն անիմաստ է, որովհետև դա հանգեցնելու է կապիտալի արտահոսքին, սեփականության խրոնիկ վերաբաժանումներին, քաղաքական ու տնտեսական անկայությունայնը։ Նման դեպքերում իրապես կարող է արդյունավետ լինել, այսպես կոչված, հաշտության տուրքը, երբ պատկան մարմիննները կամ անցումային արդարադատության ինստիտուտները յուրաքանչյուր առանձին դրվագով կայացնում են անհատականացված որոշումներ, ու նախկին համակարգի ներկայացուցիչները նվիրատվությունների միջոցով, այսպես ասած, հաշտվում են արդարադատության ու հասարակության հետ։

Մի շարք գործերում այս մեխանիզմը կարող է գործել ու այդպես կարող են «մաքրվել», օրինակ՝ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը կամ նույնիսկ՝ Մանվել Գրիգորյանը։

Սակայն անկարելի է պատկերացնել, որ, ասենք, Ռոբերտ Քոչարյանն էլ մի քանի տասնյակ միլիոն նվիրաբերի պետությանը կամ «Կոնգրես» հյուրանոցը ու դա դառնա նրա ազատության կամ ինդուլգենցիայի գինը։ Բոլոր այն դեպքերում, երբ հանցագործություններն ուղղղված են եղել պետության սահմանադրական հիմքերի կամ մարդու կյանքի դեմ, պետության ռեպրեսիվ ռեսուրսը պետք է գործի համապարփակ՝ նման երևույթներն ապագայում սկզբունքորեն բացառելու համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...