Պուտինի շնորհավորանքը հաճելի՞ անակնկալ էր ՀՀ երկրորդ նախագահի համար

Robert Qocharyan

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն է տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի առիթով: Պուտինը, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանին մաղթել է ոգու ամրություն եւ տոկունություն:

Դա իհարկե երկրորդ նախագահին հիմա շատ պետք է, որը գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է Մարտի 1-ի գործով: Գուցե նրան շատ պետք էր նաեւ ՌԴ նախագահի աջակցությունը, եւ ըստ երեւույթին շնորհավորանքի մասին տեղեկությունը հայտնվում է հենց այն ակնկալիքով, որ այն կունենա որոշակի ազդեցություն հանրային շրջանակների վրա, եւ գուցե ոչ միայն հանրային:

Բանն այն է, որ երկրորդ նախագահի գրասենյակը Պուտինի շնորհավորանքի մասին տեղեկությունը տարածել է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հայցը դատարաննում քննելու շեմին: Այդ քննությունը պետք է լինի դեկտեմբերի 28-ին: Արդյոք այն, որ ՌԴ նախագահը շնորհավորել է երկրորդ նախագահին, որեւէ ազդեցություն կարող է թողնել դատարանի դիրքորոշման վրա:

Առավել եւս, որ կա մեկ այլ հետաքրքիր ֆոն: Շնորհավորանքի մասին հայտարարվում է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո: Հետաքրքիր է նաեւ հարցը, արդյո՞ք Պուտինն ավելի շուտ էր շնորհավորել, թե՞ նա էլ հանդիպումից հետո է որոշել շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին:

Հանգամանքը հետաքրքիր է, նկատի ունենալով նաեւ Պուտինի մաղթանքը՝ ոգու ամրություն եւ տոկունություն: ՌԴ նախագահը կարծես ակնարկում է, որ իր վրա հույս դնել պետք չէ եւ շնորհավորանքն ու մաղթանքն այն է, ինչ կարող է անել ինքը:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունը բնութագրման կարիք չունի, այն դաշնակցային է եւ Մոսկվան պատրաստ է իր կողմից անել ամեն ինչ, այդ հարաբերությունը զարգացնելու համար, այդ թվում անվտանգության ապահովման ոլորտում:

Խոսե՞լ են Փաշինյանն ու Պուտինը Քոչարյանի կալանքի մասին: Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքը կարծես թե թողնում է Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինի դեմարշի տպավորություն: Մյուս կողմից էլ դա կարող է նշանակել, որ հանդիպմանը ՌԴ նախագահը չի կարողացել իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի համար ստանալ որեւէ արժեքավոր բան եւ մնում է բարոյական աջակցությունը՝ շնորհավորանքն ու մաղթանքը՝ ոգու արիություն ու տոկունություն:

Կամ ՌԴ նախագահը չի էլ ցանկացել ստանալ ավելին, քանի որ ավելին ստանալու համար նա պետք է ոչ թե Մոսկվայի կողմից ամեն ինչ աներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը խորացնելու համար՝ ինչը հավաստիացրել է Փաշինյանին, որ պատրաստ է, այլ պետք է աներ քայլեր, որոնք մեղմ ասած չէին նպաստելու հայ-ռուսական հարաբերության խորացմանն ու զարգացմանը եւ նույնիսկ ունենալու էին հակառակ էֆեկտ, հաշվի առնելով Հայաստանի հանրության գերակշռող մասին վերաբերմունքը թե Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանին ավելի գործուն աջակցություն ցույց տալու համար ՌԴ նախագահը փաստորեն պետք է հարվածի տակ դնի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը, ստանձնի դրա «փլուզման» պատասխանատվությունը: Մինչդեռ օրեր առաջ մեծ ասուլիսի ժամանակ նա փաստորեն հերքել էր Հայաստանի նախկին իշխանության շրջանակների այն պնդումները, գուցե նույնիսկ ձեւակերպված հարցի տեսքով՝ որ հնչել էր, եւ հայտարարել, որ ոչինչ էլ չի փլուզվել եւ պետք է եղածը պարզապես խորացնել, հաշվի առնելով նոր իրողությունները:

Հատկապես այժմ Պուտինի համար կարո՞ղ են նժարի վրա դրվելիք լինել Հայաստանի հետ կարեւոր հարաբերության հեռանկարն ու Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը:

Բոլոր դեպքերում հետաքրքիր է, Պուտինի շնորհավորանքը հաճելի՞ անակնկալ էր երկրորդ նախագահի համար, թե՞ ոչ այնքան ոգեւորիչ: