Պուտինն ասել է՝ «Դուք հասկանում եք, որ Քոչարյանն իմ ընկերն է», Փաշինյանը հակադարձել է. «Ցավում եմ, որ այդպիսի ընկեր ունեք»

- in Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու առնչությամբ դատական նիստը, որ տեղի էր ունենում երեկ, հետաձգվել է մինչև հունվարի 9-ը, այսպես ասած աշխատանքային օրվա ավարտի և հետո տոների կապակցությամբ:

Այս տեղեկությունը գուցե շատ սովորական դիտվեր, եթե չլիներ մի հանգամանք: Երկրորդ նախագահի գրասենյակը նախօրեին առավոտյան տեղեկություն էր տարածել ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքի մասին:

Ավելի ուշ՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություններ տարածեցին Պուտին – Փաշինյան առանձնազրույցից, ինչը Ռուսաստանի պարագայում պատահականություն չի կարելի համարել, որովհետև բոլորը կառավարվում են Կրեմլի կողմից: Ըստ այդ տեղեկատվություններից մեկի. Պուտինն ասել է՝ «Դուք հասկանում եք, որ Քոչարյանն իմ ընկերն է», Փաշինյանը հակադարձել է. «Ցավում եմ, որ այդպիսի ընկեր ունեք»

Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, մաղթել արիություն և տոկունություն: Հատկանշական է, որ ի տարբերություն Ռոբերտ ՔՈչարյանին ծննդյան առիթով շնորհավորանքին, Նոր Տարվա համար շնորհավորանքը Կրեմլի կայքում տեղադրված չէր և դրա մասին տեղեկությունը հրաարակել էր երկրորդ նախագահի գրասենյակը, իհարկե ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հետո հաստատել էր այն: Այդուհանդերձ, շնորհավորանքի առկայությունը, այն էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը, լիովին փոխեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցի դատական նիստի շուրջ իրավիճակը: Եվ այն, որ փաստորեն դատական նիստը հետաձգվեց և Քոչարյանը մնում է կալանքի տակ առնվազն մինչև հունվարի 9-ը, Պուտինի շնորհավորանքի առկայության պայմաններում ստացվում է յուրօրինակ պատասխան Պուտինին:

Իհարկե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի միջամտում դատական համակարգի աշխատանքին, սակայն այս դեպքում պետք է արձանագրել, որ դատարանին այլ բան չէր մնում, քան հետաձգել նիստը, քանի որ քննիչը հայտարարել էր, որ աշխատանքային օրվա ավարտից հետո չի կարող շարունակել մասնակցել դատաքննությանը: Ասինքն, գործնականում քննչական կոմի մարտավարությամբ է նիստը հետաձգվել, ոչ թե դատարանի նախաձեռնությամբ:

Այսպիսով, ստացվում է, որ Քոչարյանին շնորհավորող Պուտինը բավականին չոր պատասխան է ստանում Երևանից: Այս հանգամանքն իհարկե միջանձնային հարաբերությունների խնդիր չէ, և դա լավ են հասկանում բոլորը: Այստեղ խնդիրը միջհամակարգային հարաբերություններն են: Հայաստանում ապամոնտաժված կամ ապամոնտաժվող համակարգը դեռ շարունակում է կապված մնալ Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերություններն ըստ էության ավեի շատ պատկերացնել այդ հին համակարգի պրիզմայով, քան նոր իշխանության: Սա իհարկե բավականին բարդ խնդիր է, այլ կերպ լինել չէր էլ կարող: Ռուսաստանը միանգամից չի հրաժարվի այն ստատուս-քվոյից, որով հարաբերվում էր Հայաստանի հետ: Դա առավելագույն հարմարավետությունն էր Մոսկվայի համար: Մյուս կողմից իհարկե Կրեմլը հասկանում է, որ չկա այդ հարմարավետությունը վերականգնելու հնարավորություն, և գուցե նույնիսկ ցանկություն էլ չկա, պարզապես Մոսկվան թերևս փորձում է Հայաստանի հետ նոր հարաբերության կանոնակարգում հնարավորինս շատ բան պահպանել հնից, ինչի համար էլ խաղարկում է հնարավոր մեծ ու փոքր խաղաքարտերը: Երևանն առայժմ չի գնում փոխզիջման այդ հարցում: