Պուտինն ու Փաշինյանն ի՞նչ են քննարկել կուլիսներում

- in Հրապարակ

Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մոսկվայում այսօր տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան աշխատանքային հանդիպման մասին։ Իհարկե, այդ հաղորդագրությունը խիստ պաշտոնական է, շատ աղքատ է բովանդակային առումով ու, ըստ էության, անդրադարձ է երկու ղեկավարների ներածական խոսքերին։

Դրանցում ուղղակի անդրադարձ չկա այն խնդիրներին, որոնք վերջին շրջանում դարձել են հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների պատճառ։

Վլադիմիր Պուտինը շեշտը դրել է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի վրա, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվանել է դաշնակցային (հարկ է նկատել, որ Պուտինն այդ տերմինն օգտագործում է նաև Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ), ապա ընդհանուր գծերով անդրադարձել է ՀԱՊԿ-ին։ «Կարծում եմ` դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Անկասկած է, որ փակ դռների հետևում Պուտինն ու Փաշինյանը հանգամանալից քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը․ առհասարակ այն, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, առանցքայիններից մեկն է այսօրվա հանդիպման օրակարգում։ Ենթադրելի է, որ Մոսկվան պետք է փորձի Փաշինյանին հակել՝ համաձայնության գալ Բելառուսի ներկայացուցչի ընտրության հարցում։ Ի՞նչ կարող է ստանալ Երևանը դրա դիմաց՝ դժվար է ասել, սակայն փորձագետների մեծ մասը հակված է կարծել, որ Մոսկվան առնվազն չի բարձրացնի գազի գինը՝ այսպիսով Հայաստանը զերծ պահելով տնտեսական լուրջ խնդիրներից ու սոցիալական ճգնաժամից։

Վլադիմիր Պուտինն այսօր վերջապես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առթիվ։ Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ Ռուսաստանի նախագահի ժամկետանց շնորհավորանքը կորցնում է իր քաղաքական էֆեկտը։

Նույնիսկ պաշտոնական տեղեկատվությունը ակնհայտ է դարձնում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքցնել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը։ «Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Սա այն դեպքն է, որ այցերի քանակն ամենևին էլ չի խոսում դրանց որակի մասին։ Օրինակ՝ Պուտինի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին խոսվում է ամիսներ շարունակ, մի քանի անգամ այն հետաձգվել է ու հիմա էլ, կարծես, հստակեցված չեն դրա ժամկետները։ Կամ՝ Փաշինյանը մի քանի անգամ եղել է Մոսկվայում, սակայն այցերից որևէ մեկը պաշտոնական չի եղել ու չի ավարտվել փաստաթղթերի ստորագրմամբ։

Ի դեպ, ուշագրավ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսել է ԵՏՄ-ում արդյունավետ համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն նկատելի ձևով չի անդրադարձել ՀԱՊԿ-ին, որը, ի դեպ, Պուտինի խոսքում առաջնային դեր է ունեցել։

Սակայն շատ ավելի կարևոր է, թե Պուտինն ու Փաշինյանն ինչ են քննարկել կուլիսների հետևում։ Առաջին մանրամասների մասին մենք կիմանանք, թերևս, արդեն վաղը, ինչից հետո կարող ենք ընդհանուր գծերով եզրակացնել, թե որքանով էր արդյունավետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։