Ռոբերտ Քոչարյանին շնորհավորանքի մասին և «Վեդոմոստի»-ի ընթերցողների ընտրությունը

- in Կեղտոտ լվացք

Մոսկվայում դեկտեմբերի 27-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդեց երկու հետաքրքիր տեղեկություն, ըստ էության երկուսն էլ Մոսկվայից, թեև մեկը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Խոսքը Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի մասին էր՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առիթով: ՌԴ նախագահը մաղթել էր առողջություն, արիություն, տոկունություն: Մյուս տեղեկությունը, որ ստացվեց, ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականից է: Պարբերականի ընթերցողները ինչպես ամեն տարի, տարեվերջում ընտրել են «տարվա անհատ»: Եվ նրանք տարվա անհատ են ընտրել Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է, թե ինչի համար: Իսկ «Վեդոմոստի»-ն ամենևին պատահական պարբերական չէ, այն Ռուսաստանի ամենահեղինակավոր պարբերականներից մեկն է: Ի դեպ, թերթի խմբագրությունն իր հերթին տարվա անհատ է ընտրել Անգելա Մերկելին: Հիշենք, Նիկոլ Փաշինյանին առաջիններից մեկը շնորհավորեց Մերկելը, արտահերթ ընտրությունից հետո հայտարարելով, թե սպասում է նրա հետ հանդիպման: Դե իսկ Մերկելի ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան այցը հիշում են թերևս շատերը:

Այդպիսով, Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ տեղեկություն Ռոբերտ Քոչարյանին նրա շնորհավորանքի մասին, և «Վեդոմոստի»-ի ընթերցողների ընտրությունը՝ Տարվա անհատ է Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տեղեկությունները, ըստ էության, բավականին ամբողջական և ընդգրկուն խորհրդանշում են իրավիճակը թե՛ հայ-ռուսական հարաբերության տիրույթում՝ թավշյա հեղափոխությունից հետո առաջացած հանգույցները, դրանց ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական, մենթալ առանձնահատկությունները, և թե՛ խորհրդանշում են այդ ամենի հանդեպ Ռուսաստանի իշխանության և հենց նախագահի քաղաքական-հոգեբանական խնդիրները: Ի վերջո նա լավ է պատկերացնում, որ Ռուսաստանի իշխանության ապագան համապետական հեռուստաընկերությունների լսարանի վրա չէ, որ պետք է հիմնվի, այլ նոր մարդկանց, օրինակ, այդ թվում՝ «Վեդոմոստի»-ի ընթերցողների, որոնք էլ Նիկոլ Փաշինյանին են «տարվա անհատ» ճանաչում:

Քոչարյանին շնորհավորանքը իրականում ոչ այնքան պաշտպանություն է երկրորդ նախագահին, ինչքան հոգեբանական խորքում Պուտինի պաշտպանական ռեակցիան այն իրողությունների հանդեպ, որոնց առաջ է նա կանգնած թե՛ համաշխարհային, թե՛ ներպետական հարցերում: Ընդ որում ակնառու է, որ նրա ճնշումը գալիս է ամենևին ոչ թե Հայաստանում տեղի ունեցածից, այլ ներսից՝ Ռուսաստանում առկա իրադրությունից, որ «արտացոլվում» է «Վեդոմոստի»-ում: Ըստ այդմ՝ նա, անկասկած, լավ է պատկերացնում, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի քրեա-իրավական կամ քաղաքացիա-քաղաքական կարգավիճակը այլևս հարցի լուծում չէ, որովհետև հարցը Հայաստանում չէ, ընդ որում վաղուց՝ դեռ թավշյա հեղափոխությունից էլ առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...