Ռոբերտ Քոչարյանը ծրագրում էր իշխանությունը չթողնել Սերժ Սարգսյանին` ԲՀԿ միջոցով վերցնել խորհրդարանը

- in Հրապարակ
Serj Robert

Գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցությունը շարունակվում է, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորանի մամուլի քարտուղարը: Մհեր Գրիգորյանը հանդիպել էր Գազպրոմի նախագահ Միլլերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են գազամատակարարման հարցեր: Գնի մասին խոսք չկար: Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ գազի գնի հարցում չկա համաձայնություն, քննարկումը շարունակվում է, բայց ինքը լավատես է:

Գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում դառնում է տարբեր մեկնաբանությունների առիթ: Դրանց մի մասը գազի գնի ներկայիս անորոշությունը պայմանավորում է Փաշինյանի հանդեպ Պուտինի դժգոհությամբ:

Նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակներն էլ դրանով հանդերձ խնդիրը ներկայացնում են նոր իշխանության, Նիկոլ Փաշինյանի ապաշնորհության համատեքստում, թե նա ձախողել է հարաբերությունը եւ այն կարող է բերել գազի գնի թանկացման: Անհամաձայնությունն էլ դիտարկվում է որպես ապացույց:

Գազի գինը բարձրացել է պարբերաբար: Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին նաեւ Պուտինի ընկերներն էին: Օրինակ, 2006 թվականին դարձյալ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Ռուսաստանը որոշել է բարձրացնել գազի գինը: ՌԴ նախագահն ու Հայաստանի նախագահը ընկերներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանն էին:

Գազի գնի հարցում կողմերը համաձայնության չէին գալիս մի քանի ամիս շարունակ՝ 2005-ի դեկտեմբերից մինչեւ 2006 թվականի մարտ: Մարտին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտածել է գազի գնի հարցում լուծման մեխանիզմ, որը կներկայացնի Ռուսաստանին եւ հարցը կլուծվի: Այդ մեխանիզմը հետեւալն էր: Հայաստանը Ռուսաստանին վաճառեց Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ էներգաբլոկը: Մինչ այդ խոսվում էր, որ էներգաբլոկով հետաքրքրվում է Իրանը եւ նույնիսկ Չինաստանը: Վաճառքից ստացված 251 միլիոն դոլարը ուղղվելու էր գազի թանկացած գնի սուբսիդավորմանը ներքին շուկայում՝ սպառողի եւ տնտեսվարողների համար:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը թույլ կտա մեր ձեռնարկություններին ռեգիոնում դառնալ մրցունակ, ձեռք բերել առավելություն: Երեք տարի անց՝ 2009-ին, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո արձանագրեց անկման երկրորդ խոշոր ցուցանիշն աշխարհում՝ 14 տոկոս: Դա գուցե նաեւ տնտեսության մրցունակության եւ դիմադրունակության ցուցանիշ էր: Մինչ այդ, մամուլում հայտնվեց տեղեկություն, թե գազի գնի սուբսիդիայի տեսքով քանի միլիոն դոլար էին ստացել երկու ցեմենտի գործարանները, որոնք պատկանում էին Գագիկ Ծառուկյանին եւ Միքայել Բաղդասարովին: Ցեմենտը այդ շրջանում ամենասպառվող ապրանքներից էր, քանի որ բուռն տեմպ էր ստացել կապիտալ բնակարանաշինությունը:

Փաստացի, Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ էներգաբլոկի համար վճարած 250 միլիոնի դոլարի մի զգալի մասը Գազպրոմը հետ ստացավ գազի գնի սուբսիդավորման տեսքով:

Թե ինչու՞ էր Ռուսաստանի նախագահը գազի գնի հարցում այդքան անզիջում իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հարց է: Միաժամանակ հետաքրքիր է, որ գազի հարցը փաստորեն լուծեց Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր է նրանով, որ մոտենում էր 2006 թվականը, 2007-08 ընտրական ցիկլը, Հայաստանի համար աննախադեպ մի իրավիճակ, երբ գործող նախագահը պետք է հեռանար ոչ թե ներիշխանական հեղաշրջման ձեւով, այլ Սահմանադրական մեխանիզմով՝ սպառվում էր նրա երկրորդ ժամկետը: Մինչ այդ, 2005-ին, նա կատարեց Սահմանադրության փոփոխություն եւ որոշակիորեն ընդլայնեց խորհրդարանի ու վարչապետի լիազորությունը: 2006-ին ստեղծվեց Բարգավաճ Հայաստան նախագիծը, որի ստեղծումը կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ:

Միաժամանակ, ներքաղաքական հայտ ներկայացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ռոբերտ Քոչարյանն ըստ ամենայնի ծրագրում էր իշխանությունը չթողնել Սերժ Սարգսյանին, այլ ԲՀԿ միջոցով վերցնել խորհրդարանը, իսկ ԲՀԿ-ն այդ ժամանակ ուներ ահռելի ժողովրդականություն՝ ընդդիմության գրեթե չգոյության պայմաններում: Դրանից հետո ԲՀԿ-ն կարող էր վարչապետ առաջադրել արդեն ծրագրային ելույթներ ունեցող արտգործնախարար Օսկանյանին, որը 2008-ին կարող էր տեղերով փոխվել Ռոբերտ Քոչարանի հետ: Ինչպես գործնականում Մեդվեդեւն ու Պուտինն արեցին, սակայն նրանք խաղարկեցին միայն մեկ ուժ՝ Եդինայա Ռոսիան, իսկ ահա այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պայմանավորվելու էր, այլ ուղղակի չէր թողնելու իշխանության Սերժ Սարգսյանին:

Սակայն Սերժ Սարգսյանը հաղթեց, ու թերեւս ոչ առանց Ռուսաստանի օգնության, Մոսկվային գուցե հավատացնելով, որ Վարդան Օսկանյան նախագահի միջոցով Ռոբերտ Քոչարյանը խաղում է Արեւուտքի հետ: Արդյոք դա չէր նաեւ 2006-ի գազային ճգնաժամի պատճառը, որ հանգուցալուծեց Սերժ Սարգսյանն իր մեխանիզմով:

Տեղի ունեցածն անշուշտ մի կողմից ընկերության, մյուս կողմից միջպետական հարաբերության բալանսի հետաքրքիր դրվագ է, ներկայիս իրողությունների ֆոնին: