Սահմանին գազը կթանկանա, իսկ սպառողների համար՝ ոչ

- in Սոցիալական
Gaz

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնելով, որ ուղեւորվում է զինվորների հետ նոր տարին դիմավորելու, անդրադարձել է Հայաստան մատակարարվող գազի գնին, ասելով, որ այդ առիթով երկու հեռախոսազանգ է ունեցել ՌԴ նախագահի հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, քննարկումների արդյունքում եկել են որոշակի կարգավորումների շուրջ պայմանավորվածության, ըստ դրա՝ սահմանին գազի գինը կբարձրանա, այսինքն Գազպրոմ Արմենիա ընկերությունը Գազպրոմից գազը կգնի ավելի թանկ գնով, բայց սպառողներին Գազպրոմ Արմենիան կվաճառի նույն գնով, այսինքն ներքին սպառողի համար գազը չի թանկանա:

Քանի որ տեղյակ եմ, որ գազի գնի շուրջ մամուլում քննարկումներ են տեղի ունենում, և ասվում է, թե ՀՀ սպառողների համար գազը թանկանալու է, ես ուզում եմ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին: Ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ խոսակցությունների թեման եղել է ՀՀ մատակարարվող գազի գինը, և կարելի է ասել՝ եկել ենք լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, թե ենթադրում է, որ խոսակցություն կգնա հանրության շրջանում այն մասին, որ այդ կարգավորումների արդյունքում Հայաստանը ինչ որ պարտք կկուտակի կամ որոշակի ակտիվներ կփոխանցի Ռուսաստանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսի մեխանիզմների մասին խոսք չկա:

Թե հատկապես ինչ մեխանիզմների միջոցով է սահմանին բարձրացող գազի գինը ներքին սպառողի համար մնալու նույնը եւ այդ կապակցությամբ ինչ պայմանավորվածություններ են եղել ռուսական կողմի հետ, առայժմ մանրամասեր հայտնի չեն: