Սերժ Սարգսյանը շատ լավ էր պատկերացնում, որ կամ ինքը «կհանձնի» ՀՀԿ-ին, կամ ՀՀԿ-ն կհանձնի իրեն

Serzh Sargsyan

Հրապարակ օրաթերթը գրում է, թե ՀՀԿ-ում դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ըստ թերթի, պատճառն այն է, որ Սարգսյանը թույլ չի տվել բողոքարկել խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքը: Նշվում է, թե կուսակցականներն ակնկալել են բողոքարկման արդյունքում տեղամաս առ տեղամաս թեկուզ մի քանիսով ավելացնել ձայներն ու այդպիսով հատել 5 տոկոսի շեմը, սակայն Սարգսյանն ասել է, թե բան չի փոխվի:

Ըստ այդմ, գրում է թերթը, կուսակցությունում տարակուսած են կամ մտածում են, որ Սարգսյանն ուրեմն պայմանավորվել է ինչ որ բան:

Այդ իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ հանդիսատեսը բեմ է հրավիրում համույթին. երկրորդ անգամ են ծափահարություններով հրավիրում բեմ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, մինչեւ որ հինգերորդին համույթը հասկանում է, որ իրեն պարզապես ծաղրում են:

Իհարկե, ՀՀԿ-ում կային մարդիկ, որոնք հասկացել էին ավելի շուտ: Նրանք գերադասեցին չմասնակցել ընտրությանը:

Ամենասկզբում հասկացել էր իհարկե միայն Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ պատվարժան գեներալը, որը մայիսի 1-ին դեմ գնաց բոլորին եւ միակն էր, որ քվեարկեց Սերժ Սարգսյանի «ուղենշած» հայտնի տրամաբանությամբ, որն արտացոլում էր քաղաքական իրավիճակի ամբողջ նրբությունն ու զարգացման հեռանկարները:

Այն, ինչ հասկացել էր Ֆելիքս Ցոլակյանը, չհասկացավ այլեւս ոչ ոք: Մի մասը հետո հասկացավ իհարկե, որ պետք չէ մասնակցել արտահերթ ընտրությանը: Մյուս մասն ինչ որ բաներ սկսել է հասկանալ արդեն ընտրությունից հետո:

Մի մասը գուցե հասկացել է, որ պարզապես ժամանակն է զոհաբերել Սերժ Սարգսյանին, թեկուզ ներկուսակցական հարցեր լուծելու համար: Ի վերջո, առաջիկայում կդրվի կուսակցության նախագահի հարց, հավանական թեկնածուն է Վիգեն Սարգսյանը: Իսկ Սարգսյանն ընդամենը երկու տարի առաջ է անդամակցել ՀՀԿ-ին, այն էլ ոչ թե գաղափարների, այլ քաղաքական իրավիճակի եւ կոնյուկտուրայի բերումով: Իհարկե այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանը միակն է այդ հարցում: Ի վերջո, գործնականում նույն կերպ է կուսակցական եւ առաջնորդ դարձել Սերժ Սարգսյանը՝ 2006 թվականին:

Ընդ որում, հատկանշական է, որ Աշոտ Նավասարդյանից հետո ՀՀԿ-ն գործնականում առաջ է շարժվել առաջնորդներին հանձնելու կամ այսպես ասած «եկվորներին» հանձնվելու ճանապարհով: Օրինակ, 1998-ին հանձնվեցին Վազգեն Սարգսյանին, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ֆորմալ առումով առաջնորդ դարձավ Անդրանիկ Մարգարյանը, բայց դե ֆակտո հանձնվեցին Ռոբերտ Քոչարյանին, 2006-ից հանձնվեցին «եկվոր» Սերժ Սարգսյանին:

Հետո փաստորեն «հանձնեց» Սերժ Սարգսյանը: Այդ մասին գրելու առիթ ունեցել եմ դեռեւս տարիներ առաջ, ու պարբերաբար՝ Սերժ Սարգսյանը շատ լավ էր պատկերացնում, որ կամ ինքը «կհանձնի» ՀՀԿ-ին, կամ ՀՀԿ-ն կհանձնի իրեն: Նա անկասկած հիանալի գիտեր այդ ուժի բնույթն ու հոգեբանությունը:

Սարգսյանին այդպիսով հաջողվեց հասնել գոնե իր համար «չարյաց փոքրագույնին»՝ մինչ ՀՀԿ-ն առաջիկայում «կհանձնի» Սերժ Սարգսյանին, ինչի նախանշանները նրբորեն դրսեւորվում են թերթում հրապարակված լուրի տողատակում, Սերժ Սարգսյանը հանձնեց ՀՀԿ-ին, այսինքն բերեց իշխանությունից հեռանալուն: Բանն այն է, որ Սարգսյանի համար շատ ավելի վտանգավոր էր լինելու, եթե ՀՀԿ-ն իշխող կուսակցության կարգավիճակում «հանձներ» իրեն: Իսկ երբ խորհրդարան չանցած ուժի կարգավիճակում է «հանձնում», Սերժ Սարգսյանի համար դա արդեն հանգիստ է, ոչ թե վտանգ: