Վանեցյանի այսօրվա խոսքի մեջ քաղաքական ակնարկ կա

- in Ով ով է ...

Այսօր Արթուր Վանեցյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ու անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք, իհարկե, առանձին անդրադարձի անհրաժեշտություն ունեն։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում արտահոսք եղավ, որ խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, շրջանառու դրաձվեց մի վարկած, թե իբր ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Այսօր վերջինս, ըստ էության, հերքել է այդ լուրերը։

«Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն»,-ասել է Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենի բացատրությունը, կարծում ենք՝ առավել քան հիմնավոր է ու բացատրելի է մի քանի հանգամանքով։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանի համար այնքան էլ հեշտ չի լինի ԱԱԾ համակարգում գտնել մեկ այլ վստահելի կադր, որն այս պատասխանատու փուլում կփոխարինի Վանեցյանին ու բացի այդ՝ ստեղծված իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանին տակավին չի հաջողվել ստեղծել նոր, ավելի արդյունավետ համակարգ, ԱԱԾ-ն, ըստ էության, հանդիսանում է իշխանության ողնաշարը՝ հաճախ իր ակտիվությամբ փոխարինելով պետական մյուս մարմիններին կամ լրացնելով այն վակուումը, որն առաջանում է ինստիտուցիոնալ անգործության հետևանքով։

Բնականաբար, չենք պնդի, որ նման իրավիճակը շատ համարժեք է դեմոկրատական պետության մեր տեսլականին, սակայն օբյեկտիվորեն Հայաստանում ստեղծվել է հենց նման իրավիճակ, երբ շատ հաճախ օրակարգ թելադրողը ոչ թե քաղաքական ուղերձներն են կամ ապագային միտված երկարաժամկետ ծրագրերը, այլ՝ ԱԱԾ գործունեությունը, ակտիվությունը։ Այս համատեքստում չափազանց մեծ դերակատարություն է վերապահված Վանեցյանին, որն իր իրական ազդեցությամբ շատ ավելի առանցքային գործիչ է իշխանության մեջ՝ համալրելով Նիկոլ Փաշինյանի մերձավորների շրջանակը։

Իհարկե, Վանեցյանի այսօրվա խոսքի մեջ քաղաքական ակնարկ կա, որովհետև եթե նա խոսում է ԱԱԾ տնօերնի պաշտոնում դեռ երկար տարիներ պաշտոնավարելու հեռանկարի մասին, ապա, ըստ էության՝ քաղաքական հայտարարություն է անում, որի իմաստը հանգում է նրան, որ այսօրվա իշխանությունը բավականին երկար է պաշտոնավարելու։

Մյուս կողմից՝ ԱԱԾ-ի համար իսկական «աքիլլեսյան գարշապար» է դարձել գաղտնալսումների գործը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք:

«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասել է Վանեցյանը:

Գաղտնալսումների սկանդալային գործը բազմաշերտ հետևանքներ կարող է ունենալ ու, ըստ էության, պատվի հարց է դարձել հատուկ ծառայությունների համար։

Մի կողմից՝ գաղտնալսումները հասարակական կարծիք են ստեղծում, որ Հայաստանի իշխանությունը գտնվում է անօգնական վիճակում ու ցանկացած ոք, ով տիրապետում է ռեսուրսների, կարող է կասկածի տակ դնել պատերազմող երկրի անվտանգությունը, մյուս կողմից՝ հրապարակված ձայանագրությունները կարող են կասկածի տակ դնել Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը, ինչի վրա հաճախ հղում են անում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ սպառնալով ՄԻԵԴ-ում կասկածի տակ դնել երկրորդ նախագահի կալանավորման հիմքերը։

Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ երկրորդ նախագահի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Պաշտպանական ցանկացած կողմ, այսինքն` փաստաբանների խումբ կամ փաստաբան, կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշումն, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: ՄԻԵԴ-ն այն կառույցն է, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, և ես երևի ամենաշահագրգռված անձանցից եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Վանեցյանը:

ԱԱԾ տնօերնի ինքնավստահությունն ինչ խոսք գովելի է ու հաստատում է այն փաստը, որ Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանի մեղքն ապացուցող բազմաթիվ փաստեր են առկա, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նույնիսկ մեղավորները պետք է պատժվեն միանգամայն օրինական ընթացակարգերի համատեքստում։ Այս պարագայում ուղղակի անհրաժեշտություն է գաղնալսումների պատվիրատուներին բացահայտելը։ Միայն այդ պարագայում կարող ենք խոսել ԱԱԾ գործունեության արդյունավետության մասին ու վստահ լինել, որ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկվող դիմումները չեն կարող որևէ բարենպաստ համատեքստ ստեղծել Ռոբերտ Քոչարյանի համար։