Վարդենիսի քաղաքապետի աթոռի վրա աչք ունեն երբեմնի ՕԵԿ-ականը, նախկին քաղաքապետն ու «գողական» «Չոշեի Մոսոն»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, որն ընդամենը մեկ տարի կառավարեց, օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինքը՝ Հարությունյանը, իր հրաժարականը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով՝ նշելով, որ քաղաքական դրդապատճառ չկա։

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի աթոռի վրա աչք են դրել մի քանի հոգի, մասնավորապես՝ Հարությունյանից առաջ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանը, որի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Նրա մասին, սակայն, վարդենիսցիներն այդքան էլ լավ հիշողություններ չունեն։

Հաջորդ թեկնածուն վարդենիսցի Մովսես Հակոբյանն է, որը քաղաքում հայտնի է «Չոշեի Մոսո» մականունով, ըստ բնակիչների՝ նա քրեական տարրերի, թաղային հեղինակությունների հետ առնչություն ունի եւ նրան որպես «գողական» են ճանաչում։

Այս պահի դրությամբ քաղաքապետի վերջին թեկնածուն նախկին ՕԵԿ-ական Գարսիկ Սաղաթելյանն է, որը 7 ամիս առաջ անձնական խնդիրների պատճառով դուրս է եկել երբեմնի հարազատ կուսակցությունից եւ միայն վերջերս հիմնել է «Վարդենիս հայրենակցական միություն» հիմնադրամը։

«Հրապարակի» հետ զրույցում Գարսիկ Սաղաթելյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր ունեցած ինֆորմացիայով քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...