Փաշինյանի անուղղակի աջակցությունը Օսիպյանին ստանում է հատկանշական երանգ

- in Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում անցնող տարվա ընթացքում սպանությունների վիճակագրության ռեկորդային ցածր ցուցանիշի մասին, որը, ըստ նրա, ամենանվազն է 1990-ից ի վեր:

Փաշինյանի այս գրառումը, անշուշտ, լոկ վիճակագրություն չէ, որքան էլ այն իսկապես կարևոր է: Այդ գրառումը, անկասկած, նաև ունի բավականին շոշափելի քաղաքական համատեքստ, նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում այն տեղեկատվական մթնոլորտը, որ ստեղծված է ոստիկանության աշխատանքի և, մասնավորապես, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործունեության շուրջ: Եվ այդ մթնոլորտում ակնհայտորեն գերակշռում է դժգոհությունը, անարդյունավետության մասին պնդումները, այդ թվում՝ քրեածին վիճակի վատթարացման հղումներով: Եվ ահա այս ֆոնին վարչապետի վիճակագրությունը ստանում է այդ քաղաքական համատեքստը, որում բավականին նկատելի է աջակցությունը ոստիկանապետին: Վարչապետ Փաշինյանն իր գրառումով ըստ էության պատասխանում է ոստիկանապետ Օսիպյանի հասցեին ուղղված բաց կամ անուղղակի քննադատությանն ու տեղեկատվական որոշակիորեն նկատելի գրոհին:

Իրավիճակը հետաքրքիր էր նաև հետընտրական համատեքստում, հաշվի առնելով այն, որ փաստորեն նոր իրավիճակ է, ամբողջական իշխանափոխություն և իշխանության ամբողջական ձևավորման խնդիր, և այդ առումով, իհարկե, բացառված չէ նաև, որ ոստիկանության հասցեին տեղեկատվական որոշակի ալիքը թելադրված է նաև այլ անձանց կամ խմբերի հավակնություններով՝ հասնել ոստիկանապետի փոփոխության և իրենց համար ցանկալի մարդու նշանակման: Փաշինյանն այդպիսով ցույց է տալիս, որ իր օրակարգում չկա ոստիկանապետի փոփոխության հարց: Մյուս կողմից, այստեղ նաև բավականին նուրբ թելով անցնում է վերջին օրերին սուպերվարչապետության թեմայի շուրջ ակտիվացումը, դարձյալ, այսպես ասած, ընդդիմախոսական տոնայնության գերակայությամբ: Փաստորեն, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ վարչապետի ենթակայությամբ ոստիկանությունը գործել է շատ արդյունավետ և կարևոր ցուցանիշով արձանագրել նույնիսկ ռեկորդային հաջողություն: Եվ, ի վերջո, գրառման համատեքստում ուշագրավ է այն զգուշացումը, որ վարչապետը հղում է բռնությամբ որևէ քաղաքական կամ անձնային հարց լուծելու փորձ անողներին՝ ասելով, թե դա կարժանանա լրջագույն հակահարվածի և պատասխանատվության: Այստեղ, իհարկե, տողատակերը մի շարք են, հնարավոր հասցեատերերը բազմազան, ընդ որում՝ թե նախկին համակարգ ներկայացնող շրջանակներից, ու թե՛ նաև տարբեր այլ շրջանակներ:

Այդ առումով հատկանշական է, որ հայտարարությունը հնչում է ՊՊԾ գնդի շարունակվող դատավարությանը զուգահեռ, որտեղ, ի դեպ, յուրօրինակ «ներկայացվածություն» ունի նաև ոստիկանապետ Օսիպյանը, որը եղել է զինված խմբի պատանդը ՊՊԾ գնդի գրավման օրերին: Այդ իմաստով էլ, Փաշինյանի անուղղակի աջակցությունը Օսիպյանին ստանում է հատկանշական երանգ՝ ընթացող դատավարության ֆոնին: Ավելին, «Սասնա ծռեր» խմբի պաշտպանությունն է ստանձնել Զարուհի Փոստանջյանը, որն այժմ ներկայանում է փաստաբանի կարգավիճակով, և այսօր հայտարարել է, թե Հայաստանում այսօր էլ շարունակում է լինել ապստամբության անհրաժեշտություն: Խոշոր հաշվով, այս հայտարարությանն առաջինը պետք է արձագանքեր «Սասնա ծռեր» կուսակցությունը, մեկնաբանելով փաստորեն իրենց նոր փաստաբանի հայտարարությունը և կամ մերժելով այն, կամ ստանձնելով քաղաքական պատասխանատվություն դրա համար: Առաջինը, սակայն, ուղղակի, թե անուղղակի, արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ անելով հերթական զգուշացումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...