Փաշինյանի պատասխան ուղերձը Պուտինին՝ Քոչարյանը Ամանորին կմնա կալանավայրում

- in Վերլուծական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ամանորին կմնա կալանավայրում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը․ լրագրողների հետ զրույցում հայտնել է երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում»,- հեգնանքով ասել է նա՝ նշելով, որ  քննիչը նշել է, որ քանի որ աշխատանքային ժամը վերջացած է, ինքը պետք է գնա:

Նրա դիտարկմամբ՝ իմաստ էլ չկար այսօր նիստը ժամը 5-ին նշանակել, եթե ժամը վեցից հետո այն չէր լինի:

Այս հարցին ինտրիգ հաղորդվեց առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հասցերագրել Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, ուղերձին ավելի ինտրիգային բնույթ հաղորդեց այն փաստը, որ դա հրապարակվեց Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ու դատարանի որոշումից ժամեր առաջ։

Անկասկած է, որ երեկ Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպման կուլիսներում Քոչարյանի հարցը քննարկվել է ու, ըստ ամենյանի, ընդհանուր անհամաձայնությունների դաշտում Մոսկվան որոշել է հրապարակային ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա։ Այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակը հրապարակեց Պուտինի շնորհավորական ուղերձը, դրա գոյությունը պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից։

Կրեմլին մոտ գտնվող Regnum գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովն այսօր ասել է, որ դա «աղաղակող, բարձրագոչ դեմոնստրացիա է, աջակցություն Քոչարյանին ՌԴ նախագահի կողմից»: Նրա որակմամբ,  այդ ուղերձի հասցեատերը միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ, այլև ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի պաշտոնակատարն իր գործողություններում ոչ մեկ անգամ է հաստատել, որ աբսուրդ է Քոչարյանի դեմ մեղադրանքը, դա քաղաքական պատվեր է Փաշինյանի կողմից: Եվ ես կարծում եմ, ու դա այդպես է, որ Քոչարյանի գործոնն էական է ներկայումս Պուտինի և Փաշինյանի հարաբերություններում, հայ-ռուսական օրակարգում: Եվ քանի դեռ Քոչարյանը կալանքի տակ է, այդ գործոնն աշխատելու է և ազդելու է հայ-ռուսական օրակարգի վրա»,- ասել է Կոլերովը:

Կոլերովն, իհարկե, գույները խտացրել է․ Քոչարյանի գործոնն ընդամենը առիթներից մեկն է, որի միջոցով Փաշինյանն ու Պուտինը կարող են փոխադարձ ուղերձներ հասցեագրել։

Հայաստանի իշխանությունը հեշտությամբ չտրվեց Մոսկվայի ճնշմանը ու դա արդեն խոսում է մեր երկրի սուբեկտության մեծացման ու ինքնիշխանության մասին։

Մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է, այսպես ասած, գազային ճնշում գործադրել Հայաստանի վրա ու կասկածից վեր է, որ այս հարցում դեռ լինելու են զարգացումներ։

Երեկ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը չեն կարողացել համաձայնության գալ գազի սակագնի հարցում։ Կրեմլը բավականին մտածված ձևով բանկցությունները տեղափոխել է «Գազմպրոմ»-Հայաստանի կառավարություն հարթություն։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակտար Մհեր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ ավարտվել է իր հանդիպումը «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ:

«Բանակցությունները ավարտված չեն, շարունակվելու են, օդանավակայան եմ մեկնում, չեմ կարող խոսել»,- ասել է Գրիգորյանը։

Կարելի է ենթադրել, որ բանակցությունների այսօրվա ռաունդը նույնպես ձախողվել է, իսկ դեկտեմբերի 31-ին, ինչպես արդեն հայտնի է, ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:

Ռուսաստանի նախագահի մաուլի քարտուղարն այսօր հասկացրել է, որ ցայտնոտի մեջ են ու լուծումներ գտնելու ժամանակը շատ քիչ է։

168.am-ը, հղում անլով իր աղբյուրներին, պնդում է, որ Ալեքսեյ Միլլերը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին ասել է, որ իրենց սահմանած գազի նոր գինն այն է, ինչ ասվել է՝ 215 դոլար՝ այսօրվա 150 դոլարի փոխարեն:

Այս ամենի համտեքստում ակնհայտ է, որ գազի գինը բարձրանալու է, եթե Պուտինի մակարդակով չգտնվեն քաղաքական լուծումներ։ Ի՞նչ է պահանջելու Պուտինը Փաշինյանից՝ դեռ անհայտ է։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ մնում է կալանքի տակ, ապա Մոսկվան առաջիկա օրերին մեծացնելու է ճնշումը Երևանի նկատմամբ։ Արդյո՞ք դա կարտահայտվի հենց գազի սակակագնի բարձրացմամբ, թե՞ Փաշինյանն որոշակի լուծումներ կասրող է առաջարկել Մոսկվային ու ո՞ր հարցերը կարող են դառնալ սակարկելի՝ ցույց կտա ժամանակը։

Համենայն դեպս, Քոչարյանի հարցի քննությունը հետաձգվեց ու սա Փաշինյանի պատասխան ուղերձն էր Պուտինին, որ Հայաստանի նոր իշխանության հետ արդյունավետ չէ խոսել շանտաժի լեզվով։