Քոչարյանը չթողներ նախագահի պաշտոնը, կգնա՞ր այդ քայլին, թե՝ ոչ

serzh-robert

Հայաստանի հանրությունը մի քանի օր է քննարկում է Արցախում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքը, եւ անգամ ոտքով Երեւան հասնելու մտադրությունը, որ արտահայտել են դրա մի քանի տասնյակ մասնակիցները:

Խնդրահարույցն այն է, որ Հայաստանում հանրային զգալի շրջանակներում այդ իրադարձությունն ընկալվել ու մեկնաբանվում է կամ բացահայտ, կամ որոշակի համատեքստում արցախցի-հայաստանցի «ավանդական» բաժանման տրամաբանությամբ:

Մի բան, որը Հայաստանում եւ գործնականում նաեւ Արցախում ստեղծված նոր իրավիճակում բավական հարմար է երկկողմ մանիպուլյացիաների համար: Խորացնելով այդ բաժանումը, որոշ շրջանակներ ստանում են հիանալի հնարավորություն «Արցախը հակահեղափոխության օջախ» դիտարկելու մարտավարության զարգացման համար, դրա վրա կառուցելով քաղաքական միավորների մի մեծ «պահեստարան», իսկ որոշ շրջանակներ էլ ստանում են հնարավորություն նոր իշխանությանը մեղադրել այդ բաժանման տանող քաղաքականության համար:

Միաժամանակ, «ավանդական բաժանումը» ամենեւին նոր չէ որպես ներքաղաքական մանիպուլյացիայի գործիք, թե իշխանության, թե ընդդիմության տիրույթներից: Նախորդ երկու տասնամյակի ընթացքում տարբեր ընդդիմություններ, խաղարկելով դա, փորձել են հանրային ավելի ու ավելի մեծ դժգոհություն ու ատելություն առաջացնել «ղարաբաղյան կլանի» հանդեպ, բացարձակապես թքած ունենալով արցախցի-հայաստանցի բաժանարար տրամաբանության ուղղակի աղետալի հետեւանքի վրա, իսկ իշխանություններն էլ բնականաբար փորձել են պաշտպանվել դրանով, մի կողմից դեմ չլինելով՝ որ ընդդիմությունները խաղան այդ նուրբ լարի վրա, մյուս կողմից թերեւս նոր «լարեր» մատուցելով նրբորեն՝ հետո ընդդիմություններին «դավաճանական» մոտեցումների համար մեղադրելու հաշվարկով:

Այդ համատեքստում ուշագրավ խորհրդանշականությամբ մի կարծիք հնչեց 2008-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ից հետո հայտարարեց, թե ճիշտ կլինի քրեական մեղադրանքի դաշտ տեղափոխել Արցախի եւ Հայաստանի միջեւ սեպ խրելու փորձը:

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ իհարկե գուցե Մարտի 1-ի ազդեցության տակ էր եւ այսպես ասած «տեմպի տակ» փորձում էր հնարավորինս լայն քրեական «մեղադրանքների սպեկտր» կախել ընդդիմության վրա: Հետաքրքիր է, եթե Քոչարյանը չթողներ նախագահի պաշտոնը, կգնա՞ր այդ քայլին, թե ոչ:

Մյուս կողմից, խնդիրն անշուշտ «քրեականացման» տիրույթում չէ, այլ հանրային գիտակցության մեջ, որպեսզի այն ձերբազատվի «արցախցի-հայաստանցի» բաժանման նախադրյալներից, որպեսզի որեւէ քաղաքական շրջանակ չկարողանա խաղարկել դրանք եւ օգտագործել իր նպատակների համար:

Դա հեշտ գործ չէ, հատկապես այն դեպքում, երբ քառորդ դար խնդիրը միայն խորացվել է՝ հենց քաղաքական նկատառումներով: Այդ համատեքստում անելիք ունեն բոլոր հանրային աշխույժ խմբերն ու քաղաքական միավորները, որոնք իրապես առաջնահերթ են դիտարկում հասարակական-քաղաքական կյանքի արդիականացումը:

Նրանք պետք է ձեւավորեն քաղաքական մրցակցության եւ պայքարի շրջանակն ու սահմանները, դրանցից դուրս թողնելով այն հարցերն ու բաղադրիչները, որոնց շարունակական գործածումը սպառնում է ոչ միայն քաղաքական կյանքի նենգափոխումով, այլ նաեւ հանրային գիտակցության այնպիսի աղավաղումով, որը սպառնում է ազգային անվտանգությանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ցանկություն ունեցողներ կլինեն թե Արցախում, անկասկած այդպիսի ցանկություն ունեցողներ հնարավոր է գտնել թե Սյունիքում, թե Արագածոտնում, անգամ Հայաստանի սահմաններից դուրս: Ըստ այդմ, կամ անհամարժեքություն, կամ վտանգավոր դիտավորություն է «տեղայնացնելը»:

Ի վերջո, օրենքի շրջանակում ցանկացածին պաշտպանելը, կամ ցանկացածի պաշտպանվելը իրավունք է, իսկ որեւէ մեղադրանք պետք է հաստատվի անառարկելի ու հստակ ապացույցներով: Իսկ դա իրավապահ համակարգի գործն է, եւ նույնքան վտանգավոր կլինի ընդհանրապես պետական զարգացման ռազմավարության տեսանկյունից, եթե հանկարծ այդ համակարգի գործունեության զուտ մասնագիտական անարդյունավետությունը փորձ արվի ծածկել հանրության բարոյական գնահատականների վրա կառուցվող երկկողմ մանիպուլյացիաներով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...