Ազգային ժողովը կարծես սկսում է լուրջ գործով զբաղվել

- in Հրապարակ
AJ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հայտարարություն տարածել, որում ասվում է. «ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին: Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ»:

Հայտնի է դարձել նաեւ, որ «ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։

Կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Ըստ նրա՝ ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիրակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէր, եւ ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով:

Այսպիսով, նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կոշտ դիմակայությունը քաղաքական նախաձեռնությունների տեսքով շարունակվելու է նոր ԱԺ-ում: Ընդ որում, տպավորություն է, որ ԲՀԿ նախաձեռնությունը պատասխան է ավելի վաղ արված ԼՀԿ-ի առաջարկին:

Միքայել Մելքումյանի հայտարարության մեջ ակնարկվում է, որ ԲՀԿ-ն նման պարտավորություն է ստանձնել Ռուսաստանի իշխող՝ Եդինայա Ռոսիա կուսակցության հետ համագործակցության շրջանակում: ԲՀԿ-ն նոր խորհրդարանում էլ դիրքավորվելու է որպես պրո-ռուսական ուժ:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտնի է իր պրո-արեւմտյան դիրքորոշմամբ, եւ ժամանակին դեմ է եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այդ հարցը բարձրացնելով նաեւ նախորդ խորհրդարանում:

Այսպիսով, առկա է երկու առաջարկ նույն հարցի վերաբերյալ, բարց տարբեր բովանդակությամբ: Իշխող կուսակցությունն այս պարագայում մնում է «կենտրոնում», եւ հնարավոր է սա նոր խորհրդարանի «հավասարակշռության» մոդելն է դառնալու:

ԵՏՄ խնդիրը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, եւ պետք է հուսալ, որ թե այդ, թե մյուս կարեւոր խնդիրները կմնան քաղաքական քննարկումների տիրույթում, այդպիսով խորհրդարանն իսկապես դարձնելով քաղաքական հարթակ: