Putin Aliev

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն հետաքրքրված է ռուսական սպառազինությամբ, Ռուսաստանն արդիական զինտեխնիկայի հուսալի մատակարար է, իսկ թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ կհամաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ: Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ռուսական ՌԻԱ Նովոստիին:

Ալիեւը գայթակղու՞մ է Մոսկվային նոր միլիարդներ վճարելու պատրաստ հաճախորդության հեռանկարով, թե՞ Ալիեւը հայտնում է Մոսկվային հաճախորդ լինելու պատրաստակամություն՝ դրա դիմաց չպահանջելով սպառազինությունն Արցախի եւ Հայաստանի դեմ օգտագործելու քաղաքական իրավունք:

Տարիներ շարունակ Ռուսաստանն ադրբեջանական սպառազինության թիվ մեկ մատակարարն էր եւ իրականացրել է 5 միլիարդ դոլարից ավելի մահաբեր զենքի մատակարարում: Դրան զուգահեռ, սակայն, Մոսկվան Բաքվին էր «մատակարարում» այդ զենքը կիրառելու «քաղաքական իրավունք»: Դա արվում էր գրեթե բացահայտ հակահայկական քաղաքականությամբ, երբ Ռուսաստանն ավելի շուտ թողնում էր Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակցի տպավորություն:

Այդ ամենը հասունացրեց 2016-ի ապրիլյան քառօրյան, քայլ առ քայլ: Ադրբեջանը գլխավորապես այդ քաղաքական իրավունքի համար էր մատակարար ընտրել Ռուսաստանին, հաշվի առնելով հենց այն, որ Մոսկվան Հայաստանի ֆորմալ դաշնակիցն էր: Այդ պայմաններում կարելի է պատկերացնել, թե քաղաքական ինչ ազդեցություն է ունենում, երբ ֆորմալ դաշնակիցը բացահայտ պատերազմով սպառնացող պետությանը մատակարարում է ավելի մեծ քանակությամբ եւ արդիական տեխնիկա, քան դաշնակցին:

Դա փաստացի խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան քառօրյայից հետո, ապրիլի 6-ին, Բեռլինում Մերկելի հետ ասուլիսում, նշելով 80-ականների սպառազինության եւ «հզոր հովանավորներ» չունենալու մասին:

Մինչ հետապրիլյան իրողությունը, հատկանշական էր օրինակ, որ 2015 թվականին Բաքուն Հայաստանի Տավուշի մարզի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ինտենսիվ հրետանակոծում եւ հրթիռակոծում սկսեց ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Իսկ Լավրովը Բաքվում հույս էր հայտնել, որ Ադրբեջանը աշխուժորեն կմասնակցի Ռուսաստանում սպասվող ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Այսինքն, արտգործնախարարի մակարդակով Մոսկվան սպառազինության նոր քանակ գնելու առաջարկ էր արել Բաքվին: Դա ապրիլյան գրոհից մի քանի ամիս առաջ էր՝ 2015-ի սեպտեմբերի 1-ին: Սեպտեմբերի 2-ից Բաքուն սկսեց Տավուշի ինտենսիվ հրետանակոծումը, որը դադարներով շարունակվեց գրեթե ամբողջ սեպտեմբերի ընթացքում եւ հանգեցրեց անգամ խաղաղ բնակչի մահվան՝ Նոյեմբերյան քաղաքից: Ընդ որում, Ադրբեջանը հրետանակոծում էր փաստորեն ոչ միայն սահմանին մերձ բնակավայրերը, այլ նաեւ զգալի հետ գտնվող Նոյեմբերյան քաղաքը:

Հետո եղավ արտահոսքը ռուսական մամուլում, թե ինչ զենք պետք է ստանար Հայաստանը, բայց չի ստացել:

Մի քանի ամիս անց եղավ ապրիլյան գրոհը: Ապրիլյան քառօրյայում հայկական բանակը շատերի համար գուցե անսպասելի կանգնեցրեց Ադրբեջանին եւ առնվազն ստիպեց կնքել հրադադար, վերականգնելով տարիներ շարունակ խախտված ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Ռուսաստանն արեց հետեւություններ, բախվելով մի կողմից հայկական բանակի դիմադրությանը, մյուս կողմից՝ Հայաստանի հանրության:

Շոշափելով լրջագույն խնդիրները, Մոսկվան որոշակիորեն արգելակեց Բաքվին նոր սպառազինության մատակարարումը, իսկ Հայաստանը ստացավ Իսկանդերը:

Ինչ է ուզում Ալիեւն այժմ, կամ Մոսկվան: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը սպառազինության գնման մասին դարձյալ խոսում է մի կողմից Լավրովի հայտնի հայտարարության ֆոնին՝ արցախյան խնդրում հանգուցալուծում գտնելու Բաքվի կառուցողականության մասին, մյուս կողմից Բաքվում ընդդիմության բավական մեծ հանրահավաքի:

Բաքվի կառուցողականության մասին Լավրովի հայտարարությունը Հայաստանում ընդունեցին տագնապով, բայց տագնապի առիթն ըստ երեւույթին ավելի շուտ Բաքվի համար էր, քանի որ այլ բան, քան Բաքուն «խելոք» է, դա չէր նշանակում: Ի՞նչ է ուզում ասել Ալիեւը դրանից հետո, հայտնելով ռուսական սպառազինությամբ հետաքրքրվածություն: Որ «խելոք» չէ՞, թե՞ որ Մոսկվայից խնդրում է «խելոք չլինելու» թույլտվություն, պատրաստ լինելով ռուսական ռազմարդյունաբերությանը վճարել նոր միլիարդներ: Թե՞ Մոսկվան մի ձեռքով «խելոք» համարելով Բաքվին, մյուս ձեռքով փորձում է Բաքվի պատրաստակամությամբ Երեւանին «սանձել»:

Կբարձրացնի՞ Հայաստանը Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցը ՀԱՊԿ առաջիկա քննարկումներում: