ԱՄՆ ձգտելու է կազմել համաշխարհային հակաիրանական կոալիցիա, ի՞նչ է անելու Հայաստանը

- in Վերլուծական

ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ ձգտելու է կազմել համաշխարհային հակաիրանական կոալիցիա, որպեսզի Իրանին ստիպեն դադարեցնել հովանավորել ահաբեկությունը: Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցում է պահանջելու նաև եվրոպական երկրներից:

Ինչ հաջողություն կունենա ԱՄՆ Իրանի շուրջ այդպիսի կոալիցիա ձևավորելու հարցում, դեռ, իհարկե, բարդ է ասել, կամ հնարավոր չէ ասել, և միայն կարող ենք դատել գործընթացից ու դրա արդյունքից, սակայն անկասկած է, որ Նահանգների այդ ջանքը նշանակելու է Իրանի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություն, ինչն էլ իր հերթին նշանակելու է մթնոլորտի փոփոխություն նաև Կովկասում: Սա, հավանաբար, հիմք կտա շատերին խոսել Հայաստան-Իրան հարաբերության մասին՝ ԱՄՆ քաղաքականությունը դիտարկելով դրա սպառնալիք:

Արդեն իսկ գազի գնի թանկացման ֆոնին հնչում են տեսակետներ, թե անմտություն է ակնկալել, որ ԱՄՆ Հայաստանին թույլ կտա գազ ստանալ Իրանից: Թե ինչու պետք է ԱՄՆ դա թույլ չտա, այդքան էլ հանգամանալից չի պարզաբանվում, սակայն տվյալ պարագայում խնդիրը, անշուշտ, գազը չէ, այլ հայ-իրանական հարաբերությունն ընդհանրապես՝ ամերիկյան հակաիրանական քաղաքականության ծիրում: Այստեղ իրավիճակի գնահատման գործընթացում գերակայում է մեխանիկական դիտարկումը՝ եթե ԱՄՆ գնում է Իրանի դեմ, ուրեմն ինքնաբերաբար դեմ է գնալու Իրանի հետ դրական, կառուցողական ցանկացած հարաբերության: Իրականում բավականին պարզունակ է դիտարկել միջազգային հարաբերությունն այդ մեխանիկական տրամաբանության մեջ, ըստ այդմ՝ այդ մեխանիկան տարածել հայ-իրանական հարաբերության վրա: Այլ հարց է, որ ԱՄՆ հակաիրանյան արշավը կարող է պարարտ առիթ կամ միջավայր լինել այն ուժերի գործունեության համար, որոնք իրականում ակնկալում են խնդիրներ հայ-իրանական հարաբերության ուղղությամբ, պատրաստ են ստեղծել դրանք՝ պատասխանատվությունը թողնելով ԱՄՆ քաղաքականության վրա և դրան տուրք տալու համար մեղադրելով գործող իշխանությանը:

Մյուս կողմից, սակայն, այդ առիթը չտալու համար ժամանակն է ըստ էության զբաղվել նոր իրողությունների պայմաններում հայ-իրանական հարաբերության մշակման կամ վերամշակման գործով՝ հասկանալու համար, թե ինչպիսին է այդ հարաբերության միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարը, արգելափակելով տարատեսակ տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների հնարավորությունը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան հայտնի այցից, Իրանի առնչությամբ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամերիկյան կողմի մոտ լիարժեք ըմբռնում է եղել Իրանի կարևորության առնչությամբ Հայաստանի փաստարկների կապակցությամբ: Ամերիկյան կողմի մոտ այդ ըմբռնումը եղել է գործնականում միշտ: Միակ բանը, որ կարող է առաջացնել ըմբռնման խնդիր, դա Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականությունն ու սուբյեկտությունն է, և սա արդեն խնդիր է գործնականում բոլոր ուղղություններով՝ բոլոր չորս հարևանների և Ռուսաստանի: Այսինքն՝ խնդիրն այն չէ, թե Հայաստանն ում հետ ինչքան է հարաբերվում՝ եթե, իհարկե, չկա հարաբերության այնպիսի բնույթ ու տրամաբանություն, որը պարունակում է միջազգային անվտանգության համակարգի սպառնալիք կամ մարտահրավեր: Խնդիրն այն է, թե արդյո՞ք հարաբերվողը Հայաստանն է, և հարաբերության առնչությամբ որևէ հարց ծագելու դեպքում Հայաստանի բացատրությունն է «վավերը», ոչ թե Հայաստանը կարող է բացատրել մի բան, բայց անել բոլորովին այլ բան, ինչը թելադրում է որևէ երրորդ կողմ: Այս հարցն է, որ պահանջում է սկզբունքային դիրքավորում: Այլ միջազգային պահանջ, Իրանի և նաև որևէ այլ հարցում, Հայաստանի առաջ չկա և գործնականում չի եղել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: