Արարատ Միրզոյանը արդարություն է հաստատելու խորհրդարանում

- in Ով ով է ...

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հավաստիացնում է, որ արդարություն է հաստատելու խորհրդարանում:

«Այո, որոշ պատգամավորներ, մեքնենաերով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ՝ ոչ: Որոշ պատգամավորներ երեք սենյականոց սենյակներում էին աշխատում, որոշները՝ ոչ: Ես արդեն մեր ֆրակցիայի կազմում առիթ ունեցել եմ այս մասին խոսելու և ասել եմ, որ ստանդարտիզացիայի կողմնակից եմ: Եվ մենք գուցե շուտով ունենանք նաև մի ձեռնարկ, որտեղ թղթին գրված կլինի, որ, օրինակ, ԱԺ պատգամավորը պետք է ունենա 8 քմ տարածքով սենյակ, ֆրակցիայի ղեկավարը՝ այսպիսի սենյակ: Եթե հանգստի սենյակ մեկին հասնում է, բոլորը պետք է ունենան»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նույն վերաբերմունքը, նրա խոսքով, բացակայությունների հետ կապված է լինելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերահսկելո՞ւ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետագայում չբացակայի նիստերից: Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ուզում անձնավորել հարցադրումը:

«Պատգամավորները հո իմ աշխատակիցները չեն, սա տարբերվող հիմնարկ է, և այստեղ պատգամավորներին գործուղել են մարդիկ՝ իրենց քվեով: Եվ այդ պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսևորեն այս ինստիտուտի նկատմամբ և իրենց ստացած քվեի նկատմամբ: Բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով: Հակառակ դեպքում պետք է պատգամավորն ունենա հարգելի բացակայություն: Եթե այլ պատգամավորների մոտ հարցեր կծագեն երրորդ պատգամավորի ներկայացրած բժշկի թղթի վերաբերյալ, ապա այդ տեղեկանքը կարող է նաև փորձաքննվել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե հրաժարվելո՞ւ է իր ԱԺ նախկին նախագահների կողմից շահագործված ծառայողական մեքենայից, նա պատասխանեց, որ առայժմ ոչ: Ասաց, որ գուցե չորս տարի անց փոխի այդ մեքենան, բայց ոչ հիմա: Ինչ վերաբերում է աշխատասենյակի վերանորոգմանը, նա հաստատեց, որ կվերանորոգվի իր սենյակը:

Միրզոյանն ասաց, որ շատ հին են որոշ սենյակներ, վերանորոգման կարիք կա: Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Իմ քայլը դաշինքը ԱԺ երրորդ փոխնախագահի ԲՀԿ թեկնածուին սատարում: «Տեղի են ունեցել ընտրություններ, ժողովուրդը ձևավորել է այն համամասնությունը, որը կա: Եվ Լուսավոր Հայաստանի առաջնորդ շատ հարգարժան էդմոն Մարուքյանն ընտրարշավի ժամանակ բազմիցս ասել է՝ այս ընտրություններում ժողովուրդը ձևավորում է ոչ այնքան իշխանություն, որքան ընդդիմություն:

Մասնակիորեն համաձայնելով այս պնդման հետ՝ պետք է արձանագրենք, որ ժողովուրդն ընտրել է ընդդիմություն այն համամասնությամբ, որը կա: Մենք կարծում ենք, որ իրավունք չունենք մեզ վերապահել ժողովրդի քվեով ձևավորված այս համամասնությունը խախտելու իրավունքը:

Մեծությամբ երկրորդ խմբակցությանն ու ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի թեկնածուին կողմ կքվեարկենք: Սա մեր չեզոք դիրքորոշումն է, հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ Իմ քայլը դաշինքը ձևավորում է սիրելի ընդդիմություններ կամ ինչպես նախկինում էին ասում՝ գրպանային ընդդիմություն»,- ասաց նա: Արարատ Միրզոյանը նաև ասաց, որ ԱԺ աշխատակազմում փորձագիտական լուրջ կենտրոն ձևավորելու կարիք կա:

7-րդ գումարման Ազգային ժողովը հրաժարվելու է տարիների ընթացքում ձևավորված արձագանքող դերից:Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանը:

«Իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70%-ից ավելի ընտրողների վստահության քվեն, խորհրդարանական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նաև պետք է դառնա ավելի նախաձեռնող, հրաժարվելով արձագանքողի տարիներ շարունակ ձևավորված իր դերից: Իմ եռանդը ներդնելու եմ նաև խորհրդարանական միասնական օրակարգ ձևավորելու գործում»,- ասաց Միրզոյանը:

Նախկին առաջին փոխվարչապետը նշեց, որ կառավարությունում իր առաքելությունն ավարտել է ու պատրաստ է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը:

«Հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության և իրավունքների: Հենց այս գաղափարներն էին ընկած նաև մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության և հարյուր հազարավոր քաղաքացիների նվիրումի ու պայքարի հիմքում: Ի թիվս այդ քաղաքացիների, իմ համեստ ջանքերն էլ բխում էին հենց այս հավատամքից: Քաղաքացիական և քաղաքական պայքարի մի քանի տարիների և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած 1 տարվա ընթացքում: Նույնն էր և հեղափոխությունից հետո, առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, որտեղ իմ առաջնային առաքելությունը համարում էի հնարավորն ու անհնարինը անելը, որ պետական մեքենան սահուն անցում ապրի և ավելի արդյունավետ շարունակի իր աշխատանքը հեղափոխության և Նոր Հայաստանի հռչակած կանոններով: Այժմ գործադիր իշխանությունում իմ առաքելությունն ավարտված է, և, ձեր համաձայնության դեպքում, ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը»,- նշեց ԱԺ նախագահի թեկնածուն:

Արարատ Միրզոյանը նշեց, որ իր թեկնածությունն այս պաշտոնում հատկապես պատասխանատու և պարտավորեցնող է դառնում այն գիտակցմամբ, որ նոր խորհրդարանը ձևավորվել է արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում:

Արարատ Միրզոյանը հետևողական է լինելու ԱԺ պատգամավորների բացակայությունների հարցում:

Այս մասին Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին. «Ես համոզված եմ, որ ոչ միջազգային հարթակներում, ոչ էլ մեր պետության կառավարման համակարգի ներսում լիարժեք հարգանքը չի կարող լինել, եթե ներսից պատշաճ հարգանք չլինի: Անհարգելի բացակայությունները խնդիր էին, որոնց բախվել ենք ԱԺ նախորդ գումարումների ընթացքում: Այստեղ ես փոխզիջում չեմ տեսնում, և պետք է հետևենք բացակայությունների հարցին: Անհարգելի բացակայությունների դեպքում սահմանվում է ընթացակարգ: Հարգելի բացակայությունների դեպքում պետք է տեսնենք մեկնաբանությունը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...