Նախկին համակարգն բարքերն արդեն ներխուժում են ՊՆ ավտոբուս

- in Կեղտոտ լվացք

Հանրությանը վրդովեցրել է նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի անձինք երթեւեկության եւ հասարակական կարգի կոպիտ խախտմամբ կանգնեցրել էին զորակոչիկ տեղափոխող ՊՆ ավտոբուսն ու ներխուժել սրահ, ուժ կիրառել այնտեղ գտնվող հավաքակայանի տեսուչի, վարորդի նկատմամբ:

Ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ միջադեպի մասնակիցներից մեկը հայտնաբերված է, մյուսը որոնվում է:

Հասարակության տարբեր շրջանակների հասկանալիորեն վրդովեցրել է հանդգնությունը, երբ փաստացի հարձակման է ենթարկվում ՊՆ ավտոբուսը, այն էլ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում: Խնդրի այս կողմը միանգամայն հասկանալի է, եւ հանրային վրդովմունքը չունի ավելորդ բացատրության կամ մեկնաբանման կարիք:

Կա մյուս կողմը: Իսկ ինչպիսին կլիներ հանրային վերաբերմունքը, եթե միջադեպի մի կողմում չլիներ ՊՆ կարգավիճակը: Թերեւս հնարավոր է վստահ ասել, որ միջադեպը չէր արժանանա ուշադրության, կամ ուշադրությունը կլիներ շատ փոքր ու կարճատեւ, հպանցիկ: Որովհետեւ «շարքային» կյանքում, «հասարակ» օբյեկտների միջեւ այդօրինակ միջադեպերը Հայաստանում վաղուց, տարիներ շարունակ գտնվում են հասարակական հարաբերության որոշակի «նորմի» կարգավիճակում, «հանրային կյանքի նորմատիվի» յուրօրինակ կարգավիճակում:

Մեր հանրային կյանքը տարիներ շարունակ հագեցել է «առօրյա խուլիգանության» որոշակի չափաբաժնով, եւ հասարակությունն արձագանքում է այն դեպքում միայն, երբ լինում է դրանից նկատելի «շեղում»: ՊՆ ավտոբուսի դեպքն այդ շեղումներից մեկն էր եւ հանրային արձագանքը, միանգամայն հասկանալի վրդովմունքով հանդերձ, ակամայից, ենթագիտակցական առումով ընդվզում է ավելի շատ ոչ թե տվյալ երեւույթի եւ մշակույթի, այլ «առօրյա նորմից» դրա շեղման դեմ:

Բնորոշումը կարող է լինել տարբեր՝ քրեական բարքեր, քուչի մտածողություն, թե որեւէ այլ տարբերակ, սակայն այն վաղուց դուրս է եկել իրեն բնորոշ լոկալ միջավայրերից եւ արդեն տարիներ շարունակ շատ ազատ ու անկաշկանդ շրջում է քաղաքում, ավելի ու ավելի մարգինալացնելով քաղաքային մյուս միջավայրերը: Դրա պատճառները շատ են, ընդ որում մի զգալի մասը գալիս է թերեւս խորհրդային անցյալից, երբ հանրային տոտալ վերահսկողության խնդիրը խորհրդային իշխանությունը լուծում էր նաեւ քրեական մտածողության վրա հենվելով:

Հետխորհրդային Հայաստանի իշխանությունը աստիճանաբար անցավ ավելի առաջ, ավելի ամուր հենվելով քրեական մտածողության ու մշակույթի վրա եւ գործնականում իբրեւ համակարգ ամրանալով դրա շնորհիվ: Քրեական տարրը աստիճանաբար դարձավ իշխանության ոչ միայն հենարան, այլ նաեւ վերարտադրության առանցքային գործիքներից մեկը: Բնականաբար, դա ենթադրելու էր նաեւ այդ տարրի հանրային ազատության ապահովում: Եվ դարձյալ, իշխանության արձագանքն էլ կարող էր լինել հատու, եթե լիներ նախատեսված լայն շրջանակից եւ նորմից որեւէ շեղում, որն արդեն խնդիր կարող էր առաջացնել իշխանության քաղաքական դեմքի եւ նկարագրի համար:

Այժմ նախկին համակարգը չկա, բայց նոր իշխանության պարագայում էլ բաց է քրեական մշակույթի կամ գողական բարքերի հարցը: Այն պետք է տրանսֆորմացվի եւ փորձի ազատորեն գտնե՞լ իր տեղը նոր Հայաստանում, թե՞ պետք է դրվի այդ մշակույթը հանրային տարածքներից դուրս մղելու եւ մարգինալացնելու քաղաքական խնդիր, դրանից բխող համալիր գործողություններով, որոնք պետք է ենթադրեն թե տեղեկատվա-քարոզչական ու կրթական ուղղություն, թե վարչա-հրամայական:

Նախկին իշխող համակարգը չի արտահայտվել միայն խոշոր կապիտալի եւ քաղաքական իշխանության սերտաճումով, այլ նաեւ հանրային մի շարք տարածություններում տարբեր դրսեւորումներով, այդ թվում առանցքայիններից մեկը՝ քրեական կամ գողական կոչվող մտածողությունը:

Այսօր այն ներխուժում է ՊՆ ավտոբուս: Դա հետեւանք է, որը կարող է այդպիսի դրսեւորում ունենալ վերջին անգամ, դա չի նշանակում, որ այլեւս այդպիսի դրսեւորում չունենալը հավասարազոր է խնդիր չունենալուն: Այդ երեւույթը տարիներ շարունակ ոչ թե ներխուժել, այլ ներդրվել է հանրային կյանք: Այն պետք է դուրս բերվի, իսկ դրա համար պետք է ձեւակերպվի հստակ քաղաքական խնդիրը: Այլապես կստացվի, որ ՊՆ ավտոբուսի միջադեպի առիթով առաջացած աղմուկը ընդամենը փոխզիջման ակամա, ենթագտակցական առաջարկ է՝ «նորմից մի շեղվեք»: Մինչդեռ հանրային զարգացումների, հանրային համակեցության կառուցման խնդրի տեսանկյունից շեղումը տեղի է ունեցել տարիներ առաջ, ընդ որում քաղաքական որոշման մակարդակում: