Բաբաջանյան փողոցում մահացու վրաերթի ենթարկված 80-ամյա տատիկի ու 3-ամյա թոռնիկի գործը

- in Իրավունք
vtar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Լևոն Խաչատրյանի գործի դատական քննությունը:

29-ամյա Լևոն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Վրաերթի զոհ են դարձել 80-ամյա տատիկն ու 3-ամյա թոռնիկը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 14-ին, ժամը 11-ն անց 20-ի սահմաններում Լևոն Խաչատրյանն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով երթևեկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ:

Բաբաջանյան 140 շենքի մոտ Լևոն Խաչատրյանը վրաերթի է ենթարկել փողոցը դանդաղ վազքով հատող հետիոտներ, տատ ու թոռ Ծաղիկ Գրիգորյանին ու Սերյոժա Գևորգյանին:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Խաչատրյանը հետիոտներին տեսնելու պահից հնարավորություն է ունեցել կանխելու վրաերթը, սակայն բավարար միջոցներ չի ձեռնարկել դրա համար, նա, ըստ մեղադրանքի, առանց արգելակելու մանևրել է դեպի աջ ու մեքենայի ձախ մասով վրաերթի է ենթարկել տարեց տատիկին ու մանկահասակ թոռնիկին:

Վրաերթը տեղի է ունեցել տուժած երեխայի 22-ամյա մայրիկի աչքի առաջ: Դատարանում վերջինս ասել է, որ դեպքի պահին չորսով էին՝ տատիկը բռնել էր Սերյոժիկի ձեռքը, ինքը գրկել էր կրտսեր որդուն՝ Էրիկին: Իրենք սկսել են հատել Բաբաջանյան փողոցը: Փողոցի մի կեսը հատել են, հասել են կանաչապատ տարածքին: Ինքը նայել է աջ, մի մեքենա իրենց զիջել է՝ լույսերով անցնելու ազդանշան տալով, բայց ինքը, չի կարող ասել՝ ինչու, փողոցը չի անցել: Երբ կողք է նայել, տեսել է, որ տատիկը երեխայի ձեռքը բռնած՝ անցնում է փողոցը: Եվ նույն պահին տեսել է նրանց ուղղությամբ արագ ընթացող մի մեքենա. «Տեսա՝ չեմ կարա ոչ մի բան անեմ… Էրեխես շպրտվեց… Տատիկը օդ նետվեց… Ես վազեցի երեխայիս մոտ…»:

Վկան ասել է, որ տաքսու անծանոթ վարորդի օգնությամբ երեխային դրել են տաքսու մեջ, տարել են հիվանդանոց, այնտեղից երեխային տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց. «Երեխայիս անմիջապես տարան վիրահատարան, երկու անգամ վիրահատեցին, բայց չօգնեց… Օրուկես դիմացավ երեխես…»:

Ըստ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության՝ ամբաստանյալի «BMW» մեքենայի արգելակման, ղեկային համակարգերը, ընթացամասերը դեպքի պահին աշխատունակ են եղել: Վարորդը տեխնիկական հնարավորություն է ունեցել, բայց ժամանակին միջոցներ չի ձեռնարկել վրաերթը կանխելու համար այն հաշվով, որ հետիոտները դուրս գան վտանգավոր գոտուց:

Դատաքննության ընթացքում Լևոն Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, թե տուժողները ճանապարհը հատել են անթույլատրելի վայրում: Իր առջևից ընթացող մեքենան, որի մակնիշն ու համարանիշն ինքը չի հիշում, դանդաղեցրել է ընթացքը: Ինքը միայն այդ պահին է նկատել, որ իր վարած մեքենայի դիմաց հայտնվել է մի տարեց կին: Ինքը մանևրել է, բայց վրաերթից խուսափել չի կարողացել՝ մեքենայի ձախ մասով հարվածել է կնոջը: Մինչև հարվածելու պահը ինքը չէր նկատել, որ տարեց կնոջ հետ նաև երեխա կա, երեխային նկատել է հարվածից հետո… Տարեց կինն ընկել է իր մեքենայի ձախ կողմում, իսկ երեխան՝ առաջին ընթացագոտում…

Վրաերթից հետո իր մեքենան կանգնեցրել է: Ինքը գտնվել է շոկային վիճակում, այդ պատճառով տուժողներին չի կարողացել օգնություն ցուցաբերել…

Դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալ Լևոն Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը հանգել է եզրակացության, որ մեղսագրված արարքի համար Լևոն Խաչատրյանի մեղավորությունը դատական քննության ընթացքում հաստատվել է:

Դատարանը հաշվի է առել, որ հատուցվել են տուժողների հուղարկավորության ծախսերը:

Լևոն Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 6 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 28-ից:

Լևոն Խաչատրյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 184 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում: