Aroxjapahutyun

Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում: Մարդիկ, որոնք զբաղվում են նարգիլեի բիզնեսով կամ աշխատում են այնպիսի սրճարաններում եւ բարերում, որտեղ նարգիլեներ կան, բողոքում էին այն որոշման դեմ, ըստ որի՝ այսուհետ արգելվելու է նարգիլեի օգտագործումը սրճարաններում, բարերում:

Մարդիկ տարբեր պաստառներով եւ վանկարկումներով նշում էին «Թողեք աշխատենք», «Նարգիլեն ծխախոտ չէ», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս», «Չեմ ուզում արտագաղթել», «1000-ից ավել աշխատատեղ»:

Ցուցարարների հետ բանակցության եկավ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Ցուցարարներից մեկը փոխնախարարին ասաց. «Եկեք հասկանանք նարգիլեն վնաս է ինչի՞ց, Կոկա-կոլայից, Թուրքիայից ներմուծված լոլիկից»: Ի պատասխան Նանուշյանը ասաց, որ առաջին գործոնը, որն ազդում է թոքերի քաղցկեղի թվի վրա դա նարգիլեն է եւ ծխախոտը:

Ցուցարարներից մեկը ասաց, որ Նանուշյանի հետ պետք չէ շարունակել, քանի որ նա այս ամենին չի տիրապետում, ինչը վրդովեցրեց փոխնախարարին. «Շատ բորբոքոված եք, հասկանում եմ, դուք առողջության մասնագետ չեք»,- ասաց Նանուշյանը:

Ցուցարարներից մեկն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կլինեն ոչ միայն առողջապահության նախարարության աշխատակիցներ, այլ նաեւ իրենք, որպեսզի երկկողմանի փաստարկներով քննարկեն հարցը: Նանուշյանը ասաց, որ աշխատանքային խումբ չի կազմվելու, այլ հանդիպում է լինելու: Նանուշյանը նրանց առաջարկեց գալ կոնկրետ փաստերով եւ կոնկրետ առաջարկներով. «Պատրաստ ենք ձեզ լսել կոնկրետ առաջարկներով, որը չի վնասի մարդկանց առողջությանը»:

Նանուշյանը նաեւ ասաց, որ կլսեն, թե այդ ինչ խնդիր կունենան ցուցարարները, որ բիզնես պետք է փակվի: Նանուշյանը հորդորեց՝ հայտարարություններ անելուց խոսել փաստերով: Առաջիկա օրերին նախատեսվում է հանդիպում, սակայն դեռ հստակ չէ, թե երբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...