ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե իրենց քննադատողներին կպատասխանեն «դոկումենտալ» նյութերով, փաստացի կրկնել է և ասել, որ «բոլորի վրա էլ ունեն» այդպիսի փաստեր: Խոշոր հաշվով ստացվում է, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտին, ընդդիմախոսներին, մրցակիցներին սպառնում է «կոմպրոմատներով»:

Համենայն դեպս, Ծառուկյանն անում է մի հայտարարություն, որն առնվազն կարիք ունի առավելագույնս հստակեցման ու ճշգրտման, և զարմանալի է, որ դա չեն արել լրագրողները: Թեև այս դեպքում արդեն դա գուցե իրավապահների գործն է:

Համենայնդեպս, տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է հետաքրքրվեն, թե ԲՀԿ նախագահը ի՞նչ փաստեր ունի «բոլորի վրա էլ», ովքե՞ր են ընդհանրապես այդ «բոլորը», ի՞նչ ճանապարհով են ձեռք բերվել այդ փաստերը, դրանք հանրային հայտնի իրողություննե՞ր են, հայտնի, հրապարակային գործունեության դրվագնե՞ր, որոնք բոլորն էլ գիտեն, բայց Ծառուկյանը զգուշացնում է, որ կհիշեցնի իր ընդդիմախոսներին, թե՞ խոսքը ոչ հրապարակային, այսպես ասած՝ գաղտնի, իսկ գուցե գաղտնալսված կամ գաղտնանկարահանված նյութերի կամ փաստերի մասին է:

Հարցերը, որ առաջանում են ԲՀԿ նախագահի հայտարարությունից, շատ են, ու դրանք պետք է հետաքրքրեն իրավապահներին ոչ թե այն պատճառով, որ ասում է ըստ էության մասնավոր անձ, միաժամանակ քաղաքական գործունեություն ծավալող խոշոր սեփականատեր Ծառուկյանը, այլ որովհետև, դրանից բացի, այդ ամենն ասվում է պետական կառավարման համակարգի առաջնային կառույցի՝ խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք Հայաստանում իշխանության թիվ մեկ մանդատի կրողներն են:

Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, կամ առնվազն նրա խոսքից տպավորություն է ստացվում, որ «կոմպրոմատ» ունի Հայաստանի իշխանության առաջնային մանդատ կրող կառույցի ներկայացուցիչների հանդեպ: Իսկ դա արդեն ազգային, պետական անվտանգության հարց է:

Սա է նաև պատճառը, որ իրավապահները ԲՀԿ նախագահի հայտարարությունից հետո պետք է թերևս քայլեր կատարեն նրանից պարզաբանում ստանալու ուղղությամբ, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հստակեցնի՝ ինչի՞ մասին է խոսքը՝ կոմպրոմատների՞, որ նա ունի «բոլորի վրա», թե՞ պարզապես հրապարակայնորեն հասու կամ հայտնի իրողությունների, որոնք որպես փաստարկ կփաթեթավորի իր տրամադրության տակ եղած տեղեկատվական միջոցներով և կներկայացնի իր ընդդիմախոսների դեմ:

Երկրորդ տարբերակը նրա, այսպես ասած, քաղաքական իրավունքն է, եթե անշուշտ տեղեկատվությունը չի պարունակի որևէ անձի արժանապատվության, անձնական կյանքի և այդօրինակ այլ թիրախներ, որոնք արդեն հենց կհատեն փաստ-փաստարկի և կոմպրոմատի սահմանը: Իսկ եթե խոսքը արդեն սահմանից անդին եղած «դոկումենտալիստիկայի» մասին է, ապա կստացվի, որ ԲՀԿ նախագահը հաղորդում է տալիս հանցագործության մասին ինքն իր դեմ:

Հարկ է ընդգծել, որ այստեղ բացարձակապես կապ չունի հայտարարողի անձը՝ Ծառուկյանն է նա, թե իքս ուժի իգրեկ այլ առաջնորդ կամ ներկայացուցիչ: Խնդիրը հայտարարությունն է ինքնին, որն ունի պարզաբանման կարիք, այլապես կարող է տալ թյուրըմբռնումների և թյուրիմացությունների տեղիք և հանգեցնել ըստ էության քաղաքական կյանքի ականապատման իրավիճակի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...