Գագիկ Հարությունյանի հրահանգը Մարտի 1-ի գործի բացահայտումից առաջ

Gagik Harutyunyan

ԱԺ-ը հնարավորինս արագ պետք է սկսի «ցմահ պաշտոնյա» Գագիկ Հարությունյանին ԲԴԽ /Բարձրագույն դատական խորհուրդ/ նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց, քանի որ ամիսներ առաջ մամուլին տված նրա հարցազրույցը /ներկայացված է ներքևում/ ազդում է կամ կարող է ազդել Մարտի 1-ի՝ մեկնարկող գործերը քննող որոշումների վրա… անձնական շահագրգռվածության առումով…

Այդ մտավախությունը հայտնել էինք դեռևս նախորդ տարվա մայիս- հուլիս ամիսներին, երբ դատարաններում դեռ նոր էր քննության առարկա դառնում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:

Այսօր իրավական ոլորտի մասնագետների մոտ ևս տրամաբանական և անհանգստացնող հարցեր են առաջանում Քոչարյանի՝ «հովհարային կալանքի» առնչությամբ այն իմաստով, որ դատավորների մի մասը տեսնում է նրան կալանավորելու հիմքեր, մյուս մասը՝ ոչ: Մի մասը շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտմամբ, մյուս մասը՝ ոչ և դրա համար անում է ամեն ինչ դատական համակարգում քաոս ստեղծելու և իրադարձությունների ընթացքը դանդաղեցնելու համար…

Ստորև ներկայացնում ենք հրապարակումը՝ տպագրված Հուլիսի 16 2018-ին

Գ. Հարությունյանի հրահանգը Մարտի 1-ի գործի բացահայտումից առաջ

«Երբ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ էր, Սահմանադրությունը չէր գործում, դարձավ ԲԴԽ նախագահ, պարզվեց՝ դատական համակարգի անիվների տակ նոր քարեր են հայտնվում…

Անկախ Հայաստանի պետական համակարգում մշտապես բարձր պաշտոններ «բրոնյա» արած Գագիկ Հարությունյանը, որն այժմ ԲԴԽ նախագահն է, կասկածելի շտապողականություն է ցուցաբերում Մարտի 1-ի բացահայտումից առաջ: Նա խափանում է ԲԴԽ անդամ դատավորների դատական նիստերի գրաֆիկը, կտրում դատավորին բուն պարտականություններից և շատ արագ կազմակերպում մարզերի և Երևանի դատարաններում նոր դատավորների նշանակման հարցը:

Այս գործընթացն արդեն դժգոհության ալիք է հասունացնում դատավորների և իրավաբանների շրջանում: Ըստ մամուլում համառորեն պտտվող լուրերի՝ դատավորների ընտրությունը կատարվում է ոչ օբյեկտիվորեն՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

ԲԴԽ-ի այսպիսի շտապողականությունն ու քաղաքականությունը մտահոգություններ է հարուցում…

Ներքին հրահանգավորման հին մեթոդներից ամուր կառչած Գագիկ Հարությունյանը ապահովագրական վերջին շտապ քայլերն է ձեռնարկում Մարտի 1-ի բացահայտումից առաջ. դատավորներ է նշանակում, ովքեր, ամենայն հավանականությամբ, պետք է առաջնորդվեն կամ ունակ են առաջնորդվելու իր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դոկտորական «սայթաքմամբ» կամ «հրահանգով»…

Մարտի 16-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հարց էր տվել մարտի 1-ի դեպքերի մասին, իրավագիտության դոկտորը պատասխանել էր, որ եթե 2008թ. մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, շատ ավելի մեջ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք… /Մանրամասները՝ տեսանյութում

ԲԴԽ նախագահի կողմից հնչեցված այսպիսի անթույլատրելի ազդակները՝ Մարտի 1-ի՝ բացահայտվելիք գործով դատավորներին, վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պատասխանատուների հարցաքննությունից հետո խոչընդոտներ կարող են լինել դատարաններում: Իսկ պատասխանատվության ենթարկվողներից մեկն էլ կարող է լինել Գագիկ Հարությունյանի եղբայր, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը մարտի 1-ին գիտեր, պարտավոր էր իմանալ իշխանության կողմից նախապատրաստված և իրականացվելիք «ահաբեկչության» մասին՝ որպես ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետ: Այդ պաշտոնը, ի դեպ, զբաղեցրել է 1999թ օգոստոսից մինչև 2010թ., իսկ հետո կոչման և պաշտոնի բարձրացում ունեցել:

Այնպես որ, նոր դատավորները լուրջ անելիքներ ունեն… Պարզապես դեռ դժվար է ասել՝ նրանք կվերադարձնեն «պարտքը» և կպահպանեն հարությունյանական շունչը նույնիսկ նրա հեռանալուց հետո՞, թե՞ նոր ձևավորված ավանդույթի համաձայն՝ կուրանան շատ շուտ…»

Հ. Գ. 1. Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար ձվի մեջ մազ ման եկող պաշտպանները «չտեսան», չհիշատակեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ դատավորներին ուղղակիորեն ուղղորդող, «ճնշող» այս հարցազրույցը, բայց «տեսան» օգոստոսյան հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված քաղաքական ելույթը՝ «խելքները գլուխները հավաքելու մասին», այն բնորոշելով որպես ճնշում դատարանների վրա:

Հ. Գ. 2․ Հիշեցնենք, որ դատավորների նշանակմանը, ազատմանը համաձայնություն տվող, պատժող ԲԴԽ-ն ձևավորվել է հանրության վստահությունը չվայելող նախկին իշխանության կողմից՝ ԱԺ-ում որոշիչ ձայն ունեցող կուսակցությունների պատգամավորների համաձայնությամբ: Այս իրավիճակը պետք է արագ շտկվի. և վերոնշյալ տեսանյութը բավարար է Մարտի 1-ի նոր դատաքննություններից առաջ ԲԴԽ նախագահին անվստահություն հայտնելու համար, քանի դեռ չի ճեղքվել նոր իշխանության հանդեպ հանրության ու արտաքին աշխարհի վստահության պատը…