Գազը սահմանին թանկանում է, Հայաստանում՝ ոչ, ով ում է խաբում

- in Տնտեսական
Gaz

Հայաստանի կառավարությունն ու Գազպրոմը հունվարի 8-ից սկսում են բանակցության նոր փուլ: Փոխվարչապետն Ազատությանը ասել է, թե դա կարող է տեւել ամիսներ: Բանակցությունն առնչվելու է գազի ներքին գնին:

Մհեր Գրիգորյանը ասել է, որ պետք է ուսումնասիրվի Հայաստանում Գազպրոմի ներկայացվող մոտ 13 միլիարդ դրամ վնասի կառուցվածքը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի հետեւանք է այդ վնասը: Մհեր Գրիգորյանը ասել է, թե կարծում է կան վնասներից խուսափելու համար օպտիմալացման ճանապարհի տարբերակներ:

Փաստացի ստացվում է հետաքրքիր վիճակ, նախադեպ չունեցող: Գազը սահմանին թանկանում է, Հայաստանում՝ ոչ, եւ դա կարող է շարունակվել ամիսներ կամ պահպանվել ավելի երկար համաձայնությամբ:

Վարչապետ Փաշինյանն արձանագրել է նշաձող՝ ներքին սպառման գինը անփոփոխ թողնելը չի կարող լինել Գազպրոմին պարտք կուտակելու կամ այլ ակտիվ հանձնելու միջոցով: Կա այդպիսի գործարքի պրակտիկա՝ 2006-ին ու 2011-13-ին:

Միաժամանակ պետք է թերեւս հստակեցնել, որ անթույլատրելի է նաեւ բյուջետային սուբսիդավորման տարբերակը:

Այս պահին գործող իրավիճակում ստացվում է, որ Գազպրոմ ընկերությունը կատարում է իր շահույթի վերաբաշխում: Այսինքն, Գազպրոմ Արմենիան գնվող գազի համար ավելի շատ փող է վճարելու Գազպրոմին՝ մայր ձեռնարկությանը:

Ստացվում է, որ Գազպրոմը՝ մայր ձեռնարկությունը, կստանա ավելի շատ փող, իսկ Գազպրոմ Արմենիային՝ դստերը, կմնա ավելի քիչ:

Իսկ բանն այն է, որ Գազպրոմ Արմենիան որքան էլ 100 տոկոս Գազպրոմին պատկանող, բայց հայկական ռեզիդենտ ընկերություն է: Գազպրոմը՝ ՌԴ ռեզիդենտ պետական կորպորացիա: Առայժմ ստացվում է, որ Հայաստանը չի տուժում, բայց ՌԴ-ն շահում է: Սակայն «տուժում» է Հայաստանի ռեզիդենտ ընկերությունը, որը խոշոր հարկատուներից մեկն է: Գազպրոմ Արմենիայի շահույթը կնվազի, հետեւաբար կնվազեն նաեւ հարկերը: Այսինքն, Հայաստանն այդուհանդերձ ինչ որ առումով կորցնում է:

Սրանք իհարկե հպանցիկ եւ մակերեսային դիտարկումներ են, քանի որ բուն գնագոյացման մեխանիզմը բավական շերտեր է պարունակում, որոնք ունեն հանգամանալից մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն: Դրանով զբաղվում է վարչապետին կից ստեղծված աշխատանքային խումբը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ըստ երեւույթին դրա վրա է հիմնվում՝ ասելով, որ կան օպտիմալացման շնորհիվ Գազպրոմ Արմենիայի վնասները հաղթահարելու ճանապարհներ, որը թույլ կտա պահել ներքին գինը եւ միաժամանակ վնաս չտալ Գազպրոմ Արմենիային:

Գազպրոմի ղեկավարությունն անշուշտ կփորձի պաշտպանել իր բաժինը նաեւ Հայաստանում: Աստեղ հետաքրքիր կարող է լինել երկու հանգամանք: Գազպրոմի եւ կառավարության բանակցությունն արդյո՞ք տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին մակարդակում գծված հստակ շրջանակում՝ այսինքն ներքին գնի փոփոխության բանակցությունն այդուհանդերձ չի հանգի, եւ հարցն ընդամենը գինն անփոփոխ թողնելու ճանապարհի շուրջ է՝ դրա համար պետք է ավելի օպտիմալ կառավարումով վճարի Գազպրո՞մը, թե՞ ավելի քիչ հարկ հավաքելով պետք է վճարի Հայաստանի բյուջեն:

Թե՞ այդուհանդերձ շրջանակ չկա, եւ հարցը կարող է դարձյալ հասնել Փաշինյան-Պուտին շրջանակ:

Մյուս հանգամանքն այն է, թե ներքին գնագոյացման հարցում ինչ պայմանավորվածության շրջանակ կամ ֆորմատ է գործել նախկինում՝ Հայաստանի նախկին իշխանությունը պայմանավորվել է Գազպրոմի՞, թե՞ Պուտինի հետ: Եվ ի՞նչ է պայմանավորվել: Այդ համատեքստում կա հարց, որը հազիվ թե ունենա հստակ պատասխան, կամ որի պատասխանը բնականաբար լինելու է «թղթերով ամեն ինչ կարգինի» տրամաբանության մեջ:

Իսկ հարցն այն է, թե որքա՞ն է եղել Գազպրոմ Արմենիայի, կամ դրանից առաջ Հայռուսգազարդի մասնակցությունը Հայաստանի իշխող նախկին համակարգի այսպես ասած ստվերային բյուջեի կամ քրեաօլիգարխիկ համակարգի «օբշակի» ձեւավորման հարցում: Եվ ի՞նչ է ստացվում, եթե այժմ Գազպրոմ Արմենիան ազատված է լինում այդ ստվերային մասնակցության պարտավորությունից, ինչպես նախկին իշխող համակարգի մյուս խոշոր խաղացողները: