Գազի գնի բարձրացումը Հայաստանի հանդեպ «շանտաժ» թույլ չտալն է

- in Տնտեսական

2018 թվականի վերջին օրը Ռուսաստանը որոշել է Հայաստանի մատակարարվող գազի գինը 150 դոլարից դարձնել 165 դոլար 1000 խմ համար: Չնայած Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազի գինը չի բարձրանա, փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարձրացրել է գազի գինը:

Դա կարող է ազդել ամենատարբեր քաղաքական գործոնների վրա: Օրինակ, Թեհրանում անցած տարի հայտարարել էին, որ Իրանը Հայաստանին կարող է գազ առաջարկել 160 դոլարով: Երեւանը պատասխանել է՝ քանի որ Ռուսաստանը գազը 150 դոլարով է վաճառում, ավելի ձեռնտու է գնել Ռուսաստանից: Հիմա, եթե Իրանը գազ առաջարկի 160 դոլարով, կստացվի, որ իրանական գազը ռուսականից էժան է:

Բայց սա հարցի մի կողմն է: Գազի գնի բարձրացման որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը, պահպանելով պոլիտկոռեկտությունը, քաղաքական գնահատական չի տվել այդ քայլին: Նա ընդամենն ասել է, որ սպառողների համար սակագները չեն բարձրանա, բայց հայտարարություն չի արել, որ Եվրասիական միության անդամ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանի համար բարձրացնում է գազի գինը: Եվ սա տեղի է ունենում նավթի համաշխարհային գների կտրուկ նվազման ֆոնին, որի հետ փոխկապակցված է նաեւ գազի գինը:

Սա Հայաստանի եւ մեր երկրում իրադարձությունների նկատմամբ Մոսկվայի իրական վերաբերմունքի վկայությունն է: Մինչեւ հիմա այդ հարաբերությունը դրսեւորվել է որոշ անուղղակի գնահատականներում: Օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ակտիվ «երկրպագում էր» Հայաստանի հեղափոխությանը: Հետո վերաբերմունքը փոխվեց, եւ նոր կառավարությանն սկսեցին մեղադրել Կովկասում ամերիկյան քաղաքականությանը «հանցակցելու» մեջ:

Արդեն տարեվերջին Մարիա Զախարովան հայտարարեց, որ «թույլ չենք տա ցանկացած շանտաժ պետության հանդեպ, որը սեփական պետականության ձեւավորման, իր ապագայի ճանապարհի որոնումների, դրա սահմանման բարդ ճանապարհին է»: Այսինքն, Մոսկվան կարծում է, որ Հայաստանում դեռ պետականություն չի ձեւավորվել եւ չի որոշվել ապագա զարգացման ուղին:

Ըստ երեւույթին, գազի գնի բարձրացումը Հայաստանի հանդեպ «շանտաժ» թույլ չտալն է: Հայաստանի նոր կառավարությունից քաղաքական գնահատականների բացակայությունը միայն օգնում է Ռուսաստանին իր վարած քաղաքականությունում:

Հայաստանի նոր կառավարությունը փորձում է քաղաքականությունում իրերն իրենց անունով կոչել, բայց դա չգիտես ինչու Ռուսաստանին չի վերաբերում: Մոսկվայի հանդեպ պահպանվում է ծայրահեղության հասցված, անհասկանալի պոլիտկոռեկտություն: Ռուսաստանը միշտ մեղավոր չէ. ռուս զինվորը Գյումրիում կին է սպանել՝ պետք չէ քաղաքականացնել, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ Լուկաշենկոն է մեղավոր, Ռուսաստանը բարձրացնում է գազի գինը՝ սպառողների համար չի թանկանա:

Ինչո՞վ է պայմանավորված այս պոլիտկոռեկտությունը: Շատերը կարող են ասել, որ Ռուսաստանը էպատաժային ու անկանխատեսելի երկիր է, իսկ Մոսկվայի գործողություններին քաղաքական գնահատականները կարող են հղի լինել լուրջ հետեւանքներով: Կարելի է հայտարարել, որ Ջոն Բոլթոնը կոնկրետ առաջարկներ չի արել զենքի վաճառքի մասին, որ Եվրոպան բավարար չափով չի աջակցում Հայաստանում դեմոկրատական հեղափոխությանը, բայց չի կարելի քաղաքական գնահատականներ տալ Ռուսաստանի ոչ բարեկամական քայլերին:

Ռուսաստանը չի թաքցնում, որ Հայաստանի կողմից ցանկացած «ոչ բարեկամական» քայլ, օրինակ, Հայաստանում ռուսական ընկերությունների ստուգումները, կարող են հանգեցնել կապիտալի արտահոսքի:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, մեկնաբանելով հայ իրավապահների հետաքրքրությունը ՀԿԵ եւ Գազպրոմ-Արմենիա ընկերությունների հանդեպ, ասել է. «Եթե հանցագործություն կա, հետաքննեք, դիմեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Կա անմեղության կանխավարկած: Երբ հակառակն է արվում, դա վախեցնում է բոլորին, փոխում սոցիալական ուղղվածությունը եւ ներդրումային կլիման»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...