«Գազպրոմի» հետ բանակցությունը դառնում է ավելի լայն ինդիկատոր

- in Կարծիք
Sezh Karen

Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ գազի գնի շուրջ Հայաստան-«Գազպրոմ» քննարկումներում ներքին շուկայի համար գինը չբարձրացնելու դեպքում «Գազպրոմ Արմենիան» կկրճատի Հայաստանում ենթակառուցվածքային ներդրումները:

«Գազպրոմ Արմենիայի» կամ «ՀայՌուսգազարդի» ներդրումների հարցն իսկապես հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն, որ հենց այդ ներդրումների շնորհիվ է նաև, որ Հայաստանում գազի ներքին գինը միշտ եղել է, այսպես ասած, գրեթե եվրոպական մակարդակի, երբ սահմանին գինը եղել է շատ ցածր: Իսկ ի՞նչ նպատակով են Հայաստանում արվել այդ ներդրումները: Այստեղ իհարկե կարող ենք դիտարկել երեք հիմնական նպատակային ուղղություն:

Ներդրումները բնականաբար արվում են առաջին հերթին համակարգի զարգացման, ծառայության որակի բարելավման և դրա շնորհիվ ավելի մեծ շահույթ ստանալու կամ առնվազն եղած որակը և կարողությունները պահպանելու և ճգնաժամերի մեջ չհայտնվելու համար: Հայաստանի թե՛ քաղաքական իշխանությունը, թե՛ «Գազպրոմ Արմենիայի» կամ մինչ այդ «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը բավականին հաճույքով պարբերաբար հայտարարում էին ինքնագոհությամբ, թե Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ 99 տոկոս գազիֆիկացում կա: Դա, իհարկե, աչք ու ականջ կարող է շոյել, բայց երբ դիտարկվում էին «Գազպրոմ Արմենիայի» կամ «ՀայՌուսգազարդի» ցուցանիշները, ապա ղեկավարությունը պարբերաբար տրտնջում էր, այսպես ասած, շահույթի խնդրից, վնասներից և այլն՝ ներկայացնելով իրավիճակը այնպես, որ կարծես թե բարեգործություն են անում Հայաստանի բնակչությանը գազ մատակարարելով:

Եվ այստեղ հարց է ծագում՝ իսկ պե՞տք էր գազիֆիկացնել 99 տոկոսը, եթե դա չէր ապահովելու բավարար շահութաբերություն, և ներդրումները պետք է հետ բերվեին գազի թանկ գնի միջոցով: Ակնհայտ է, որ գազիֆիկացվել են համայնքներ, որտեղ եղել է գազի գնողունակության խնդիր: Բայց գազիֆիկացումն իրականացվել է, որպեսզի հետո հայտարարվի 99 տոկոսի մասին, որի համար իրականում վճարել է ոչ թե ամենահարուստ ընկերությունը կամ ընկերություններից մեկը, այլ մնացյալ վճարունակ սպառողները: Փոխարենը՝ քաղաքական իշխանությունն ու համակարգաստեղծ այդ ընկերությունը պարբերաբար թմբկահարել են 99 տոկոսի մասին, բացառիկ լինելու մասին, և ընտրությունից ընտրություն էլ գազիֆիկացիան դարձրել են նախընտրական խոստումների բաղադրիչ՝ փաստորեն սպառողների հաշվին: Այլ կերպ ասած՝ գազի ներքին գնով Հայաստանի սպառողները միայն գազի համար չէ, որ վճարել են, այլ վճարել են նաև իշխող համակարգի վերարտադրության համար, պարզապես անուղղակի: Այսինքն՝ այստեղ երևակվում է ներդրումների երկրորդ, իսկ գուցե առաջին պատճառը՝ հաշվի առնելով իրողությունները, քաղաքական նպատակը:

Ներդրումների երրորդ նպատակն էլ դրանց միջոցով, այսպես ասած, «փող դուրս գրելու» հին ու բարի ավանդույթն է, որը, ինչպես հայտնի է, հատկապես տարածված է եղել սովետական շրջանում և տարածված է շարունակում մնալ հետսովետական հատկապես այն երկրներում, որոնք դե յուրե դուրս լինելով սովետական շրջանից՝ դե ֆակտո շարունակել են կառավարվել այդ տրամաբանությամբ, մտածողությամբ և այդ աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ:

Ավելորդ է ասել, թե որտեղ էր Հայաստանը մինչև 2018 թվականի ապրիլ: Որտեղ ենք հիմա՝ ցույց կտա «Գազպրոմի» հետ բանակցությունը, ինչն այդպիսով փաստորեն դառնում է ավելի լայն ինդիկատոր: