Դիրքի ավագը լեյտենանտի զենքը լիցքաթափել է կացարանում և դիմահար կրակոցով սպանել ծառայակցին

- in Իրավունք
zenq

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գարեն Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

1997 թվականին ծնված Գարեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, նշանակված է եղել մարտական հերթապահության: Հրամանով նա նշանակված է եղել դիրքի ավագ:

2017 թվականի հունվարի 16-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գարեն Հովհաննիսյանը լեյտենանտ Պողոսյանի հետ իրենց դիրքից գնացել է հարևան դիրք՝ ջուր ու փոցխ բերելու նպատակով: Վերադառնալով իրենց դիրք՝ լեյտենանտ Պողոսյանն իր ինքնաձիգը տվել է դիրքի առույգ հերթափոխում գտնվող շարքային Վլադիմիրին ու կարգադրել է, որ նա կազմակերպի ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, իսկ ինքը՝ լեյտենանտը, գնացել է զուգարան:

Ներկա գտնվող դիրքի ավագը՝ Գարեն Հովհաննիսյանը, որպեսզի առույգ հերթափոխ անցկացնող Վլադիմիրը ծառայությունից չշեղվի, վերցրել է լեյտենանտի ինքնաձիգը ու գնացել է դիրքի գետնատնակ ու այնտեղ անձամբ ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում է կատարել:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, դիրքի կացարանում էին մի խումբ զինծառայողներ՝ քնած վիճակում, իսկ հեռախոսի մոտ կանգնած էր կապավոր, շարքային Գուրգեն Ս.-ն:

Մտնելով կացարան՝ Գարեն Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, սկսել է ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որի ժամանակ խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ «մոռացության պատճառով» փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգից չի անջատել, այդ վիճակում քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափվելու փոխարեն լիցքավորվել է: Իսկ երբ Գարեն Հովհաննիսյանը ստուգիչ կրակոց կատարելու նպատակով սեղմել է ձգանը, արդյունքում արձակված կրակոցից կապավոր Գուրգեն Ս.-ն գլխի հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ, հետո կենտրոնական հոսպիտալ, որտեղ 2017 թվականի հունվարի 24-ին առանց գիտակցության գալու մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Գարեն Հովհաննիսյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե ծառայության ընթացքում ինքն ու Գուրգեն Ս.-ն խնդիրներ, վիճաբանություն չեն ունեցել: Ինքը ծանոթ է զենքի օգտագործման կանոններին, գիտեր, որ կացարանում զենքի լիցքաթափում չպետք է կատարեր:

Հատուկ վահանակի մոտ չի գնացել, քանի որ այն հեռու էր, իսկ որ պահեստատուփը զենքի վրա է՝ ինքը մոռացել էր, քանի որ հոգնած էր: Լիցքաթափում կատարելու ժամանակ ինքը նաև ուշադրություն չի դարձրել, թե ինքնաձիգը Գուրգեն Ս.-ի համեմատ ինչ ուղղությամբ էր գտնվում, ինքը վստահ էր, որ կրակոց չի լինելու…

Կրակոցից հետո ինքնաձիգը շպրտել է հատակին…

Ինքը Գուրգեն Ս.-ին սպանելու կամ նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ երբևէ չի ունեցել: Ընդունում է, որ Գուրգեն Ս.-ին հրազենային վնասվածք է պատճառել զենքի հետ վարվելու կանոնները անզգուշությամբ խախտելու պատճառով:

Հարևան դիրք գնալիս իր ինքնաձիգն իր մոտ էր, բայց թե հետո ինչ է արել իր զենքը, չի հիշում, իր հիշելով՝ թողել է կացարանի պատին հենած: Զենքի լիցքաթափումը կացարանում կատարել է իր նախաձեռնությամբ, լեյտենանտ Պողոսյանը տեղյակ չի եղել…

Դատարանը Գարեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել զենքի հետ վարվելու կանոնները անզգուշությամբ խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, և դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունվարի 17-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Իշխանյանը, տուժողի իրավահաջորդ Հարություն Ս.-ն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Իշխանյանը պահանջել է պատժի մեղմացման առումով փոփոխել դատավճիռը, պատիժը պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան կամ նշանակել մեղսագրված հոդվածով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը պահանջել են գործը քննել վերաքննության կարգով, դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության կամ, չուղարկելու դեպքում, պատժի խստացման առումով փոփոխել դատավճիռը և պարտադիր փաստել, որ խախտվել է Մարդու իրավունքների հռչակագրով սահմանված՝ կյանքի իրավունքը:

Վերաքննիչ դատարանը բողոքների քննությունը սկսեց վճռաբեկության կարգով:

Առաջինը իր բերած վերաքննիչ բողոքը հիմնավորեց ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Իշխանյանը: Նա ընդգծեց, որ կատարվել է անզգույշ հանցագործություն: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել, բայց սահմանվել է ակնհայտ խիստ պատիժ: Գործում իր պաշտպանյալին դրական բնութագրող տվյալներ կան, նա եղել է զորամասի լավագույն զինվորներից, իսկ տուժողի հետ մշտապես նորմալ հարաբերություններ է ունեցել: Դեպքից հետո Գարենն օգնություն է կանչել, ցանկացել է օգնել, փրկել տուժողին: Իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը պետք է մեղմացվի՝ կամ պայմանական դատապարտություն կարող է կիրառվել, կամ մեղսագրված արարքի համար սահմանված պատժից ավելի մեղմ պատիժ կարող է նշանակվել: Պաշտպանը խնդրեց նաև իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը և նրան ազատ արձակել դատարանի դահլիճում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած ու դատարանի կողմից չբավարարված՝ 900 հազար դրամ քաղհայցի պահանջի վերաբերյալ պաշտպանն ասաց, որ պահանջն անհիմն է, տուժողի ընտանիքին պաշտպանական գերատեսչության կողմից կատարվել է համապատասխան հատուցում…

Պաշտպանը իր ելույթում նախապես նաև դիրքորոշում հայտնեց տուժող կողմի բերած վերաքննիչ բողոքների վերաբերյալ՝ խնդրելով դրանք մերժել՝ անհիմն լինելու հիմքով:

Տուժող կողմի բերած վերաքննիչ բողոքները ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Վերջինս նշեց, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:

Նախ և առաջ՝ դատարանը չի փաստել, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում: Նախաքննական մարմինը չի իրականացրել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, ինչը պարտավոր էր անել՝ նկատի ունենալով, որ պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը, և խախտվել է մարդու կյանքի իրավունքը: Նախաքննական մարմինն ու դատարանը հենվել են շտապողական հետևությունների վրա:

Լ. Սիմոնյանն ընդունեց, որ ստեղծված իրավիճակում , երբ դատարանն իրավունք չունի խստացնել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը, չի կարող նաև գործը հետ՝ լրացուցիչ նախաքննության ուղարկել, բայց չի էլ կարողացել օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին, գոնե իրավասու և պարտավոր էր փաստել, որ խախտվել է կյանքի իրավունքը:

Ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվել են վկաների ցուցմունքները: Եվ ակնհայտ է եղել, որ նախաքննությունն իրականացվել է էական խախտումներով՝ նախապես որոշված սցենարով կատարվել է ձևական քննություն: «Ի սկզբանե ուղեցույց է վերցվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման վերաբերյալ հոդվածը, արարքը գնահատվել է միայն այդ տեսակետից», ու նախաքննությունը ձեռնամուխ է եղել այդ մեղադրանքը ապացուցելուն:

Լ. Սիմոնյանը գործով վկաներին երկու խմբի բաժանեց՝ նրանք, ովքեր դեպքի վայրում՝ գետնատնակում են եղել, իրենց ասելով՝ բոլորը քնած են եղել, արթնացել են կրակոցից: Եվ նրանք, ովքեր եղել են տվյալ դիրքում ու հարևան դիրքում, ուր գնացել էին Գարեն Հովհաննիսյանն ու լեյտենանտ Պողոսյանը:

Գետնատնակում եղած վկաների նախաքննական ցուցմունքները, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, տառացիորեն նույնն են՝ նույնն են անգամ տառասխալները, բաց թողած տառերը, հարցերի պատասխանները: Այդ վկաների նախաքննական ցուցմունքներն ակնհայտորեն արտատպված են մեկ օրինակից:

Ըստ Լ. Սիմոնյանի՝ եթե փորձաքննություն կատարվի ու հետազոտվի այն համակարգիչը, որով քննիչը արձանագրել է այդ վկաների ցուցմունքները, ապա կպարզվի, որ նույն տեքստը «քոփի-փեսթ» է արվել: Դատարանում նույն վկաները ազատ շարադրանքով ցուցմունքներ են տվել, ու ոչ մեկը չի կրկնել մյուսին, ոչ մեկը չի կրկնել իր նախաքննական ցուցմունքը:

Ըստ Լ. Սիմոնյանի՝ ընդհանուր իրավասության դատարանն էլ է փաստել, որ վկաների նախաքննական ցուցմունքները բառացիորեն նույնն են:

Ըստ այդ ցուցմունքների՝ ստացվում է, որ դեպքից հետո Գարեն Հովհաննիսյանը առանձին-առանձին մոտեցել է գետնատնակում եղած զինվորներին ու պատմել է նույն պատմությունը, որը արձանագրված է նրա նախաքննական ցուցմունքում:

Քննիչը բոլորին նույն հարցերն է տվել: Օրինակ՝ այն հարցին՝ կարո՞ղ էր Գարեն Հովհաննիսյանը Գուրգեն Ս.-ին դիտավորյալ սպանել, բոլորը տվել են բառացի նույն պատասխանը՝ ոչ, դա հնարավոր չէ, Գարենն այն մարդը չէ, նա իրեն որպես այդպիսի անձ չի դրսևորել… Բոլոր վկաները ասել են՝ կրակոցը անզգուշությամբ, երևի՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտումով է եղել…

Տարակուսանք է հարուցում, որ բոլոր վկաները իրենց ցուցմունքներում արդեն իսկ իրավական գնահատական են տվել, բայց մի՞թե բոլորը այդպես էին մտածում ու այդպես էին արտահայտվում, բոլորը այդպիսի իրավագիտակցություն ունեին:

Ընդհանուր իրավասության դատարանում, ըստ Լ. Սիմոնյանի, ի հայտ է եկել, որ նախաքննության ժամանակ նույնիսկ «վկաների կոլեկտիվ հարցաքննություններ» են եղել, մինչև անգամ կարևորություն չի տրվել՝ ով ում ցուցմունքի տակ է ստորագրում, տեղի են ունեցել վրիպումներ…

Ըստ Լ. Սիմոնյանի՝ նման նախաքննության պայմաններում դեպքի իրական պատկերը չէր կարող բացահայտվել: Ահա, նման գործելակեպի արդյունքում է, որ տուժող կողմը և հասարակությունը չեն վստահում վարույթն իրականացրած մարմնի քննության արդյունքներին:

Դատարանում հարցաքննված վկաները բոլորովին այլ բաներ են ասել: Նրանց մի մասն ասել է, թե իր ձեռքով է ցուցմունքը գրել, համակարգչով ցուցմունքը չի արձանագրվել: Վկաներից ոմանք էլ ասել են՝ ինչ տպել են՝ ստորագրել եմ…

Ըստ Լ. Սիմոնյանի՝ այս գործով ոչ պատշաճ քննություն է իրականացվել: Դատարանը մերժել է տուժող կողմի միջնորդությունը՝ գլխավոր դատախազին դիմելու միջնորդություն հարուցելու վերաբերյալ՝ մինչդեռ քննիչի կողմից այնպիսի խախտումներ են թույլ տրվել, որոնք առերևույթ հանցավոր արարքի հատկանիշներ են պարունակում: Մասնավորապես՝ եթե քննիչը վկաների ցուցմունքները «քոփի-փեսթ» է արել, դա չի կարող չդիտվել որպես առերևույթ հանցավոր արարք…

Ըստ Լ. Սիմոնյանի՝ կատարված արարքը պետք է որակվեր որպես դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, սպանությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն ուղղակի, այլ նաև անուղղակի դիտավորությամբ: Գետնատնակում ինքնաձիգ լիցքաթափող զինվորը չէր կարող չկանխատեսել, որ իր կատարած գործողությունների արդյունքում կարող է մարդ սպանվել՝ նա տեսնում էր, որ կացարանում զինվորներ կան, ավելին՝ իրենից 1,5 մետր հեռավորության վրա, հենց իր դիմաց կանգնած էր կապավոր Գուրգեն Ս.-ն, այդ պայմաններում Գարենը քաշել է զենքի փակաղակը, ապա դիմահար կրակոց է արձակել՝ գլխի միջանցիկ ծանր վիրավորում պատճառելով ծառայակցին: Գարեն Հովհաննիսյանը չէր կարող չիմանալ, որ գետնատնակում զենքի լիցքաթափում չի կարելի կատարել, լիցքաթափումը պիտի կատարվեր դրա համար հատուկ նախատեսված վահանակի մոտ: Ստուգիչ կրակոցը պիտի արձակեր՝ համոզված լինելով, որ պահեստատուփը զենքի վրա չէ, զենքի փողը պիտի ուղղեր դեպի երկինք: Բայց նա, տեսնելով իր դիմաց կանգնած ծառայակցին, դիմահար կրակել է նրա գլխի ուղղությամբ:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ նախաքննության ընթացքում չի պարզվել՝ Գարեն Հովհաննիսյանն իրեն ամրակցված զե՞նքն ինչ է արել, արդյո՞ք իր զենքը լիցքաթափել էր, որտե՞ղ էր լիցքաթափել, ո՞ւր էր դրել: Նրա՝ որպես դիրքի ավագի պարտականությունն էր գետնատնակում քնածներին արթնացնելը, բայց այդ ընթացքում ինքը հարևան դիրք էր գնացել: Հաջորդ հերթափոխի համար զինծառայողները տվյալ ժամին արդեն պիտի արթնացած լինեին, բայց նա մտել է կացարան, տեսել է, որ բոլորը քնած են: Ըստ Լ. Սիմոնյանի՝ չի բացառվում, որ Գարեն Հովհաննիսյանը ցանկացել է կրակոցի միջոցով նրանց արթնացնել…

Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց՝ թերի քննության արդյունքում սխալ է որակվել ծանր արարքը, իսկ դատարանն իրավասու չի եղել ծանրացնել մեղադրանքը, բայց գոնե լրացուցիչ որոշմամբ դատարանը պիտի գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեր խախտումների վրա ու պիտի փաստեր կյանքի իրավունքի խախտումը:

Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձավ նաև նշանակված պատժին՝ այն ակնհայտ մեղմ անվանելով: Գործում առկա են դրական բնութագրեր Գարեն Հովհաննիսյանի բնակության վայրից, դպրոցներից, բայց զինծառայության ընթացքում նա այնքան էլ դրական չի դրսևորվել՝ ունեցել է տույժ: Բացի այդ՝ առանց թույլտվության, դիրքի ավագ լինելով՝ գնացել է հարևան դիրք, ապա կոպտորեն խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, ինչը ծանրագույն հետևանք է ունեցել… Դատարանը այս ամենին պետք է օբյեկտիվ գնահատական տար…

Լիպարիտ Սիմոնյանը խնդրեց, որ վերաքննիչ դատարանը դատավճիռը բեկանի, գործն ուղարկի նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության: Իսկ եթե չուղարկի՝ գոնե պատժի խստացման առումով փոփոխի դատավճիռը և անպայման փաստի, որ կյանքի իրավունքի խախտում է տեղի ունեցել:

Լ.Սիմոնյանը նկատեց՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը խնդրում է Համաներման ակտ կիրառել, բայց նման պայմաններում, առավել ևս, որ տուժողը առարկում է, Համաներման ակտը կիրառվել չի կարող:

Տուժող կողմը նաև պահանջում է գործը քննել վերաքննության կարգով՝ վերաքննիչ դատարանում գոնե հարցաքննել այն երկու վկաներին, ում ընդհանուր իրավասության դատարանը չի հարցաքննել ոչ թե այն պատճառով, որ նրանց ներկայությունը անհնարին է եղել ապահովել, այլ՝ միանգամայն պարզունակ պատճառներով՝ մարդիկ պարզապես չեն ցանկացել ներկայանալ դատարան…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գուրգեն Ս.-ի հայրը, միացավ իր ներկայացուցչի ելույթին: Նա պահանջեց՝ դեպքը անպայման պետք է բացահայտվի, իր որդուն սպանողը պետք է ամենախիստ պատիժը ստանա: Գործը, սպանված զինվորի հոր կարծիքով՝ թերի է քննված, այդ պայմաններում ինքը չի կարող գնալ ու հանգիստ քնել տանը: Իր որդին դեպքի պահին կրակոցն արձակողին այնքան մոտ էր կանգնած եղել՝ նա կարող էր զենքը մտցնել որդու աչքը…Մի՞թե չի հասկացել՝ ինչ է անում…. Քանի որ գործը թերի է քննվել, իր մոտ չփարատված կասկածներ են մնացել…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հավելեց՝ պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը՝ չի պահպանել իր հսկողության տակ գտնվող զինվորի կյանքը, իսկ դեպքից հետո չի բացահայտել զինվորի սպանության բոլոր հանգամանքները…

Դատական հաջորդ նիստին՝ փետրվարի 5-ին, տուժող կողմի բողոքների վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն մեղադրող դատախազն ու պաշտպանական կողմը: