«Դոդիկ» բառի պատճառով ուսանողի սպանության գործով նոր զարգացումներ են

- in Իրավունք
danakaharutyun

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Կարեն Չատիկյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Հիմա Արշակ Վարդանյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Կարեն Չատիկյանը ճանաչվել է մեղսունակ:

Կարեն Չատիկյանը դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում նա առաջ է քաշել անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով արարքը կատարելու վարկածը:

Մեղադրանքի կողմը պնդել է՝ Չատիկյանի կողմից տուժողներին նպատակաուղղված հարվածներ են հասցվել, ոչ թե դանակն է պատահաբար դիպել թափահարելու ժամանակ, դա հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որտեղ փորձագետը եզրակացրել է, որ հարվածները հասցվել են Վահե Մուրադյանի կենսական կարևոր օրգանի՝ սրտի շրջանին՝որոշակի ուժի ներգործությամբ:

Դատարանում ամբաստանյալի առաջ քաշած վարկածի՝ հարվածների պահին անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելու վերաբերյալ մեղադրանքի կողմը պնդել է, որ գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հաստատվել, թե Կարեն Չատիկյանի կյանքին ու առողջությանը տուժողների կողմից իրական վտանգ էր սպառնում:

Գործի քննությամբ հիմնավորվել է՝ Կարեն Չատիկյանը գործել է՝ վիրավորված լինելով «դոդիկ» արտահայտությունից, այդ արտահայտությունն արել էր ոչ թե Վահեն, այլ Ռաֆին:

Ըստ դատական ակտի՝ գործի քննությամբ պարզված հանգամանքներով հաստատվել է, որ Կարեն Չատիկյանն է նախաձեռնել հանդիպումն ու պարզաբանումը, կռվել է, դանակ է հանել: Տուժողը, նրա ձեռքին դանակ տեսնելով, ցանկացել է խլել այն, բայց չի կարողացել:

Կարեն Չատիկյանը դանակով մահացու վնասվածք է հասցրել Վահեին, ոտքի շրջանում վնասել է Ռաֆիին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, և իր գործողությունները դադարեցրել է անծանոթ անցորդի դիտողությունից հետո՝ անմիջապես դիմելով փախուստի:

Հանդիպման ու պարզաբանման նախաձեռնող լինելը, դանակն իր հետ պարզաբանման տանելը, դանակով հասցված հարվածների ուժգնությունն ու տեղակայումը դիտարկվել են որպես ապացույցներ այն բանի, որ Կարեն Չատիկյանը գործել է Վահե Մուրադյանին կյանքից զրկելու և Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու դիտավորությամբ:

Մեղադրողը միջնորդել էր Կարեն Չատիկյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար, վերջին հաշվով դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժող Ռաֆի Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ամբաստանյալ Կարեն Չատիկյանի հետ չի հաշտվում:

Սպանված Վահե Մուրադյանի իրավահաջորդի համոզմունքով՝ ի սկզբանե նախաքննական մարմինը սխալ էր որակել Կարեն Չատիկյանի արարքը, նա պետք է մեղադրվեր ոչ թե պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը շեշտել էր՝ Կարեն Չատիկյանը կյանքից զրկել է բացառիկ օժտվածություն ունեցող, տաղանդավոր տղայի:

Պետական համալսարանից տրված բնութագրի համաձայն՝ Վահե Մուրադյանն անվճար հիմունքներով սովորում էր տեղեկատվության անվտանգության մասնագիտությամբ: Նա համեստ էր, խելացի, տաղանդավոր: Բնութագրում ասված է. «Ոչ միայն ընտանիքն է զավակ կորցրել , զավակ է կորցրել ամբողջ ժողովուրդը»:

Տուժողի իրավահաջորդն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել էին, որ դատարանը խստագույն պատիժ սահմանի Կարեն Չատիկյանի նկատմամբ:

Դատարանը եզրահանգել է, որ վեճի ընթացքում տուժող Վահե Մուրադյանին կյանքից զրկելու անուղղակի դիտավորության առկայության մասին են վկայում դատաքննությամբ հաստատված մի շարք ապացույցներ: Անհրաժեշտ պաշտպանության վիճակի առկայությունը դատարանը հաստատված չի գնահատել:

Կարեն Չատիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Կարեն Չատիկյանը վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունվարի 11-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած՝ 4 միլիոն դրամի չափով քաղհայցի պահանջը դատարանը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով: Այդ գումարը մինչև դատավճռի հրապարակումը մուտքագրվել էր դատարանի դեպոզիտային հաշվին:

Քաղհայցի մնացած մասը թողնվել է առանց քննության, պարզաբանվել է այդ մասով հայցը քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու հնարավորությունը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Կարեն Չատիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը: Պաշտպանը մի քանի պահանջ է ներառել իր բողոքում՝ մեղսագրված արարքներում Կարեն Չատիկյանին ճանաչել անմեղ ու արդարացնել կամ վերաորակել նրա արարքը՝ որպես անհրաժեշտ պաշտպանության սահամանազանցումով կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասով, կամ՝ վերաորակել որպես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում, որի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, կամ, արարքը չվերաորակելու, դիտավորյալ սպանության մեղադրանքը հաստատված գնահատելու դեպքում պատժի՝ 10 տարի ազատազրկման մասով փոփոխել դատավճիռը, սահմանել ավելի մեղմ պատիժ:

Դատական նիստին ներկա չէին մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը: Վերջինս գրավոր առարկություններ է ներկայացրել պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ՝ պահանջելով բողոքը մերժել ու անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը սկսեց ներկայացնել վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Պաշտպանը նշեց, որ այս գործի նախաքննությունն իրականացվել է դատավարական խախտումներով, իսկ դատարանը, այդ խախտումներին գնահատական տալու փոխարեն, իր հերթին կատարել է խախտումներ ու կայացրել է չհիմնավորված դատական ակտ, որը ենթակա է բեկանման:

Պաշտպանը, որպես դեպքի ժամանակ ծավալված իրադարձությունների առավել հավաստի աղբյուր՝ նշեց իր պաշտպանյալի դատաքննական ցուցմունքը, որտեղ Կարեն Չատիկյանը նշել է՝ երբ տաղավարում վիճաբանությունը թեժացել է, Վահեն ու Ռաֆին բարձրացել են տաղավարի սեղանին, ու Վահեն ոտքով հարվածել է իր դեմքին: Ինքը կռացել ու սկսել է պաշտպանվել: Իսկ երբ իրեն, բացի հարվածներ հասցնելուց, սկսել են խեղդել, գրպանից հանել է դանակը: Ինքը կռացած վիճակում էր, իր բաճկոնի «կապյուշոնը» քաշել էին իր գլխին՝ ինքը տեսադաշտ չուներ, ուզում էին խլել դանակը, ինքը ձեռքը ցած էր պահել՝այնպես էր հարվածում, որ հարվածները դիպչեն հակառակորդների ոտքերին: Երբ հարվածներից մեկը դիպել է՝ «խրթոց» է լսվել, իրեն բաց են թողել, ու ինքը տեսել է, որ իրեն խեղդողը Վահեն էր…

Պաշտպանն ընդգծեց՝ ըստ իր պաշտպանյալի դատաքննական ցուցմունքի՝ առաջին հարվածը նա է ստացել, ու հարվածել է Վահեն: Կարեն Չատիկյանն իրեն հարվածողներից ու խեղդողից ազատվելու համար է դանակ հանել, իսկ երբ ցանկացել է փախչել, բռնել են նրա «կապյուշոնից», որը պոկվել է բաճկոնից ու մնացել է դեպքի վայրում:

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով:

Պաշտպանը նշեց՝ մեղադրողը առաջին ատյանի դատարանում իր ճառի հիմնական մասը նվիրել էր հիմնավորելուն, որ Չատիկյանը դեպքի պահին չի գտնվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սա՝ այն դեպքում, երբ մեղադրողի կարծիքով՝ Չատիկյանի դատաքննական ցուցմունքն անարժանահավատ էր… Դատարանը ևս ամբաստանյալ Կարեն Չատիկյանի դատաքննական ցուցմունքի մի մասը գնահատել է որպես ոչ արժանահավատ: Սակայն, ըստ պաշտպանի, դատարանը ուշադրություն չի դարձրել Չատիկյանի այն պնդումներին, որ դանակը ոչ թե տվյալ պարզաբանմանն է հետը հատուկ տարել, այլ դանակը միշտ եղել է իր մոտ, և ինքը դեպքի պահին որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել…

Պաշտպանը սկսեց թվարկել նախաքննական մարմնի թույլ տված խախտումները: Սկսեց դեպքի վայրի զննության գործողությունից, որի ժամանակ արձանագրվել է մոտակա տեսանակարահանող սարքի գտնվելու վայրը՝ այդ սարքի տեսադաշտում էր դեպքի վայր հանդիսացած տաղավարը:

Սարքը առգրավվել է, տեսագրված նյութը նույնիսկ ցուցադրվել է վկաներից ոմանց, սակայն հետո տեսագրությունն անհետացել է, և պաշտպանական կողմը զրկված է այն հետազոտելու, պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու հնարավորությունից:

Պաշտպանն ընդգծեց՝ Կարեն Չատիկյանի կողմից տուժող Վահեին, հատկապես նրա կրծքավանդակին դանակով հարվածելու պահը վկաներից ոչ ոք, ըստ ցուցմունքների, չի տեսել: Անգամ տուժող Ռաֆին այդ պահը չի տեսել՝ ըստ նրա ցուցմունքի: Ստացվում է՝ այդ հարվածի մասին հայտնել է միայն ամբաստանյալը: Իսկ վերջինս ասել է, որ ինքը ջանում էր հարվածել իր հետ կռվողների ոտքերին: Վահեի կրծքին հարվածը հասցվել է, ըստ ամբաստանյալի, միգուցե այն ժամանակ, երբ Վահեն փորձել է խլել դանակը…

Պաշտպանը նշեց, որ պաշտպանական կողմը առաջին ատյանի դատարանին էր ներկայացրել համացանցից ներբեռնած տեսանյութ, որը տեսանկարահանել էր Գ. Շամշյանը՝ դեպքի վայրի զննության կատարման ժամանակ: Այդ տեսանյութում հստակ երևում է տաղավարի կողքին ընկած մի իր՝ դա Կարեն Չատիկյանի հագուստից պոկված «կապյուշոնն» էր: Պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործին կցել ու որպես ապացույց ճանաչել տեսանյութը, բայց դատարանը մերժել է միջնորդությունը: Իսկ դեպքի վայրի զննության ժամանակ տաղավարի կողքին ընկած «կապյուշոնը» չի առգրավվել, որպես ապացույց չի ճանաչվել: Քննիչը չի պարզել՝ ո՞ւմ հագուստից էր պոկվել այդ «կապյուշոնը», չի զննել Կարեն Չատիկյանի հագուստները ու չի հայտնաբերել հագուստի մեխանիկական վնասվածքը՝ «կապյուշոնի» պոկված մասում:

Պոկված «կապյուշոնը» դեպքի վայրում՝ վկայում է, որ ամբաստանյալը դրա վերաբերյալ իր ցուցմունքում ճիշտ է ասել: Վկաների մի մասը հիշել է, որ Կարեն Չատիկյանի հագուստը «կապյուշոնով» էր, մի մասը չի հիշել: Դատարանը չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի չի մեկնաբանել և, ըստ պաշտպանի, Կարեն Չատիկյանի արարքներին տվել է սխալ գնահատական…

Պաշտպանը նշեց նաև՝ քննիչը այս գործը հարուցել է դիտավորյալ սպանության ու տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով այն դեպքում, երբ տուժող Ռաֆիի սրունքն էր վնասված, դեռ առկա չէր դատաբժշկական փորձաքննության եզրակացություն՝ վնասվածքի ծանրության աստիճանի վերաբերյալ: Հետևաբար՝ ի սկզբանե ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով գործի հարուցումը ապօրինի է եղել: Քննիչին ոչինչ չէր խանգարում, որ քրեական գործը հարուցի միայն դիտավորյալ սպանության մեղադրանքով, քանի որ դեպքի վայրում էր Վահե Մուրադյանի դիակը: Իսկ Ռաֆիի վնասվածքի մասով կարող էր մեղադրանք առաջադրել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ ըստ վնասվածքի ծանրության աստիճանի և տվյալ դեպքում՝ տուժողի բողոքի առկայության դեպքում:

Պաշտպանը նշեց՝ դատարանը չի անդրադարձել ու գնահատական չի տվել նախաքննական խախտումներին: Բացի այդ, ըստ պաշտպանի, դատարանը դատական ակտում դուրս է եկել մեղադրանքի սահմանից, փաստորեն՝ նոր մեղադրանք է ձևակերպել՝ խախտելով արդար դատաքննության ու մրցակցային դատաքննության սկզբունքները. դատարանը տաղավարում վիճաբանության սկիզբը համարել է Կարեն Չատիկյանի կողմից տաղավարում ներկա Անիին հարված հասցնելը, սակայն դրա մասին ձևակերպված չէ մեղադրական եզրակացության մեջ, դա գործի քննության ընթացքում բավարար հիմնավորում չի ստացել…

Պաշտպանը նշեց՝ դատարանը բացառապես մեղադրական թեքումով է կայացրել դատական ակտը, արժանահավատության տեսակետից գնահատել է միայն Կարեն Չատիկյանի ցուցմունքները, իսկ տուժող Ռաֆիի ու վկաների ցուցմունքներին տվել է կամայական գնահատականներ…

Պաշտպան Երեմ Սարգսյանը իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստում՝ փետրվարի 11-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...