«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր ընտրեց նոր նախագահ։ Այս պաշտոնում միաձայն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ գիտաշխատող Գեւորգ Մուրադյանը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, եւ ստեղծվել էր մի իրավիճակ, որ խորհրդի ողջ կազմը պետք է փոխվեր։ Իսկ մինչ այդ ԵՊՀ-ն ֆինանսական գործարքներ չէր կարող կատարել։ Այսպիսով՝ այսօրվանից համալսարանի հոգաբարձուների խորհուրդն անցավ իր բնականոն աշխատանքին։

Բայց «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, կարծես թե առայժմ կշարունակի պաշտոնավարել՝ չնայած հեղափոխությունից հետո վերջինիս հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ուսանողական խմբերի կողմից։

ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ անդամ Արամ Սիմոնյանը Երեւանի պետական համալսարանի վարչական կազմում է ավելի քան երկու տասնամյակ։ Վերջինս 1993 – 1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ, 2000-2006 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ արդեն 2006-ից մինչ օրս՝ 12 տարի՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտորն է։

Ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: Նա իր իրավաuության uահմաններում եւ ԵՊՀ կանոնադրությանը համապատաuխան՝ գործում է միանձնյա։ Ռեկտորն ամբողջական պատաuխանատվություն է կրում ԵՊՀ աշխատանքի արդյունքների համար:

Արդյոք ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը իր օրակարգի հարց կդարձնի նաեւ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհուրդն իրավասու է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշում ընդունել։

Ըստ Երեւանի պետական համալսարանի կանոնադրության 42-րդ կետի՝ հոգաբարձուների խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել ռեկտորի ընտրության եւ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Նույնն է սահմավում նաեւ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի հոդված 25-ի համաձայն․ «Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է որոշումներ ընդունել հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի եւ կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»։

Սակայն ե՛ւ կանոնադրության, ե՛ւ օրենքի մեջ հստակ պարզաբանում չկա, թե ինչ հիմքերով կարելի է վաղաժամկետ դադարեցնել ղեկավարի լիազորությունները։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը՝ Գեւորգ Մուրադյանը, խորհրդի այսօրվա նիստում հայտարարեց, որ հաջորդ նիստը կկայանա մեկ ամիս հետո։ Այս ընթացքում ռեկտորի պաշտոնավարման հարցը կքննարկվի, թե ոչ՝ դեռեւս պարզ չէ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...