Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ …

- in Իրավունք
Armen Gevorgyan

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատարան ժամանեց նաեւ Արմեն Գեւորգյանը: Մեր հարցին, թե դատախազության կողմից ներկայացված բողոքը ստացե՞լ են եւ ի՞նչ դիրքորոշում ունեն, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ ստացել են, ծանոթացել եւ պատրաստվում են այժմ առարկել:

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները: Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե՝ այո, ապա ի՞նչ որոշումներ են այնտեղ կայացվել, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է, իրենից էլ հարցրեք»: Մեր ճշտող հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Արմեն Գեւորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ… Սիրելի բարեկամներ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի՝ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներին որեւէ բան չունեմ ավելացնելու, ոչ էլ պակասացնելու: Ձեզ ամենայն բարիք եւ հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»:

Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե՛ պաշտպանական կողմը:

Դատախազությունը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գեւորգյանին չկալանավորելու վերաբերյալ: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը եւս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Արմեն Գեւորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու. խոսքը նրան մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է: Հենց այս հանգամանքն է պաշտպանական կողմը վիճարկում:

Առաջին ատյանի դատարանը նաեւ գտել է, որ Արմեն Գեւորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մի քանի ժամ քննեց բողոքները: Նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արմեն Գեւորգյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հայտարարությամբ հանդես եկաք դատարանում, Գեւորգյանը պատասխանեց. «Ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին եւ համենայնդեպս խնդրեցի, որպեսզի իմ բոլոր գործընկերները՝ ե՛ւ դատախազությունում, ե՛ւ Քննչական մարմիններում, ամեն ինչ անենք, որպեսզի գործը անաչառության օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունը ի հայտ գա եւ բոլորս իմանանք՝ ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»,- ասաց ՀՀ նախկին փոխվարչապետը:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ հրաման ստացե՞լ եք Մարտի 1-ի գործի հետ կապված, Գեւորգյանը նշեց. «Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել, ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից, ես հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, ժամանակի խնդիր կա, նորությունները տարածելու, լուրերը տարծելու խնդիր կա, բայց խնդրում եմ համբերություն: Ես գործի հետ կապված նյուանսներ չեմ կարող մատնանշել»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին «Օրակարգին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է՝ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ ճնշում գործադրե՞լ եք նախկին դատավորի նկատմամբ, Գեւորգյանը պատասխանեց. «Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»:

Դիտարկմանը, որ իր հարցազրույցներից մեկի ժամանակ Արմեն Գեւրոգյանը նշել է, որ վերլուծելով իր հետ վերջին ամիսներին կատարվողը՝ գալիս է այն մտքին, որ պետական համակարգում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելով՝ ինքը հաճախ ասել է «Ոչ», ինչը վտանագվոր է եղել իր համար, լրագրողի հարցին՝ արդյո՞ք նոր իշխանությունների օրոք ինչ-որ հարցում ասել է «ոչ», որը վտանգավոր հետեւանքներ է ունեցել իր համար, Գեւորգյանը նշեց, թե ինքը «ոչ» ասել է, օրինակ, համայնքերի ղեկավարներին, տարբեր պաշտոնյաների, որոնք ցանկացել են այս կամ այն ծրագիրն իրականացնել. «Նմանատիպ գործնական քննարկումներ կամ այլ կարգի քննարկումներ այսօրվա գործող կառավարության հետ ես չեմ ունեցել, որ իրենց ասեի՝ «ոչ» կամ՝ «այո»»,- ասաց նա: Նշենք, որ 2018 ապրիլի 18-ին Գեւորգյանը նշանակվել էր փոխվարչապետ:

Հարցին՝ իրեն առաջադրված մեղադրանքերում Գեւորգյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, նա նախ տարակուսեց, թե ինչ 4 մեղադրանքի մասին է խոսքը, ապա հավելեց, որ իր մեղադրանքները այսօր առավոտվա դրությամբ երեքն էին: Գեւորգյանը շարունակելով ասաց, որ ինքն այսօր դատախազությունում խոստացել է, որ մաքսիմալ փորձելու է ձեռնպահ մնալ հանրայնորեն գնահատական տալ գործի ընթացքի մասին: «Ես գուցե տարօրինակ մարդ եմ, բայց քանի որ հայտնվել եմ այս վիճակում, փորձում եմ, որպեսզի ամբողջը իրականանա օրինական, իրավական դաշտում»,- ասաց նախկին փոխվարչապետը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու՝ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքով վաղեմության ժամկետով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման, եթե նա համաձայներ: Սակայն Գեւորգյանը հրաժարվել է, որ նրա նկատմամբ վաղեմություն կիրառվի եւ պնդել, որ ցանկանում է ռեաբիլիտացվել (անարդար կերպով մեղադրված անձի պատիվը, հեղինակությունը վերականգնել): Դրանից հետո, ըստ էության, ստացվում է, որ արդարադատության խոընդոտման համար հիմք հանդիսացող դրվագն այժմ տեղ է գտել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածի շրջանակներում: Լրագրողների հարցին՝ թե նա վստահո՞ւմ է իրավապահ համակարգին, Գեւորգյանը պատասխանեց. «Ես վստահում եմ ինձ, իմ պաշտպաններին եւ մեր օրենսդրությանը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments