Երևանի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարվում է դրական միտում, իսկ գործնականում ի՞նչ է տալիս

- in Տնտեսական
Jrvezh Yerevan

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «դրական» կանխատեսմամբ:

Նշենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «կայունից» այն հասցնելով «դրականի»։ Միջազգային այս վարկանիշային գործակալությունը Երևանի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում որպես Հայաստանի մայրաքաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։

Տնտեսագիտության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հարցի առնչությամբ այն տեսակետին է, որ Երևանին տրված գնահատականը ոգևորող է, հպարտության զգացում է առաջացնում, որ մեր մայրաքաղաքը, ինչու չէ նաև երկիրը, որոշակի չափանիշներով առաջընթաց է գրանցում միջազգային համապատասխան կառույցների գնահատմամբ: Նա բացատրում է, որ սրա էֆեկտը բոլորովին այլ կլիներ, այլ կերպ կդիտարկվեր, եթե Երևանն ունենար Նյու Յորքի կամ Մոսկվայի, կամ այս քաղաքներին համապատասխան «ստատուս» այն առումով, որ սրանք արժեթղթեր են թողարկում, ինքնուրույն ֆինանսական գործունեություն են ծավալում: Ցավոք, մեր մայրաքաղաքն այդպիսին չէ: Երևանը չի կարող միջազգային կառույցներից վարկեր վերցնել: Այլապես վերոնշյալ գնահատականն էապես կհեշտացներ այդ գործընթացը։ Վարկ տվող կազմակերպությունները, հենվելով հենց միայն այս վարկանիշային գնահատականի վրա, կանաչ լույս կվառեին ու արագ կընդառաջեին մեր մայրաքաղաքին: «Տրված այս գնահատականն ավելի շուտ հոգեբանական գործոնի դեր ունի՝ հատկապես ներդրումների առումով: Դրսի մարդը, որ Հայաստանը գիտի, գիտի նաև Երևանը: Եթե նույնիսկ չգիտի էլ, ապա ներդրում կատարելու ցանկության դեպքում հետաքրքրվելու է ու պարզի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը «Ֆիչ Ռեյթինգսի» (Fitch Ratings) կողմից հանրային ֆինանսների բնագավառում կրկին հաստատվել է «B+» մակարդակում «դրական» կանխատեսմամբ: Դա արդեն խթանող գործոն է մեր երկրում ներդրում կատարելու համար:

Տնտեսագետ, հանրապետության վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրեթե նույն դրական երևույթներն է տեսնում: Նա գտնում է, որ սա հնարավորություն է մայրաքաղաքի վարկունակության բարձրացման առումով: Նշում, որ քաղաքն ունի կոմունիկացիոն և ընդհանրապես լուրջ խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ են վարկային միջոցներ: Որպես կանոն, միջազգային կառույցները վարկեր տրամադրելիս պահանջում են տվյալ երկրի կառավարության երաշխավորությունը: Այս պարագայում, երբ հերթական անգամ «Ֆիչ Ռեյթինգսը» քաղաքի վարկանիշը կրկին սահմանել է «B+» մակարդակում «դրական» կանխատեսմամբ, մեր մայրաքաղաքը հնարավորություն ունի առանց պետության երաշխավորության վարկային միջոցներ ներգրավելու: «Սա արդեն առաջընթաց է»:

Հանրապետության ճանաչված տնտեսագետներից մեկն էլ այլ կարծիքի է: Նա գտնում է, որ սա այն իրադարձությունը չէ, որ պետք է արժանանա հանրության ուշադրությանն ու քննարկման առարկա դառնա: «Ավելին, սա ընդհանրապես իրադարձություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է այդպես չլիներ: Կամ ի՞նչ է եղել: Լավ է, որ նման դրական վարկանիշ է սահմանվել: Բայց դրանից ելնելով՝ ինչ-որ ոգևորիչ վերլուծություններ անելու և հեռուն գնացող եզրահանգումների իմաստ չեմ տեսնում: Սովետմիության փլուզումից հետո նման չափանիշների օգտագործումը ինչ-որ չափով արդարացված էր: Սրանցով հնարավոր էր լինում հետևել նախկին սովետական երկրների քարացած, անհասկանալի մեխանիզմներից հեռանալու ընթացքին, արագությանը: Վերջին 15-20 տարիներին այս ու նման չափանիշների կիրառումը, սրանցով հպարտանալը, որպես առաջընթացի արդյունք նշելը, ինքնախաբեության պես մի բան է դարձել: Մեր օրենսդիրները, համապատասխան մարմինների ներկայացուցիչները հստակ գիտեին, թե որ օրենքում, որ պարբերության որ կետը ինչպես պետք է վերաձևակերպեն, որ միջազգային համապատասխան կառույցները հաջորդ տարում, այս կամ այն դրույթով, մեր մրցունակության նիշը բարձրացնեն: Մեկ-երկու տարվա մեջ բիզնես գրանցելու արագության առումով աշխարհում հայտնվեցինք ամենավերին հորիզոնականներում: Միջազգային գնահատականներով ունեինք հիանալի ներդրումային միջավայր: Բայց տնտեսությունը փլվում էր: Այնպես որ լավ է, երբ միջազգային հեղինակավոր այս կամ այն կառույցը դրական գնահատական է տալիս այստեղի զարգացումներին: Բայց տնտեսության մրցունակության բարձրացման առումով միակ ու ընդունելի գնահատականը, ըստ իս, այստեղի «ոչ հեղինակավոր», շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակի, որպես հետևանք նրա, առ պետությունն ունեցած հավատի ամրապնդումն է: