Ի՞նչ ազդեցություն կունենա տաք փետրվարը գյուղատնտեսության վրա

- in Հասարակություն

Երեկ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ փետրվար ամիսը շատ տաք է լինելու, հավելելով, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով:

«Եղանակի շուտ տաքանալու դրական կողմերը այն է, որ վաղ կսկսեն գյուղատնտեսական աշխատանքները»,- այս մասին մեր զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ գյուղատնտեսական տարին առաջ կընկնի, բանջարային կուլտուրայի գները ավելի շուտ կէժանանան եւ ջերմատնային տնտեսություններից անցում կկատարվի բանջարաբոստանային տնտեսություններին:

Խոսելով սրա բացասական կողմերի մասին՝ Մնացականյանն ասաց. «Բացասական կողմը ցրտահարությունն է, որ հանկարծ բույսի վեգետացիայից հետո 2-3 օր ցրտահարություն եղավ, շատ լուրջ հետեւանքներ կլինի»:

Մնացականյանը նշեց, որ եղանակի շուտ տաքանալու դրական կողմերը գյուղատնտեսության համար ավելի շատ են:

Մեր հարցին, թե գյուղատնտեսական տարվա համար կանխատեսումներ կա՞ն, Մնացականյանը պատասխանեց. «Եթե տարին խոնավ եղավ, անձրեւներ եղավ, լավ կլինի, եթե անձրեւներ քիչ եղավ, չորային կլիմա եղավ, բերքը պակաս կլինի»:

Մեր հարցին, թե ո՞ր ամսից պարզ կլինի՝ անցած տարվա համեմատ գյուղատնտեսական տարին ավելի դրակա՞ն է, թե ոչ, Մնացականյանը պատասխանեց. «Անցած տարի ամբողջ մայիս-հունիս ամիսներին անձրեւային շրջան էր, հետո միանգամից երաշտ եղավ: Որ բուսատեսակները, որ շուտ են հասունանում, այդ բուսատեսակների համար լավ տարի էր: Ցորենի ու գարիի օրինակը բերեմ. հարավային շրջաններում ցորենի ու գարիի ցանքը ավելի շուտ են կատարել եւ բույսը շուտ էր վեգետացիա եղել, արդյունքում շատ բերք հավաքեցին, իսկ բարձրադիր գոտիների գյուղացիները բավականին կորուստներ ունեցան, որովհետեւ նորմալ անձրեւներ չեկավ»:

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններումձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments