Gaz

Գազի գնի հարցի որոշակի հստակեցումներից հետո հանրային քննարկումների թեմա է, թե ինչի՞ հաշվին է Հայաստանի համար սահմանին թանկացած գազը ներքին շուկայում մնալու նույնը:

Ընդ որում, այդ հարցադրումները առկա են տարիներ շարունակ ներքին այն գերակա համոզման պարագայում, որ ներքին գնագոյացումը եղել է անարդյունավետ, եւ հնարավոր էր սահմանին ստանալով էժան գազ, ներսում այն սպառողին հասցնել ավելի էժան:

Իհարկե, դրանով հանդերձ, որեւէ փաստական հստակ գնահատական հանրությունն այդպես էլ չի ստացել, թեեւ եղել են այդ կապակցությամբ մի քանի նախաձեռնություններ տարբեր տարիներին: Դրանից երկուսը վերջին ամիսներին էին: Ստեղծվեցին վարչապետին առընթեր աշխատանքային խումբ եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Ի՞նչ եզրակացության են եկել դրանք գազի ներքին գնագոյացման մեխանիզմների հարցում, եւ ինչպիսի՞ փաթեթով է Նիկոլ Փաշինյանը գազի գնի շուրջ մեկ հանդիպում եւ երկու հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Սահմանին գնի բարձրացումն ու ներքին շուկայում դրա պահպանությունը իսկապես աննախադեպ իրավիճակ է, հատկապես դիտարկելով Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ կարգավորումները չեն ներառի որեւէ պարտքի գոյացում կամ պետական ակտիվով փոխհատուցում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գազի գնի հարցում չի կարող լինել այն, ինչ եղավ օրինակ 2006 թվականին կամ 2011 թվականին:

Դա արդեն իսկ կարեւոր քաղաքական հայտարարություն է: Բայց հարցը բաց է: Արդյոք Գազպրոմ Արմենիա ընկերությունը համաձայն է նվազեցնել իր շահույթը, որպեսզի ավելի թանկ վճարի գազի համար սահմանին, բայց չփոխելով գազի գինը ներսում՝ ստանա ավելի քիչ շահույթ: Ինչու՞ է Գազպրոմ Արմենիան գնում այդ «բարությանը»: Թեեւ, անշուշտ միամտություն է համարել, թե հարցը այդ տիրույթում է: Հարցն անշուշտ քաղաքական ավելի լայն տիրույթում է եւ առնչվում է հայ-ռուսական հարաբերության լայնահուն վերափոխման խնդրին, որի առաջ է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ռուսաստանը՝ իր բազմաթիվ խնդիրներով, որոնց մի զգալի մասի, եթե ոչ ամենաառանցքայինների լուծման բանալին Հայաստանի ձեռքում է:

Սա կարող է հնչել տարօրինակ՝ հսկա Ռուսաստանի համար խնդիրների լուծման բանալին փոքր, Ռուսաստանից տնտեսական, գազային, անվտանգային կախվածություն ունեցող Հայաստանի ձեռքին է:

Սակայն խնդիրն այն է, որ այդ կախվածությունն ավելի շատ մտցվել է հայերի գլուխը, քան կա իրական քաղաքական ռեժիմում: Սովորաբար, այդ մասին խոսակցության ժամանակ հակափաստարկն այն է, թե ինչպես ենք ապրելու, եթե Ռուսաստանին ուղարկում ենք գրողի ծոցը:

Սա կամ բնազդային պաշտպանական արձագանք է, որը հենց վկայում է այն մասին, որ խնդիրը հայերի գլխում՝ այսինքն մտածողության եւ հոգեբանության հետ է, կամ գիտակցաբար նենգափոխում է, որի առաջնային շահառուն շրջանակներ են, որոնց համար չկա հայկական եւ ռուսական պետականությունների ճակատագրի հարց, եւ լուծվելիքը միայն այդ պետականությունների գոյություն քարշ տալու հաշվին անձնական բարեկեցիկ ճակատագրի ապահովումն է՝ «մեկ անգամ ենք աշխարհ գալիս» սկզբունքով:

Բանն այն է, որ ինքնիշխան Հայաստան ամենեւին չի նշանակում գրողի ծոցն ուղարկված Ռուսաստան: Հակառակը, Հայաստանի ինքնիշխանության եւ սուբյեկտության ոչնչացումն է նշանակում Ռուսաստանին ուղարկել գրողի, իսկ ավելի կոնկրետ՝ թյուրքական տարրի ծոցը, ինչը բավական արագ տեմպով տեղի է ունենում վերջին տարիների ընթացքում:

Հարց է առաջանում՝ Ռուսաստանը դա չի՞ հասկանում, ՌԴ նախագահը դա չի՞ հասկանում, ՌԴ անվտանգության համար պատասխանատուները դա չե՞ն հասկանում:

Կասկած չկա, որ Ռուսաստանում դա հասկանում են, եւ շատ լավ: Ավելի ճիշտ՝ կասկած չկա, որ Ռուսաստանում կան դա շատ լավ հասկացողներ, ամբողջ խնդիրը սակայն այն է, թե ովքեր են ազդում որոշումների կայացման, քաղաքականության մշակման վրա՝ «մեկ անգամ ենք աշխարհ գալիս» սկզբունքով ապրող շրջանակնե՞րը, «Ռուսական աշխարհի» կեղծ «թեզը» շրջանառության մեջ գցած իրական թյուրքական աշխարհի ճարտարապետնե՞րը, թե՞ մարդիկ, ու՞մ համար կա ռուսական պետականության խնդիր եւ ըստ այդմ այդ պետականության հարցում հայկական ինքնիշխան պետականության անհրաժեշտության գիտակցում, հասկանալով, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը իրական ռուսական պետականության համար չի կարող ունենալ գաղութային կամ ֆորպոստային նշանակություն, եւ որոնք հասկանում են, որ ինքնիշխան Հայաստանն իր շահերով՝ թեկուզ մի զգալի մասով Ռուսաստանին հակադիր, եւ պատմա-քաղաքական խաղաքարտերով՝ թեկուզ դարձյալ ռուսական պատմա-քաղաքական հետագծի հետ հակոտնյա, Ռուսաստանի կենսունակության եւ համաշխարհային մրցունակության ներուժ ունեցող բացառիկ բնական դաշնակիցն է ոչ միայն Կովկասում, այլ նաեւ ամբողջ Մերձավորարեւելյան եւ կենտրոնասիական աղեղում:

Այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ հայ-ռուսական հարաբերության վերափոխման լայնահուն գործընթացը տեղի է ունենում փաստացի երկու կոնֆլիկտային թվացող կետում՝ գազի հարց, ՀԱՊԿ հարց: Իրականում դրանք առերեւույթ են հայ-ռուսական կոնֆլիկտ, քանի որ գործնականում դրանք հայկական եւ ռուսական պետականությունների ճակատագրի կոնֆլիկտ են առկա իրադրության հետ, որտեղ հաղթողը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չէ: Հաղթելու դեպքում հաղթելու են երկու պետությունները, նաեւ պարտությունն է լինելու երկուսինը, եւ եթե անգամ ռուսական պետության պարտությունը ձգվելու է ժամանակի մեջ, դրանից ամենեւին չի դադարելու լինել ավելի ցավոտ, քան հայկականը, եթե Ռուսաստանում գերիշխի մտայնությունը, որ հայկական ինքնիշխանությունը կոնֆլիկտի կողմ է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...