Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում

- in Հասարակություն
Samvel Martirosyan

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։

«Հիմնականում էլեկտրոնային փոստին ուղարկում են կեղծ նամակ` տարբեր բովանդակություններով, դա կարող է գրված լինել, օրինակ, «mail.ru»-ի անունից, որ ձեր էլեկտրոնային փոստը փակվելու է, որովհետեւ խախտել եք կանոնները, բայց եթե ուզում եք փրկել, ուրեմն, 24 ժամվա մեջ մտեք այս հղումով եւ ինչ-որ բաներ լրացրեք»,- այս մասին մեր զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են կարողանում կոտրել էլեկտրոնայի փոստերը:

Մարտիրոսյանի խոսքով՝ մարդն այդ հղումով անցնելով՝ մտնում է «mail.ru»-ի նման ինչ-որ կայք, հավաքում է իր մուտքանունն ու գաղտնաբառը, մուտք է գործում իր էջ եւ արդյունքում իր գաղտնաբառերը նվիրում է հաքերին:

«Բովանդակությունը շատ տարբեր է լինում, կարող է լինել սպառնալիք, որ կփակենք, կարող է լինել, որ դուք միլիոներորդ հաճախորդն եք, ստանում եք «Iphone»: «mail.ru»-ով ավելի հեշտ է թիրախավորել մարդկանց, բայց դա նաեւ արվում էլ այլ էլ. փոստերի միջոցով: Դա կատարվում է նաեւ ֆեյսբուքով, ասենք նմանատիպ ֆեյք էջ է բացվում, իբր ֆեյսբուքի ադմինստրացիան է: Մեկնաբանություններում գրում են, քո էջը փակելու ենք, եթե չես ուզում՝ անցիր հղումով, մուտք գործիր»:

Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անեն քաղաքացիները նմանատիպ հաքերային հարձակումներից խուսափելու համար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջինը, երբեք պետք չի սեղմել հղումների նամակներում: Եթե  հղում կա՝ պետք է հստակ նայել, թե ուր է տանում ինքը: Եթե «mail.ru»-ից է եկել նամակը, հղումը պետք է տանի հենց «mail.ru»: Սովորաբար ոչ մի նորմալ ընկերություն չի պահանջում, որ դու նորից մուտք գործես:

Երկրորդը, եթե հանկարծ ինչ-որ հղումով մտել եք, պետք է նայել հասցեն, որ լինի օրինակ` «mail.ru», այլ ոչ, ասենք, «mail.ko» կամ նմանատիպ մեկ այլ բան: Երրորդը, գերադասելի է միացնել երկփուլային մուտքը, որը ենթադրում է, որ պետք է մուտքանունից եւ գաղտնաբառից բացի կոդ ներմուծես: Այդ դեպքում, եթե հանկարծ սխալվել եւ ձեր գաղտնաբառը նվիրել եք հաքերներին, մեկ է չեն կարողանա ձեր էջը կոտրել»:

Մեր հարցին՝ միայն հայկական էլեկտրոնային փոստե՞րն են թիրախի տակ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, բայց ադրբեջանցիների կյանքի նպատակը մենք ենք: Հունվարի 29-ին էլ իրենց սեւ օրերն են եւ միշտ այդ օրերին ակտիվ գործողություններ են անում»: