Ինչ էր Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը 2013-ից 2016-ի շղթայում

- in Կարծիք
Permyakov

Այսօր Գյումրիում Շիրակացի փողոցի ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցի կապակցությամբ:

Ավետիսյանների ընտանիքը սպանվել էր 2015 թվականի հունվարի 12-ին, իսկ հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Ակցիայի մասնակիցներն այսօր փորձելու են Հայաստանի իշխանությունների և ռուսական ռազմաբազայի ղեկավարության ուշադրությունը հրավիրել ռազմաբազայի գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի վրա: Չնայած Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը մեծ հնչեղություն էր ստացել, սական ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից հանացագործությունները պարբերաբար կրկնվում են: Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրի Սլաբոտկա թաղամասում վաղ առավոտյան դաժան ծեծի էր ենթարկվել 57 ամյա Ջուլիետա Ղազարյանը, ով մահացել էր: Դեպքով ձերբակալված է ռուսական ռազմաբզայի զինծառայող:

Ակցիայի կազմակերպիչներից Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ավելի վաղ հրապարակել էր ակցիայի ընթացքում հնչեցվելիք պահանջները:

ՀՀ իշխանություններից պահանջում են հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններն ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալար ու ցանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային և գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում և այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման և վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել: Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն և զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման և ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական և խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչև բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը: ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):

Պահանջներից է նաև բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլևայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս և այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:

ՌԴ իշխանություններին ևս ակցիայի ընթացքում պահանջներ կուղղվեն:

Մասնավորապես, պահանջվում է հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները և լուծել դրանք: Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել և ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը:

Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչև զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին: Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:

Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ և ՌԴ իշխանությունները ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, Գյումրիի հանրությանը կոչ է արվում զգոն լինել, ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսևորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ: Ուշադիր պետք է լինել հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված:

2015 թվականի հունվարի 12-ին տոնական օրերից աշխատանքային ռիթմի վերադարձող հանրությունը ենթարկվեց շոկի՝ Գյումրիից ստացվեց սահմռկեցուցիչ տեղեկությունն Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության մասին:

Ըստ տեղեկության, դեպքը տեղի էր ունեցել լուսադեմին եւ դրա համար կասկածվում էր Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: Գործնականում մի ամբողջ օր նրան էին որոնում, ընդ որում հատկանշական է, որ ոչ միայն հայ իրավապահները, այլ հենց նաեւ ռուսական ռազմակայանի ծառայողներ՝ զենքով, Գյումրիում, ինչի իրավունքը թերեւս չունեին:

Մյուս անիրավությունը առջեւում էր: Ավելի ուշ տարածվեց տեղեկություն, որ Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Նրան ձերբակալել էր ՌԴ սահմանապահ ծառայությունը, որն ըստ պայմանագրի 1992 թվականից մինչ այժմ պահպանում է հայ-թուրքական սահմանը:

Դարձյալ ըստ այդ հարցի իրավապայմանագրային բազայի, եթե ռուս սահմանապահները հայտնաբերում են սահմանախախտի, ապա նրան պետք է փոխանցեն Հայաստանի իրավապահներին:

Ռուս սահմանապահները սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալել էին Պերմյակովին, սակայն գործել արդեն ոչ ըստ պայմանագրի եւ նրան փոխանցել ոչ թե Հայաստանի իրավապահներին, ԱԱԾ-ին, այլ հանձնել ռուսական ռազմակայանին: Այն, որ տեղի էր ունեցել պայմանագրի խախտում, հրապարակավ ընդունել էր նաեւ այդ ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Պերմյակովն այդպիսով հայտնվեց ռուսական կողմի տնօրինության ներքո, ինչից հետո էլ ՌԴ-ն հղում անելով իր Սահմանադրությանը հայտարարեց, թե չունի իր քաղաքացուն այլ երկրի իրավապահներին արտահանձնելու իրավունք:

Այդ հանգամանքը բերեց իրավիճակի գերլարման: Գյումրիում տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի քաղաքացիների՝ մի ամբողջ ընտանիք գնդակահարելու համար կասկածվող, մեղադրվող Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին լիարժեք քննության համար: Այդուհանդերձ, ակցիաները չտվեցին արդյունք՝ Պերմյակովը մնաց ռազմակայանի հովանու ներքո, նրա դատավարությունն էլ կազմակերպվեց այնտեղ, խիստ անհարմար պայմաններում, այդ թվում լուսաբանող լրագրողների հետ: Ընդհանրապես, Պերմյակովի գործի քննությունը Հայաստանի հանրության համար մնաց մի շարք հարցերով անպատասխան, ու թեեւ նրանց դատապարտեցին զմահ ազատազրկման, այդ հարցերը շարունակում են մնալ:

Միաժամանակ բացառել պետք չէ, որ այդ գործընթացներին զուգահեռ, ավելի խորքում լուծվեցին մի շարք այլ հարցեր, այդ թվում հայ-ռուսական հարաբերության տիրույթը ներառող: Համենայն դեպս, թեեւ Գյումրիի զանգվածային ակցիաները Պերմյակովի արտահանձնմանը չնպաստեցին, այդուհանդերձ դրանք ավելի խորքային առումով չէին կարող ազդեցություն չթողնել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ընկալումների վրա:

Ի վերջո դրանով էր նաեւ պայմանավորված, որ նույն թվականի ամռանն էլեկտրաէներգիայի թանկացման առիթով Բաղրամյան փողոցի իրադարձությունները, որ թվում է թե բացառապես ներքին սոցիալական խնդիր էին, Մոսկվան անմիջապես հռչակեց «մայդան»:

Գյումրիի ակցիաները կոտրեցին այն գործընթացի «մեջքը», որ սկսվել էր 2013 թվականի սեպտեմբերի 3-ի պայմանական կետից եւ որը միանգամայն բնորոշելի էր որպես Հայաստանի պետական սուբյեկտության եւ միջազգային վարկի չեզոքացման գործընթաց, հայկական պետականության ռազմավարական շահերի հաշվին ռուս-թուրքական ռեգիոնալ պայմանավորվածությունները վերականգնելու ձգտումով, որոնք էլ իրենց հերթին խախտվել էին Արցախի հարցում հայերի հաստատած ստատուս-քվոյի շնորհիվ:

2013-ից ինտենսիվացել էր այդ ստատուս-քվոն փոխելու եւ ամբողջությամբ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի տիրույթ վերադարձնելու ռուս-թուրքական երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ենթաերկխոսությամբ:

Հայաստանի քաղաքական այսպես ասած միտքը այդ գործընթացում ավելի լուրջ ասելիք չգտավ, քան այն, որ Հայաստանում այդ զարգացումներին ընդդիմացողները «20-30» մարգինալներ են:

Գյումրում Պերմյակովի ոճրագործությունից հետո տեղի ունեցած ակցիաները ցույց տվեցին, որ մարգինալը ժամանակի այսպես ասած հայկական քաղաքական միտքն էր: Քաղաքական մտքի այդ մարգինալությունը ի վերջո առավել աղաղակող ձեւով բացահայտվեց արդեն 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, երբ քաղաքական մտքի բացակայության կամ մարգինալության հետեւանքով հասունացած աղետը կանխեցին բանակն ու անկախ քաղաքական հայացքից նրա կողքին կանգնած հանրությունը:

Ինչ էր Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը 2013-ից 2016-ի շղթայում: Այդ հարցի պատասխան կա՞, կա՞ն տեղեկություններ, որոնք հանրությանը հայտնի կդառնան ավելի ուշ, թե՞ այդ դեպքը ողբերգական մի իրադարձություն էր, որը շղթայի մաս չէր, սակայն ունեցավ ազդեցություն այդ շղթայի վրա:

Հ.Գ. խաղաղություն Ավետիսյանների հոգիներին