Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու

Armen Gevorgyan

«Իմ դիրքորոշումը ես արդեն մեկ անգամ հայտնել եմ, ես ներկայացրած մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն»,- այսօր լրագրողներին ասաց նախկին փոխվարչապետ, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

Հարցին, թե որ դրվագով չի ընդունում մեղադրանքերը, այդ թվում՝ փողերի լվացմա՞ն, նա պատասխանեց, որ մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունում:

Արմեն Գևորգյանը չպատասխանեց հարցին, թե գործարար Սիլվա Համբարձումյանի հետ կաշառքի մեղադրանքով առերեսում եղե՞լ է: Նշենք, որ հենց Սիլվա Համբարձումյանն է Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք տվել:

«Ես մի կարգավիճակում եմ, որ նման հարցերին ցավոք սրտի չեմ կարող պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Գևորգյանը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Գևորգյանին, իսկ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ:

Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու,  առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու ու արդարադատությանը խոչընդոտելու մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատականը նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել:

«Մենք չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություններ պատրաստելու համար: Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բողոքին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ն:

Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ներկայացված մեղադրանքները չի ընդունում և համարում է անհիմն:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

Spread the love