Կո՛չ Հայոց Սփյուռքին

- in Հրապարակ
hayastan-armenia

(Մեր արյան գաղտնի կոդը)

Նախաբան

Ապրիլյան թավշյա հեղափոխության ամենախոշոր ձեռքբերումներից մեկը պետք է լինի ՄԵԾ հայրենադարձությունը, որը կապահովի տնտեսական, գիտական և ֆինանսական թռիչքաձև առաջընթացը: Ժամանակին այս բանաձևի մասին խոսել և մեզ հուշել են Իսրայելի լեգենդար վարչապետ Շիմոն Պերեսը և Սինգապուրյան <<հրաշքի>> հեղինակ Լի Կոան Յունը: Այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանության լեգիտիմությունը, նրա բարձր վարկանիշն ու հեղինակությունը, աշխարհի հայության առաջ բացում է մեծ հնարավորությունների բոլոր փակ դռները՝ իրենց պապերի հայրենիքը շենացնելու և իրենց երեխաների ու թոռների մշտական հենման կետը ամուր կայացնելու համար:

Սկիզբ

Մեզ շատ սիրելով Աստված ցրել ու տարածել է աշխարհով մեկ: Մենք շատ սիրելով մեր երկիրըմիշտ ձգտել ենք վերադառնալ այնտեղ:
Աստված մեզ ցրել ու տարածել է աշխատանք փնտրելու, մեր ընտանիքների համար բարօրություն և հարմարավետություն ստեղծելու և ապահովելու պատրվակներով: Մենք ապահովել ենք այդ բարօրությունն ու հարմարավետությունը
գիշեր ու զօր տքնելով,մեր մեջից քամելով Տիրոոջ տված շնորհը, և նա տեսել ու ժպտացել է մեզ, և այդ ժպիտը ջերմացրել է օտարության մեջ կարոտից տառապող ու մաշվող մեր մարմինն ու նամանավանդ հոգին: Մենք անընդհատ թողել ենք ծովից-ծով երկիրը, գնացել ենք դեպի օվկիանոսներ ու նորից վերադարձել և, օտարության մեջ ֆիզիկապես մնալով, հոգով մենք միշտ տանն ենք եղել, ճիշտ այնպես` ինչպես Լեռը մեր հարազատ…

Եվ որտեղ էլ լինի ցանված սերմը ազնվական մեր տեսակի,որտեղ էլ թափված լինի արյունը մեր արիական, բումերանգի օրենքներով կամ անօրենք, նա ետ պիտի դառնա դեպի սկիզբը իր օրինական, բայց երկիրը ծովատարած ցավոք այդ ընթացքում գետից-գետ է դարձել մեր քթի տակ,իսկ Լեռն էլ ծերացել է մեր փնթի կարոտներից, և չի գործել այստեղ արյան կանչի ոչ մի օրենք, և չի գործել այստեղ ոչ մի օրենք տերունական, ու արյան կանչն էլ փոխարկվել է թախծոտ վայրահաչի:

Մեզ խաբել են, որ իբր տեսություն կա, որ մենք աշխարհի աղն ենք, տեսություն կա որ աշխարհը մեզնից ու մեզանից է ստեղծվել:
Եկեք մի հարյուր տարով փակվենք մեր աշխարհում, եկեք մի հարյուր տարով մոռանանք աշխարհի դարդուցավը, եկեք մի հարյուր տարի մեր ցավուդարդով տապակվենք, Աստվածավախ դառնանք, բայց չվախենանք Աստծուն մոտենալուց. վերադառնանք ավերակված և ամեն օր ավերակվող տունը հայոց ու մի հարյուր տարում շեն ու շենշող սարքենք մենք այն:

Վերջաբան

Պետք է լինել սթափ և սառնասիրտ, բայց արագաշարժ: Մեր ներքին և արտաքին թշնամիները քիթ-քթի տված, ծածուկ ու դիրքավորված սպասում են մեր հերթական ձախողմանը: Եկե՛ք այս անգամ բացառենք նրանց <<ուրախությունը>>:
Ձեր մայր հայրենիքը, ողջ հայ ժողովուրդը գրկաբաց ու սրտատրոփ սպասում է ձեզ այդ <<ՀՐԱՇՔԸ>> միասին իրագործելու ճանապարհին: Ի’ ԳՈՐԾ, Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ հարազատներս, և Աստված մեզ զորավիգ:

Վանուշ Շերմազանյան, արձակագիր, հրապարակախոս