Հայաստանը կշրջվի դեպի Արևմուտք, ի՞նչ կանի Ադրբեջանը

- in Հրապարակ
Hayastan EM

Ադրբեջանը սպասում է հայ-ռուսական հարաբերության վատթարացման, որից հետո կփորձի օգտագործել դա Արցախի խնդրում և պատերազմ սկսել: Այս կարծիքի հեղինակը Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն է, որը նախորդ տարեվերջին հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին:

Զուլֆուղարովը հմուտ դիվանագետ է, այդ մասին փաստում են նաև բազմաթիվ ոչ ադրբեջանական ու նաև շատ հայկական աղբյուրներ: Հետևաբար նրա հայտարարությունները արժե պահել ուշադրության կենտրոնում և դիտարկել ընդհանուր իրավիճակի համատեքստում, որ առկա է Կովկասում և հայ-ռուսական հարաբերությունում: Առավել ևս, որ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի՝ Մոսկվա այցի առիթով այդ հարաբերության շուրջ ուշադրությունը մեծ է թե՛ փորձագիտական, թե՛ հանրային շրջանակներում: Զուլֆուղարովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող ապահովել Հայաստանի տնտեսական զարգացում, անհրաժեշտ ներդրումներ, և դա կբերի նրան, որ Հայաստանը կշրջվի դեպի Արևմուտք, ինչից էլ կօգտվի Ադրբեջանը:

Նախկին արտգործնախարարի այդ հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ նա փաստորեն «բացահայտում» է պաշտոնական Բաքվի սպասումները: Ո՞ւմ կամ ինչի՞ համար է դա անում: Զուլֆուղարովը վերջին շրջանում ակտիվացրել է փորձագիտական գնահատականները Արցախյան խնդրի, ռեգիոնալ իրողությունների առնչությամբ: Դա պայմանավորված է ներադրբեջանական հավակնություններո՞վ, Ադրբեջանի իշխանության ներսում եղած խմորումներո՞վ, թե՞ կան այլ շարժառիթներ, և նա Բաքվի ոչ պաշտոնական խոսափողն է: Այդ դեպքում նա ինչո՞ւ է բացահայտում հայ-ռուսական հարաբերության վատթարացման առնչությամբ Ալիևի սպասումները: Թե՞ բացահայտումը պայմանավորված է նրանով, որ այլ շրջանակներ, արդեն ոչ ադրբեջանական, փորձում են խաղալ Հայաստանի հասարակության էմոցիաների վրա, որպեսզի հանրության մեջ էլ առաջանան Նիկոլ Փաշինյանին ճնշող տրամադրություններ՝ թե նա վտանգում է հայ-ռուսական հարաբերությունն ու նպաստում Ադրբեջանի դիրքերի ամրացմանը, և նա դադարեցնի ՌԴ հետ հարաբերության բնույթի վերափոխման հաստատակամ քաղաքականությունը: Սա պետք չէ բացառել, որ փորձ կարվի շրջանցիկ տարբերակներ էլ օգտագործել Հայաստանի նոր իշխանության վրա ազդելու համար:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ այդպես մտածում է ոչ միայն Զուլֆուղարովը, այլ նաև Հայաստանում հասարակական-քաղաքական շրջանակների մի շոշափելի մաս, որոնք պարբերաբար հայտարարում են, թե Ադրբեջանն օգտվելու է, եթե մենք Ռուսաստանի հետ խնդիրներ ունենանք, եթե մենք խնդիրներ ունենանք ՀԱՊԿ-ի հետ և այլն: Իրականում սա դարձել է ծուղակ Հայաստանի համար, երբ ոչ միայն ներքին հարցերում էին հանրությանը ահաբեկում Ադրբեջանի, այսպես ասած, ջրաղացով, նույն կերպ մեխանիզմըւ աշխատեցնում են Ռուսաստանի հետ հարաբերության մասով: Թերևս պարզ է, թե ինչու:

Բանն այն է, որ դա ըստ էության Հայաստանի նախկին իշխող համակարգի, այսպես ասած, վերջին թելն է, որը պետք է պահել, իսկ պահել հնարավոր է դարձյալ ահաբեկելով Ադրբեջանի ջրաղացով: Զարմանալի չէ նաև, որ Ադրբեջանն էլ փորձում է խաղարկել այս տրամաբանությունը, որովհետև թեկուզ բարակ թելով, այդուհանդերձ նախկին համակարգի որևէ գոյությունը Բաքվի համար հնարավորություն է Հայաստանի նոր իշխանության, ժողովրդավարական նոր վարկի դեմ արդյունավետ քայլերի համար:

Արդյունքը այն է, որ ինչպես ներքին կյանքում էր երկու տասնամյակ իշխում այդ մանիպուլյացիան՝ Ադրբեջանի ջրաղացի, որը պայթեց ի վերջո ապրիլյան քառօրյայով, այդպես էլ դա իշխում է արտաքին հարաբերության ամենաառանցքային ուղղության՝ հայ-ռուսական հարաբերության մասով: Մինչդեռ հարցն այստեղ Ռուսաստանի հետ անմնացորդ խնդիրներ առաջացնելը չէ: Հայաստանը չի դրել ու չի դնում այդպիսի խնդիր: Հարցն այստեղ Ռուսաստանի հետ հարաբերությունը այնպես կանոնակարգելն է, որպեսզի որևէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանին չահաբեկի Ադրբեջանով: Առավել ևս, որ ապրիլյան քառօրյայի հասցրած ռուս-ադրբեջանական սերտ գործակցությունը տեղի էր ունենում իբրև թե հայ-ռուսական հարաբերության անամպ երկնքի ներքո՝ ամպեր կուտակելով Հայաստանի ու Արցախի երկնքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...