Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ

- in Հասարակություն
Hayastan

Հասարակական գործիչների եւ կազմակերպությունների մի խումբ (Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիան կենտրոն, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), պատմական գնահատելով 2018 թվականի ընթացքում մեր երկրի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունները եւ շրջադարձային զարգացումները, համարելով, որ ժողովրդի կամքով ձեւավորված Ազգային Ժողովը եւ ձեւավորվելիք նոր կառավարությունը երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու մարտահրավերների առաջ է կանգնած, անցած երկու ամսում ի մի բերելով անցած տարիների աշխատանքը, հետազոտությունները, վերլուծությունները, բացահայտումներն ու առաջարկությունները, վերամշակել եւ ձեւակերպել են մի շարք ոլորտներում խնդիրների եւ լուծումների սեփական ընկալումները, որպես Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ, ճանապարհային քարտեզ:

Հայեցակարգը ներառում է արդարադատության վերականգնման, անցումային արդարադատության գործարկման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական իշխանության ձեւավորման, կրթության լայնածավալ բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, տարածքային համաչափ զարգացման, ընտրական օրենսգրքի նորոգման, իշխանության ճյուղերի իրական տարանջատման եւ այլ ոլորտներում արմատական բարեփոխումների ուղղությունները: Խումբը հայտարարում է, որ այս խնդիրների եւ լուծումների մասին բարձրաձայնել է առնվազն մեկ տասնամյակ եւ հիմա հապաղելը վնասակար համարելով, գտնում է, որ այժմ իրական հնարավորություն կա արագ եւ արդյունավետ գործողություններով ձեռնամուխ լինելու բարեփոխումներին:
Հայեցակարգում նշվում է, որ նոր Հայաստանի բարեհաջող զարգացման համար առաջնահերթ խնդիրների կարգավորման լուծման բանաձևը հանրություն-իշխանություն աշխատանքային կապի ամրությունն է, եւ այն ամրապնդելու համար խնդիրների լուծման եռակողմ մասնակցային ձեւաչափ է առաջարկվում իշխանություններին: Մասնավորապես. ձեւավորել հանձնախմբեր (աշխատանքային խումբ, հանձնաժողով կամ այլ մարմին), որոնք բաղկացած կլինեն երեք կողմերի պատվիրակներից. (1) ՀՀ օրենսդիր մարմին (բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ), (2) գործադիր մարմին եւ (3) քաղաքացիական հասարակություն: Այդ հանձնախմբերը ունենալու են ոլորտային բարեփոխումների քննարկման, վերլուծության, լուծումների, հայեցակարգերի եւ քաղաքականությունների մշակման, օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման եւ այդ մասին հանրային քննարկումների կազմակերպման լիազորություններ:

Ստորեւ ներկայացվող հայեցակարգը չի հավակնում անվիճելի կամ կատարյալ լինել, այստեղ բերված խնդիրների լուծման եղանակները կարող են փոփոխվել եւ վերանայվել ինչպես իրադարձությունների եւ իրավիճակի փոփոխման, այնպես էլ շահագրգիռ քաղաքացիների, կողմերի, խմբերի կուսակցությունների եւ իշխանությունների հետ քննարկումների արդյունքում: Հայեցակարգը դեկտեմբերի 28-ին ուղարկվել է նորընտիր խորհրդարանի բոլոր խմբակցություններին, ավելի քան 10 պատգամավորի, ՀՀ վարչապետին եւ առաջին փոխվարչապետին: Հայեցակարգը ՀՀ իշխանություններին փոխանցելու հետ մեկտեղ այժմ դրվում է հանրային քննարկման, ակնկալելով շահագրգիռ քաղաքացիների, կազմակերպությունների, խմբերի եւ կուսակցությունների ուշադրությունը, դիտողությունները, դիտարկումները եւ լրացումների առաջարկությունները:

Հայեցակարգի լրացման առաջարկները խնդրվում է ուղարկել մինչեւ 2019 թ. հունվարի 9-ը levon@asparez.am հասցեով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ) – դեկտեմբերի 9, 2018թ.

https://bit.ly/2VA3MlC