Հայաստանի «Հասունության քննությունը»

- in Վերլուծական
Hayastan

Երբ նախորդ Ամանորին Սերժ Սարգսյանը հերթական անգամ հեռուստաէկրաններից ոչինչ չասող հայացքով ու միապաղաղ-մեռելային ձայնով շնորհավորում էր բոլորիս, քչերն էին հավատում, որ դա վերջին անգամն է, ու 2018-ին երկրում իրավիճակ է փոխվելու։ Երկի՛րն է փոխվելու։

Ի՞նչ կբերի 2019-ը Հայաստանին ու հայ ժողովրդին։ Լավատեսական սպասումներ, անորոշություն, տագնապ, դժվարությունների անխուսափելիության հստակ գիտակցում, դրանց հաղթահարման վճռականություն, մի խոսքով՝ «հասունության քննություն»։ 2019-ը այդպիսին է լինելու։ «Հասունության քննություն» ե՛ւ իշխանությունների, ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության համար։

Հասուն /ինքնիշխան/ լինելն, իհարկե, ավելի բարդ է։ Եվ՝ ավելի վտանգավոր։ Երեխայի /թեկուզ՝ չսիրված, թեկուզ՝ խորթ/ կարգավիճակն ավելի հուսալի ու կանխատեսելի է․լավ թե վատ կերակրում են, թույլ չեն տալիս բախվել «արտաքին աշխարհի» դժվարությունների հետ, ճիշտ է, մեկ-մեկ էլ ականջը ձգում կամ անկյուն են կանգնեցնում, բայց նաեւ՝ լավից-վատից ապահովում են արտաքին անվտանգությունը․․․

Բայց հնարավոր չէ հավերժ ապրել երեխայի կարգավիճակով, եւ հասունության /ինքնիշխանության/ փուլն անխուսափելի է։ Առավել եւս, որ Հայաստանն այդպիսի փորձ ունի։ 1990-ականների առաջին կեսին Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն էր վարում ու արժանապատիվ դաշնակցային հարաբերություններ ուներ տարածաշրջանային գերտերությունների հետ, ու հենց այդ ժամանակահատվածում է, որ ունեցանք վերջին հարյուրամյակների մեր մեծագույն հաղթանակները։ Ուրիշ բան, որ հետագայում իշխանություններն այնուամենայնիվ վերադարձան «երեխայի կարգավիճակին»՝ «մեծերին» վստահելով արտաքին անվտանգությունն ու ռազմավարական բոլոր ենթակառուցվածքները, ինչը հնարավորություն էր տալիս ոչ միայն երկրի ներսում վարվել իրենց սրտի ուզածի պես ու միլիարդներ կուտակել, այլեւ հանգիստ հոխորտալ հարեւանների վրա /այնպես, ինչպես երեխան է բակում լեզու ցույց տալիս իրենից մեծ երեխաներին, եթե պապայի ձեռքից բռնած է/։

Այո, 2019-ը Հայաստանի համար բարդ է լինելու։ Եվ՝ ենթադրվող ու չնախատեսված դժվարություններով լի։ Այնպես, ինչպես նոր-նոր ինքնուրույն կյանք մտնող երիտասարդի համար։ Ու չարժե ինքնախաբեությամբ զբաղվել եւ հուսալ, թե խնդիրներն իրենք իրենց լուծվելու են։ Հասուն մարդկանց ու պետություններին ինքնախաբեությունը միայն վնասում է։ Բայց Հայաստանն ունի այդ դժվարությունները հաղթահարելու բոլոր նախադրյալները։ Կա նպատակը, թե ինչի համար է այս ամենը, հասարակության մեջ կա այդ նպատակի գիտակցումը, կան իշխանություններ, որոնք վայելում են հասարակության անվերապահ աջակցությունը, եւ կան որոշակի ներքին ռեսուրսներ, որոնք տասնամյակներ շարունակ կամ չեն օգտագործվել, կամ օգտագործվել են այլ նպատակներով։

Կկարողանա՞նք հաղթահարել դժվարությունները՝ ունենալով այս ամենը, թե ոչ՝ արդեն մեզանից է կախված։ Հարցն, ի դեպ, հռետորական չէ, ու պատասխանն էլ միանշանակ չէ։ 2019-ին մենք բոլորս հենց այս հարցի պատասխանն է, որ պիտի կարողանանք տալ։

Արմեն Բաղդասարյան

Հ․Գ․ Այնքան էլ տոնական չստացվեց, բայց Ամանորը միայն երեխաների համար է «ձրի» նվերների տոն, իսկ մեծահասակների համար ցանկացած Ամանոր առաջին հերթին նոր մարտահրավերների դիմակայելու մեկնարկ է։