Հայաստան ժամանած հազարավոր հնդիկներ աշխատանքի են անցնում ցածր վարձատրվող ոլորտներում

- in Սոցիալական
Jamanak mard

Սոցցանցերի հայկական տիրույթում հետամանորյա քննարկումների գլխավոր թեման հնդիկներ են: Վերջին ամիսներին զգալի շատացել են Հնդկաստանից Հայաստան ժամանածների թիվը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին կառավարության որոշմամբ դյուրացվել է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան: Այժմ նրանք վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանելուն պես:

Հայաստան ժամանած հազարավոր հնդիկներ աշխատանքի են անցնում ցածր վարձատրվող ոլորտներում: Շատերը մտահոգություն են հայտնում, որ հնդիկները կարող են խլել հայերի աշխատատեղերը, ինչպես նաև ապագայում նրանց աճող թիվը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել:

Չնայած Հնդկաստանի կառավարության խոստումներին ու քայլերին՝ ստեղծվող աշխատատեղերի քանակը զգալի ցածր է ամեն տարի աշխատաշուկա մտնողների թվից:

Վերջերս Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հայտարարել է 63000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին, որին դիմել է 19 միլիոն մարդ: Սպասվում է, որ 2021 թվականին 15-34 տարեկան հնդիկների թիվը կհասնի 430 միլիոնի, իսկ ամեն տարի աշխատաշուկա է մտնում 6-8 միլիոն մարդ: Սկսած 2011 թվականից Հնդկաստանում աճում է գործազուրկների թիվը: Գործազուրկների ամենամեծ բանակը բարձրագույն կրթություն ունեցողներ են. նրանցից 16.3%-ը գործազուրկ են: Տնտեսագետ Ալի Ղոսեի հաշվարկներով՝ Հնդկաստանում ավելցուկ աշխատուժը կազմում է 104 միլիոն մարդ: 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հնդկաստանում գործազրկության մակարդակը կազմել է 7.4%:

Այս տարի Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Հնդկաստանի կառավարությունը որոշել է պետական սեկտորում աշխատատեղերի 10%-ը տրամադրել աղքատներին, մասնավորապես, բարձր կաստայի ներկայացուցիչ հանդիսացող մարդկանց:

Տեղեկացնենք, որ հնդիկ աշխատանքային միգրանտները մեծ թիվ են կազմում նավթով հարուստ արաբական երկրներում: Վերջին տարիներին Պարսից ծոցի արաբական երկրները զգալի նվազեցրել են հնդիկներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների թիվը: 6 երկրներ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄէ-ն, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը, 50%-ով նվազեցրել են հնդիկ աշխատողների մուտքը: Այս 6 երկրները 2015 թվականին աշխատանքի թույլտվություն էին տվել մոտ 760 հազար հնդիկի, իսկ 2017 թվականին՝ 375 հազարի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...