Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել, փոխարենը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել

- in Պաշտոնական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացրել: Այդ մասին շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն անդրադարձավ օգտատերերի հարցին, թե արդյո՞ք նա չի փոշմանել այդ պաշտոնը ստանձնելուց հետո:

«Երբ գնում ես ծառայության, ապա փոշմանելու կամ չփոշմանելու հարց չկա: Դու ի սկզբանե գիտակցում ես, թե ուր ես գնում և ինչի համար: Իհարկե, պատասխանատվությունն ահռելի է, սակայն սա ծառայություն է և պետք է այն կատարել»,-ասաց Հայկ Մարությանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին:

«Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ համար շատ կարևոր է, և այն գումարները, որ պետք է այսօր հավաքագրենք, գնալու են միայն համայնքի խնդիրների լուծմանը: Որքան շատ հավաքագրվի, այնքան ավելի հարց կլուծվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում: Արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինարարության 9  դեպք: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան  12/4 (համայնքին պատկանող հողատարածքում կառուցված քարե ինքնակամ շինությունն օգտագործվել է որպես հավաբուն)  և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են:

Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն: Առաջին շոշափելի արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ և, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Մայրաքաղաքի մայթերը և չսահմանված այլ հատվածները որպես ավտոկայանատեղի օգտագործելու փաստի առնչությամբ քաղաքապետը հատկանշել է, որ խնդիրը չի կարգավորվի այնքան ժամանակ,  քանի դեռ ոստիկանությունը չի դիմել կոշտ միջոցների:

«Ինչ արժեք ունեն Երևանի ավագանու որոշումները, եթե մի տեղ ասում ենք՝ ավտոկայանատեղի չի լինելու, բայց միևնույն է, այդտեղ մեքենաներ են կայանում: Քաղաքապետարանն ինչ էլ անի, միևնույն է՝ անզոր է: Այստեղ արդեն ոստիկանությունը պետք է գործի» ,- ընդգծել է քաղաքապետը:

«Թեժ գծի» աշխատանքն  առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործարկվել է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-05 կարճ և անվճար հեռախոսահամարը: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում կներդրվի աշխատանքային ժամերից հետո ձայնային հաղորդագրություն թողնելու հնարավորությունը: Քաղաքապետը հետաքրքրվել է նոր հեռախոսահամարով ստացվող զանգերի քանակի մասին և հանձնարարել հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել քաղաքացիներին գործող նոր «Թեժ գծի» առկայության մասին:

Բանակի օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն վարչական բոլոր շրջաններում: Հանձնարարվել է Արարատյան Հայրապետական թեմի հետ նախապատրաստվել նաև փետրվարի 16-ին նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

Մեքենաներն ունեն ժամանակակից «Եվրո 5» չափորոշիչի շարժիչներ, որոնք կրճատում են վնասակար արտանետումները: Հատուկ տեխնիկան ունի նաև ավտոմատ կառավարման ռեժիմներ:

Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է: Երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Վերջին 25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:

«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան:  Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- նշել է Հայկ Մարությանը:

Մաքրություն՝ ողջ տարվա ընթացքում. ավտոարտադրող ընկերության այս կարգախոսով առաջնորդվելով էլ հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից: