Iran

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայաստանի դեսպանի եւ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը անկասկած պայմանավորված է Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումով: Կարգավորման գործընթացի հանգրվաններում Իրանի հետ շփումներն ու իրազեկումը Երեւանի եւ Թեհրանի միջեւ կայուն պրակտիկա է:

Հայաստանի դեսպանը իրանցի պաշտոնյային ներկայացրել է կարգավորման նոր զարգացումները եւ Հայաստանի «սկզբունքային դիրքորոշումը», ինչի ձեւակերպումը հուշում է, որ Երեւանը Թեհրանին վստահեցրել է բանակցային գործընթացում որեւէ «դավադիր համաձայնության» բացակայության մասին, որը կարող է Թեհրանին տալ մտահոգության առիթ:

Թեհրանի մտահոգության առիթն անկասկած ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարն է, հատկապես այդ միջոցով արցախյան գոտում երրորդ երկրների զինուժի առկայությունը: Այդ տեսանկյունից, Երեւանի «սկզբունքային դիրքորոշման» հավաստիացումը ստանալուց հետո Իրանն էլ իր հերթին է իր սկզբունքային դիրքորոշման մասին հավաստիացրել Երեւանին, Իրանի ԳՇ պետի Բաքվում արած հայտարարության առիթով նշելով, որ Արցախի հարցի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ Թեհրանը շարունակում է զորակցել բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը թարգմանաբար նշանակում է զորակցել «ստատուս-քվոյին»:

Հայաստանի դեսպանի եւ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի շփումը հուշում է Երեւանի եւ Թեհրանի միջեւ աշխատանքային բնականոն հարաբերության առկայության մասին, որի վերաբերյալ կասկածները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են նորմ եւ հերթական «խթանը» ստացան օրերս խորհրդարանի պատգամավորներից մեկի անզգույշ հայտարարությունից հետո:

Այդուհանդերձ, դրա վրա հայ-իրանական լարվածություն կառուցելու տեղեկատվա-քարոզչական փորձը արագ կանխվեց, հնարքը չստացվեց: Նախ  պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի եւ Հայաստանում Իրանի ռազմական կցորդի երեւանյան հանդիպումով, իսկ հետո նաեւ Թեհրանում Հայաստանի դեսպանի ու Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետի թեհրանյան հանդիպումով շահարկումների թեման առնվազն այս փուլում փակվեց:

Այդ հանգամանքն իհարկե վկայում է ոչ միայն հայ-իրանական հարաբերության բնականոն ու կայուն ընթացքը, այլ նաեւ Արցախի հարցում իրավիճակի կառավարելիությունն ու հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ կասկածների բացակայությունը: Հակառակ դեպքում Իրանն էլ իր հերթին չէր վերահաստատի իր դիրքորոշման անփոփոխությունը, եթե որեւէ փոփոխություն նշմարվեր այդ երկրի հյուսիսային սահմանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...