Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում խնդրահարույցի պակաս չի զգացվում

- in Միջազգային

Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում հերթական ակտիվ շրջափուլն է սկսվել, որն ունի ինչպես բացահայտ, այնպես էլ առավել խորքային կողմեր:

Օրեր առաջ «Թուրքիային տնտեսապես կործանելու» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները թուրք-ամերիկյան օրակարգային քննարկումներին հետաքրքիր երանգ հաղորդեցին: Թուրքիան, իրեն բնորոշ հռետորաբանությամբ, արտգործնախարարի մակարդակով պատասխանեց, որ «Անկարային հնարավոր չէ վախեցնել որևէ սպառնալիքներով»: Բայց ավելի ուշ կայացավ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը, որն Էրդողանը «դրական» գնահատեց, իսկ Էրդողանի գլխավոր խորհրդականը հայտարարեց, որ հեռախոսազրույցի արդյունքում «տնտեսական սպառնալիքների հետ կապված հարցերը անցյալում են մնացել»: Իր հերթին, ԱՄՆ նախագահը նշեց, որ թուրք-ամերիկյան տնտեսական համագործակցությունը «ընդլայնման հսկայական ներուժ ունի»:

Ավելին, հունվարի 15-ին երկրի օրենսդիրներին դիմելիս Էրդողանը թուրք-ամերիկյան երկխոսության թեման քրդերից և տնտեսական սպառնալիքներից շեղեց դեպի Սիրիայում անվտանգության գոտու ստեղծում, որի ուղղությամբ Թուրքիան վաղուց է ջանքեր գործադրում: Էրդողանը հայտարարեց, որ Թրամփն, ի տարբերություն Օբամայի վարչակազմի, համաձայնություն է տվել թուրք-սիրիական սահմանին «20 մղոն խորությամբ անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի գաղափարին: Թուրքիայի նախագահի հավաստմամբ՝ «անվտանգության գոտին պետք է ստեղծվի Թուրքիայի կողմից, բայց Միացյալ Նահանգների լոգիստիկ և ֆինանսական աջակցությամբ»: Թեև ավելի ուշ Էրդողանը նշել է, որ որևէ հստակ որոշում այս հարցում դեռևս չկա, և առաջիկայում թուրք-ամերիկյան բանակցություններ են ընթանալու այս հարցով: Բացի այդ, Էրդողանը մտադիր է այս հարցը քննարկել նաև հունվարի 23-ին ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպման ժամանակ:

Հասկանալի է, որ Թուրքիայի նպատակը միայն 20 մղոն խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը չէ՝ այն էլ տեղի «բնակչության անվտանգությունն ապահովելու և դեպի Եվրոպա միգրացիան կասեցնելու» նպատակով: Անկարան սիրիական հակամարտության ողջ ընթացքում Սիրիայում իրականացրած իր գործողություններով նպատակ է հետապնդում իր ազդեցությունը տարածել Եփրատից արևելք ընկած ողջ տարածքում, որը կազմում է Սիրիայի ընդհանուր տարածքի 20%-ից ավելին, և հակազդել քրդական ուժերին:

Գերազանցապես հենց այս տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի դուրսբերումը Թուրքիայում ընկալվեց որպես «կանաչ լույս» վաղեմի ծրագրերը կյանքի կոչելու համար: Թերևս, պատահական չէ, որ հունվարի 7-ին The New York Times ամսագրում հրապարակված իր հոդվածում Էրդողանը վստահեցնում էր, որ «Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունի, միակ երկիրն է, որը կարող է պաշտպանել Միացյալ Նահանգների շահերը Սիրիայում»: Ավելին, Էրդողանը պնդում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է իր գործողությունները համակարգել և հավասարապես աշխատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ սիրիական հակամարտության մեկ այլ առանցքային դերակատարի՝ Ռուսաստանի հետ:

Նույն հոդվածում Էրդողանը ներկայացնում է նաև իր տեսլականը Սիրիայում իր ազդեցության գոտու մասին: Մասնավորապես, Թուրքիան նախատեսում է քրդական ուժերի կամ իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծել «կայունացնող ուժ», որը կներառի ներկայացուցիչներ սիրիական հասարակության բոլոր հատվածներից: Էրդողանի պատկերացմամբ՝ այս տարածքները պետք է կառավարվեն համաժողովրդական ընտրության արդյունքում ձևավորված խորհուրդների կողմից՝ բնականաբար, «համապատասխան փորձ ունեցող թուրք պաշտոնյաների խորհրդատվությամբ»:

Ակնհայտ է, որ առաջիկայում թուրք-ամերիկյան օրակարգը բավական հագեցած է լինելու ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերով՝ Սիրիայում թուրքական նոր գործողություն, ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրվող աջակցություն, Սիրիայում թուրքական ազդեցության ամրապնդում, Թուրքիային ամերիկյան Patriot օդային պաշտպանության համակարգերի վաճառք, Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերում, ԱՄՆ-ի հակաիրանական արշավում Թուրքիայի հնարավոր մասնակցություն, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման խնդիր, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր և այլն: Հենց այս հարցերի շուրջ համալիր լուծումներն էլ առաջիկայում կպայմանավորեն թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքը:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ թեև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում խնդրահարույց հարաբերությունների պակաս չի զգացվում, փորձը ցույց է տալիս, որ հրապարակային հայտարարություններից և փոխադարձ սպառնալիքներից զատ՝ ավելի խորքային մակարդակում, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան կարողանում են փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել և համագործակցել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: