«Հինգերորդ ալիք» (նախկինում՝ «Արարատ») հեռուստաընկերության եթերում օրերս ցուցադրվեց «Մարտի 1-ի գործը» «փաստավավերագրական» ֆիլմը: Ֆիլմի հեղինակներն են Ռոման Բաբայանը և Անտոն Գրիշինը: Այս ֆիլմում փորձ է արվում այլ լույսի ներքո ներկայացնել 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունները: 

Ֆիլմում տեղ են գտել մի շարք առանցքային սխալներ և մոլորեցնող դրվագներ, որոնց «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակի թիմը որոշեց անդրադառնալ ստորև:

Տեր-Պետրոսյանի հրաժարականը

Ֆիլմի հենց սկզբնամասում, խոսելով 1997-1998 թթ. իրադարձությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, հեղինակներն անում են հետևյալ պնդումը. «…Պառակտման պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն էր Լեռնային Ղարաբաղի հարցում: 1997 թ. սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ հնարավոր է համարում ղարաբաղյան խնդրի, այսպես ասած, փոխզիջումային լուծումը: Դա նշանակում էր բանակցային գործընթաց Ադրբեջանի և Թուրքիայի հետ և գրեթե հրաժարական Ղարաբաղի անկախության կամ նրա հետ Հայաստանի միավորման պահանջից: Արձագանքը վայրկյանական էր և կոշտ: Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը մեղադրեցին նրան դավադրության և դավաճանության մեջ»:

Եթե մի կողմ թողնենք այս պնդումների առաջին մասի ոչ իրավացի լինելը՝ Հայաստանի՝ Ղարաբաղի հետ միավորում, բանկացային գործընթացներում Թուրքիայի ներառում և այլն, ապա երկրորդ մասում կա ակնհայտ կեղծիք: Նշված անձանցից որևէ մեկը, որևէ հարցազրույցում կամ հրապարակային տեքստում Տեր-Պետրոսյանին չի մեղադրել դավադրության կամ դավաճանության մեջ:

Սոցիոլոգիայի կեղծիքը

Հեղինակները ներկայացնում են «Գելլափ» կազմակերպության հարցումները, համաձայն որոնց, Տեր-Պետրոսյանը չէր հայտնվել հավանական թեկնածուների առաջատար հնգյակում: Վերջին տեղը զբաղեցնում էր Տիգրան Կարապետյանը՝ 5 տոկոս արդյունքով: Սա ինքնին մոլորեցնող տվյալ է: 2008 թվականի ընտրությունների անգամ պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ իրականացված սոցիոլոգիական հարցումները որևէ կապ չեն ունեցել իրականության հետ: Ավելին՝ հարցվածների 60 տոկոսը հրաժարվել է պատասխանելուց:

Քոչարյանը կողքից էր նայում

Ֆիլմի մեկ այլ դրվագում հեղինակները ջանացել են «նսեմացնել» Քոչարյանի ունեցած դերակատարումը 2008-ի իրադարձություններում: «Գործող՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից վերընտրվելու իրավունք չուներ: Իր ղեկավարման երկրորդ ժամկետը վերջանում էր: Նրան ընդամենը մեկ ամիս էր մնացել, որպեսզի հանձնի պաշտոնը հաղթողին: Այդ պատճառով սկզբնական շրջանում այդ ամբողջ գործընթացին նա կողքից էր հետևում»:

Քոչարյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր աջակցությունն այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ավելին, նա իր հարցազրույցներում անդրադարձել է նաև քաղաքականութուն վերադարձած Տեր-Պետրոսյանին, ինչն արդեն ենթադրում է ուղղակի մասնակցություն գործընթացիներին: Ի պաշտոնե, որպես ՀՀ նախագահ, նա չէր կարող գործընթացներին «կողքից հետևել»:

Թոշակի ակնկալիքով

Պատասխանելով «Դուք հարո՞ւստ մարդ եք» հարցին՝ Քոչարյանը պնդում է. «Հայաստանում ամենաքիչը երկու հարյուր, եթե ոչ ավելի, ընտանիքներ նույն հնարավորություններն ունեն, ինչքան իմ ընտանիքը»:

Հայկական և ռուսական լրատվամիջոցները, սակայն, բազմիցս անդրադարձել են Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող ունեցվածքին, որը հատում է մի քանի միլիարդ դոլարի սահմանը: Այդ հրապարակումները ոչ միայն չեն հերքվել, այլ ավելին՝ Հայաստանում որևէ ընտանիք գրանցված դոլարային միլիարդատեր չի համարվում:

Փետրվարի 19-ը

«Բայց ամենահետաքրքիրը սկսվեց ընտրությունների օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին: Ընտրատարածքները դեռ չփակված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսեց բողոքի ցույցեր անել»:

2008 թվականի փետրվարի 19-ին որևէ բողոքի ցույց տեղի չի ունեցել: Հանրահավաքները սկսվել են փետրվարի 20-ից:

Բանակը

Ներկայացնելով բանակի դերակատարությունը 2008-ի իրադարձություններում՝ ֆիլմի հեղինակները փորձում են հիմնավորել այն տեսակետը, թե բանակի զորամիավորումները ներառվելու էին ցուցարարների կողմից, և Քոչարյանին հաջողվել է կասեցնել ռազմական հեղաշրջումը:

Այնինչ, Տեր-Պետրոսյանը, իր ելույթում անդրադառնալով ՊՆ փոխնախարարներին, արձանագրում է. «…նրանք, այդ երկուսը ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից բանակի Գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևյալն է, որ բանակի հրամանատարությունը, հանձինս Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի, հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին: Որ թույլ չեն տա բանակը խառնվի քաղաքականությանը և գործադրվի սեփական ժողովրդի դեմ (21.02.2008թ.)»: Բանակն ավելի ուշ, հայտնի 0038 հրամանով խառնվեց այս գործընթացներին և կիրառվեց իշխանությունների կողմից, որը Սահմանադրության կոպտագույն խախտում էր:

Չգտնված զենքեր

«Ըստ ոստիկանության տվյալների, վրաններում մթերվում են մեծ քանակությամբ երկաթյա ձողեր, նռնակներ ու հրազեն»:

Ինչպես հայտնի է, ոստիկանության այս հայտարարությունն անգամ նախորդ իշխանությունների քննչական գործողությունների արդյունքում որևէ կերպ չհիմնավորվեց:

Անհիմն խուզարկություն

«Մարտի 1: Առավոտ: Ազատության հրապարակ են ուղարկվել ոստիկանական ուժեր: Ոստիկանությունն անցնում է տեղանքի ու վրանների զննմանը»:

Եթե անգամ սա խուզարկություն է եղել ոստիկանության կողմից, ապա դա հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Գործողությունները, որոնք չեն ունեցել իրավական հիմքեր, սկսվել են 6։40 րոպե՝ ավելի շուտ, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:

Կեղծված զենքեր

Խոսելով մարտի մեկի առավոտյան իրադարձությունների մասին՝ հեղինակները նշում են. «Վկաներն ասում էին, որ բողոքողները զինված էին մահակներով և երկաթե ձողերով, դա շատ լավ երևում է տեսագրված կադրերում»:

Մինչ ցերեկային բախումները, ցուցարարները չեն ունեցել պաշտպանական միջոցներ: Ֆիլմի հեղինակներն իրենց պնդումն արդարացնելու համար ցուցադրում են արդեն մարտի մեկի՝ լույս երկուսի գիշերային կադրեր, որը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում:

Գաղտնալսում

«Ընդդիմության առաջնորդները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են հավաքում մարդկանց»: Որպես այս մտքի ապացույց՝ հեղինակները կիրառում են Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Արզումանյանի խոսակցության գաղտնալսումը:

Գաղտնալսումից, սակայն, պարզ է դառնում, որ հավաքն ինքնաբուխ է և ընդդիմության առաջնորդները չեն ուղղորդել ցուցարարներին հավաքվել նշված վայրում:

Բարիկադներ

«Բոլոր պայմանավորվածությունները փոխվում են, և նա (Նիկոլ Փաշինյանը) հայտարարում է, որ նրանք Տեր-Պետրոսյանից բոլորովին այլ հրահանգ ունեն: Պետք է բարիկադավորվել, պետք է իշխանություններին դիմադրություն ցույց տալ և այլն, և այլն». Ռ. Քոչարյան:

Նիկոլ Փաշինյանն այս բովանդակության հայտարարությամբ հանդես չի եկել:

Խանութների թալանը

«Դա փաստ է, ես նրանց տեսել եմ, ես նրանց խփում էի: Հերիք չէ, որ նրանք կոտրում էին այդ խանութների ցուցափեղկերը, նրանք այնտեղից ամեն ինչ գողանում էին, քարշ էին տալիս, մարոդյորներ: Նրանք սկսեցին արկղով կոնյակներ կոտրել, ես կասեի, որ 200 շշից ավելի տեսակավոր կոնյակ են կոտրել: Դա թափթուկների ավազակախումբ էր». Դ. Շահնազարյան:

Հնարավոր է՝ ֆիլմի հեղինակները մոնտաժել են Շահնազարյանի խոսքի հատվածի այս մասը: Իրականությունը հետևյալն է. խանութների թալանը տեղի է ունեցել ցույցերի վայրից բավականին հեռու: Մարտի մեկի գործով անցնող որևէ ցուցարարի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել գողության, թալանի հոդվածով: Հետագայում արդեն, մամուլի հրապարակումներից և փաստահավաք խմբի նյութերից պարզ է դառնում, որ այդ թալանում ներգրավված են եղել ՀՀԿ վստահված անձինք:

Չգողացված զենքը

«Երբ ոստիկանական մեքենա վառեցին և ծեծեցին ոստիկանների, գողացան նրանց զենքերը, այդ ոստիկանների հաշվառված զենքերը…»․ Ռ. Քոչարյան:

Ցուցարարներից որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել ոստիկանի զենք գողանալու մեղադրանքով:

10-ամյա սուտ

«Երեկոյան ստորագրեցի արտակարգ իրավիճակ մտցնելու հրամանագիրը, ստորագրեցի, երբ արդեն մի քանի տասնյակ վիրավոր ոստիկաններ կային»․ Ռ. Քոչարյան:

22։15-ից սկսած՝ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ կան վիրավոր ոստիկաններ և թալանվում են խանութներ: Խանութների թալանը սկսվում է Քոչարյանի հայտարարությունից կես ժամ անց, իսկ տասնյակ վիրավոր ոստիկանների մասին հաղորդագրություններն ավելի ուշ են ստացվում:

Մի քանի նկատառում

Ֆիլմում տեղ են գտել բազմաթիվ այլ սխալներ և մոլորեցնող հնարքներ: Չկա անդրադարձ հայտնի 0038 գաղտնի հրամանին, որը տրվել է դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ: Հեղինակները խիստ ընտրողաբար և իրական համատեքստից կտրված են ներկայացնում դիտորդական առաքելությունների գնահատականները: Նույն կերպ են վարվում նաև Վիքիլիքսի հայտնի հրապարակումների հետ: Վաղուց ապացուցված է, որ բանակը կիրառվել է ներքաղաքական գործընթացներում, սակայն այս հատվածը հեղինակները ևս շրջանցում են: Բազմաթիվ դրվագներում հիշատակվում է, որ ցուցարարները զինված են եղել, սակայն որևէ քրեական գործով չի ապացուցվել ցուցարարների կողմից ապօրինի զենք կրելը կամ կիրառելը:

Հիշեցնենք, որ «Հինգերորդ ալիքը» նախկին «Արարատ» հեռուստաընկերությունն է, որն այժմ պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանին։

Հ. Գ. Ֆիլմի ստեղծողները տարբեր բանախոսների ներկայացրել են, թե նկարահանում են ֆիլմ, որը նվիրված է մարտի մեկի զոհերին: Հետագայում, սակայն, նրանք մոնտաժել են բանախոսների խոսքը և ներկայացրել ըստ հայեցողության:

Վահրամ Թոքմաջյան; fip.am

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...